Tag Archives: http://www.iravunk.com

ԼԵԳՐԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ՎԱՅՐ ԴՆԵԼ ԴԻՐԻԺՈՐԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ

Vlad MouradyanOctober 24th, 2012
by
under Uncategorized.
No Comments.

Կենդանի լեգենդ, աշխարհահռչակ կոմպոզիտոր ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆԸ Հայաստանում էր: Սա Լեգրանի երկրորդ այցն էր պատմական հայրենիք: Նա մեկ համերգով ներկայացավ ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում` երեւանյան 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Նշենք, որ 80-ամյա կոմպոզիտորին ուղեկցում էր նրա կյանքի անբաժան ընկերուհին, կինը` Քեթրին Միշելը, ով Փարիզի օպերային թատրոնի մենակատար տավղահարուհի է:

80-ամյակին նվիրված հոբելյանական համեգին Լեգրանը ոչ միայն դաշնամուրի, այլ նաեւ դիրիժորական վահանակի մոտ էր, ինչը շատերի համար անսպասելի էր: Նվագախմբին չափ տալու իր որոշման մասին Լեգրանը հայտնել էր փորձի հենց առաջին օրվա ընթացքում, բնականաբար, մաեստրոյի կամքը` դիրիժորական փայտիկը ձեռքից վայր չգցելը, ի կատար էր ածվել հրավիրող կազմի կողմից, սակայն բեմում տեղ-տեղ իրավիճակը փրկել է ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ջութակ Արամ Ասատրյանը: Որպես շնորհակալություն Լեգրանը մոտեցել ու ջերմ ողջագուրվել է ջութակահարի հետ:
Ի դեպ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը ունեցել է ընդամենը երկու փորձի հնարավորություն: Իսկ Լեգրանի համերգային ծրագիրը, ըստ երաժշտագետների, պահանջում է առնվազն 3-4 փորձ: Լեգրանի էստրադային, ջազային ստեղծագործությունների կատարումները բավականին բարդ են, անհրաժեշտ են պրոֆեսիոնալ հմտություններ, ինչն էլ մեկ անգամ եւս ցուցադրեց Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախումբը, որի մասին Լեգրանը գոհունակությամբ խոսել է իր հայաստանյան հարցազրույցներում:
Նշենք, որ համերգի ընթացքում հնչեցվել է ՙԵրեք հրացանակիրներ՚, ՙՀակադրում՚, ՙՄեկ անգամ ամռանը՚, ՙԸնտանեկան ֆուգո՚, ՙՇերբուրգյան հովանոցներ՚, ՙԻմ սրտի հողմաղացները՚ եւ այլն:
Համերգի նախօրեին կոմպոզիտորը մասնակցեց հյուրանոցային համալիներից մեկում կազմակերպված մամլո ասուլիսին, շփվեց լրագրողների հետ: Նա, ի դեպ, հենց սկզբից ասաց, որ ծննդյան տոնակատարություններ նշելը իր բանը չէ:
Լեգենդար երաժիշտը նկատեց, որ տարիքը չի համարում իրեն զարդարող հանգամանք` հավելելով, որ չէր ցանկանա վերստին ապրել իր կյանքի որեւէ շրջան, քանի որ անցյալից չունի կախվածություն:
ՙԻրավունք՚-ի այն հարցին, թե ինչ է հարկավոր մաեստրոյին ստեղծագործելու համար, Լեգրանի պատասխանը հետեւյալն էր. ՙՍեր եւ կիրք՚:
Լրագրողներից մեկի հարցին էլ, թե ինչ է ցանկանում որպես նվեր Հայաստանից իր հետ տանել, Լեգրանն ասաց, որ կցանկանար Մարտիրոս Սարյանի կտավներից մեկը ունենալ իր տանը:
Ի դեպ, կոմպոզիտորը ասաց նաեւ, որ բուռն ստեղծագործական կյանքով է ապրում. ավարտել է իր առաջին բալետը, երաժշտական ֆիլմի նկարահանումները, իսկ օրեր առաջ` մինչ Երեւան գալը, համերգ է տվել Ճապոնիայում:
Համաձայն մեր ունեցած տեղեկությունների, Լեգրանը Հայաստան էր ժամանել առողջական որոշակի խնդիրներով: Այդ իսկ պատճառով որեւէ էքսկուրսիա նրա համար Հայաստանում չի կազմակերպվել:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 3.8/5 (3 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)

Tags:.

spacer