Tag Archives: Samvel Dainelyan

ՀՊՖՆ-ի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն արդեն 14 տարի “ուղղորդվում են” նույն քաղաքականությամբ

February 10th, 2014
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) 2014թ. սկսեց հիշարժան համերգով: «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում աշխարհահռչակ Պենդերեցկուն նվիրված համերգաշարն ավարտվեց Ֆիլհարմոնիկի ելույթով: Մեկ երեկոյի ընթացքում լեհ անվանի կոմպոզիտորի ստեղծագործությունները ղեկավարեցին ինքը՝ Պենդերեցկին եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Իր սիմֆոնիայի թոփչյանական մեկնաբանման առիթով էլ հեղինակն «Առավոտին» ասել էր՝ «այս ընթերցումը դեռ երկար կհնչի ականջիս»: Հանդիպեցինք ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանին՝ տեղեկանալու, թե մինչ ընթացիկ համերգաշրջանի ավարտը ինչ ծրագրեր ունի Ֆիլհարմոնիկը: Տիկին Սիրունյանը հայտնեց, որ նվագախմբի առաջիկա ելույթը նշանակված է փետրվարի 11-ին. «Այդ օրը եւ ամսի 13-ին կներկայացնենք Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը: Տոսկայի դերերգով հանդես կգա ճանաչված օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ում հետ այս առիթով Թոփչյանը բանակցել էր դեռեւս անցյալ տարվանից: Հաջորդ մեր ելույթը «Ռեքվիեմ» խորագրով փետրվարի 19-ին է՝ նվիրված ականավոր դիրիժոր Աբբադոյի հիշատակին, ում հետ պատիվ է ունեցել անձամբ շփվել, նրա փորձերին ներկա գտնվել ու խորհուրդներ ստանալ Էդուարդ Թոփչյանը»: Ինչպես սպասվում էր, Ֆիլհարմոնիկը այս տարի էլ, մինչեւ հաջորդ համերգաշրջանը, կշարունակի գործունեությունը՝ իր որդեգրած քաղաքականության համաձայն, այն է՝ հայաստանցի երաժիշտներից բացի, Ֆիլհարմոնիկի հրավերով նվագախմբի հետ իբրեւ մենակատարներ ելույթ կունենան արտերկրյա ճանաչված դեմքեր, կհնչեն հայաստանյան եւ համաշխարհային պրեմիերաներ եւ կանցկացվեն հայ մեծանուն երաժիշտներին նվիրված հոբելյանական երեկոներ: «Ֆիլհարմոնիկը կհյուրընկալի դիրիժորներ Պավել Կոգանին (Ռուսաստան), Լավարդ Սքու-Լարսենին եւ Իսրայել Յինոնին (Գերմանիա), ընդ որում՝ նվագախումբը վերջինի ղեկավարությամբ եւ տաղանդավոր ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի մեկնաբանմամբ կհնչեցնի համաշխարհային պրեմիերա՝ Հանս-Պետեր Դոթի ջութակի կոնցերտը: Հայաստանում առաջին անգամ կկատարվի ֆրանսաբնակ մեր հայրենակից Միշել Պետրոսյանի դաշնամուրի կոնցերտը: Մեր հրավերը սիրով ընդունել են ճանաչված երաժիշտներ, դաշնակահարներ Դորա Սերվիարյան Կունը (ԱՄՆ), Ռեմի Ժընիեն (Ֆրանսիա) եւ այլն: Շուրջ 4 ամիս Ֆիլհարմոնիկը հանդիսատեսին կներկայացնի ինչպես համաշխարհային դասական գրականության գլուխգործոցներ, այնպես էլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»: Կանխելով մեր հարցը, թե հայաստանցի դիրիժորներից ո՞վ կղեկավարի նվագախումբը, Ռուզաննա Սիրունյանը նախ նշեց, թե մշտապես Ֆիլհարմոնիկի դիրիժորական վահանակի առջեւ են կանգնել նաեւ հայաստանցի դիրիժորներ, հետո էլ ասաց. «Ապրիլին պլանավորված է իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի եւ նվագախմբի համերգը, որը կղեկավարի Ռուբեն Ասատրյանը»: Տիկին Սիրունյանը հատուկ շեշտեց, որ հայ կոմպոզիտորների գործերի պրոպագանդման նպատակով ձեւավորում են համագործակցության նոր համակարգ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության հետ: Նշենք, որ այս ծրագիրն «աշխատել» է նախորդ տարիներին նույնպես, մինչեւ անցյալ տարեվերջին կոմպոզիտոր Արամ Սաթյանի՝ միության նախագահ դառնալը: «Մարտին կնշենք անվանի կոմպոզիտոր Արամ Սաթունցի 100-ամյակը»,- հավելեց մեր զրուցակիցը: Հետաքրքրվեցինք՝ բացի ամենուրբաթյա համերգներից, որոնք բնականաբար համաձայնեցվում է մշակույթի նախարարության հետ, որեւէ մեծամասշտաբ նախագիծ պլանավորվա՞ծ է: «Այս պահին կոնկրետ ամիսն ու ամսաթիվը նշել չեմ կարող, սակայն նվագախմբի, հրավիրված ռեժիսորի եւ մեներգիչների մասնակցությամբ կներկայացվի Վերդիի «Ռիգոլետոն»,- հայտնեց տիկին Սիրունյանը: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ դադարեցվե՞լ են նվագախմբի ելույթները բուհերում, ինչը ժամանակին իրականացնում էին: «Հիմնական նպատակը, որ ուսանողությունը, երիտասարդությունը կապվի դասական արվեստի հետ, կարծում եմ՝ մասամբ դա մեզ հաջողվեց, բուհերում կայացած ելույթների շնորհիվ: Այսօր Ֆիլհարմոնիկի համերգներին հաճախում են մեծ թվով երիտասարդներ»,- հավաստիացրեց տնօրենը: Տարածված խոսակցությունների առիթով, թե հնարավոր է «Արամ Խաչատրյան» համերգասրահը երկար ժամանակով փակվի՝ նորոգման պատճառով, տիկին Սիրունյանն ասաց. «Համերգասրահը տեխնիկայի վերջին ճիչով վերազինման աշխատանքները պլանավորված է սկսել հունիսից, ինչի ականատեսը կլինի հանդիսատեսը՝ սեպտեմբերից հաճախելով մեր համերգներին: Ի դեպ, գալիք համերգաշրջանը կսկսենք ավանդաբար անցկացվող Դասական երաժշտության երեւանյան միջազգային 8-րդ փառատոնի մեկնարկով»: Զրույցի ավարտին Ռուզաննա Սիրունյանը հատուկ շնորհակալություն հայտնեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին՝ այս համերգաշրջանին դարձյալ իրենց կողքին լինելու համար: ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ «Առավոտ» օրաթերթ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/02/08/429671/

© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer