Ջութակը` ռոքի ու դասականի արանքում

Karine HarutyunyanMarch 20th, 2013
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Ջութակահար Արամ Ասատրյանը այն 4-5 երաժիշտներից է, որոնք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում են 1990-ականներից: Ասատրյանը կարծում է, որ տարիների ընթացքում ֆիլհարմոնիկը շատ է փոխվել. երաժիշտներն աճել են, հնչողությունը` նույնպես: Ըստ նրա` ֆիլհարմոնիկը ազգի և պետության հայելին է, եւ յուրաքանչյուր իրադարձություն վերարտադրվում է երաժշտության միջոցով: 2010-ին, երբ Հայաստան էր եկել Յան Գիլանը, Ասատրյանը տարերքի մեջ էր. նա ոչ միայն ներկա էր լինում Գիլանի յուրաքանչյուր համերգին, այլեւ համերգից հետո ժամանակն անցկացնում էր Գիլանի հետ: Ասատրյանը նաեւ նվագում է Վահագն Պապայանի հիմնադրած«Oaksenham» ռոք խմբում:

-Ջութակը ռոքում սիրո՞ւմ եք:

-Այո, լավ է լսվում: Շատ չեմ սիրել ջութակը ռոքում, բայց վերջերս սկսել է դուր գալ եւ ոչ թե այն պատճառով, որ ես էլ եմ սկսել նվագել, ուղղակի խմբերում`«King Crimson», «Yes», հաճախ են օգտագործում ջութակ, եւ դա ինձ համար մի քիչ անսովոր էր:

 

-Երբեւէ կմտածեի՞ք, որ Յան Գիլանի հետ մեկ բեմում կլինեք:

-Ոչ, դա երազի պես մի բան էր: Նույնիսկ այն պահին, երբ պարզվեց, որ նա Հայաստան է գալու, անհավատալի էր: 1997-ին, երբ առաջին անգամ Գիլանը եկել էր Հայաստան, բոլոր 4 համերգներին էլ գնացել էի, անգամ բախտ էր վիճակվել շփվել հետը: Իսկ այն, որ նրա հետ կհամագործակցենք, կընկերանանք, համերգից հետո ամեն օր միասին կանցկացնենք, աներեւակայելի մի բան էր, որի մասին դեռ երկար կհիշեմ:


-Նկատե՞լ եք, որ ռոքի լսարանը, հատկապես` երիտասարդները մի տեսակ փնտրտուքների մեջ են:

-Նրանք, ովքեր փնտրտուքների մեջ են, մեր ժամանակներում էլ կային: Ռոքի եւ դասականի հանդիսատեսը շատ քիչ է` ի տարբերություն էստրադայի եւ ռաբիսի: Ռոքն ու դասականը այդ առումով նույն կարգավիճակում են: Ռոքի մեջ կոնկրետ տարանջատում կա. կան մարդիկ, ովքեր սիրում են The Beatles, Deep Purple, Led Zeppelin, որոնք The Beatles վրա են մեծացել, մյուսները սիրում են փանկ ռոք, հեւի-մեթալ, եւ այս խումբը, կարծես,  չի սիրում«սանրված բիթլզների» վիճակը, որ ուզում են ինչ-որ մի բանով տարբերվել: Այդ առումով վերջիններս փնտրտուքների մեջ են:

 

-Փորձե՞լ եք դասականի հետ համադրել ռոքի տարրեր:

-Ստեղծել չէ, քանի որ դա նույն բանն է, ինչ կոմպոզիտոր լինելը. եթե տաղանդ ունես, արա, եթե` ոչ, դա վերածվում է հորինելուն: Մեր կոմպոզիտորների մեծամասնությունը հենց դրանով է զբաղված, նրանք ոչ թե գրում են, այլ հորինում: Իսկ ինչ վերաբերում է խառնելուն, ապա ֆիլահարմոնիկ նվագախումբը փորձում է նման ինչ-որ բան անել. ուզում ենք սիմֆո-ռոք մի նախագիծ իրականացնել` ներկայացնելով ռոքի հիթերը՝ գործիքավորված նվագախմբի համար, ինչն աշխարհում բավական ընդունված է:

-Ժամանակակից ռոք խմբերին ծանո՞թ եք: Օրինակ` ամերիկյան «Black Keys» ռոք խումբն այս տարի«Գրեմմի» ստացավ չորս անվանակարգում:

-Ես մի փոքր պահպանողական եմ այս հարցում, ես հին երաժշտություն եմ սիրում ու այն հին մարդկանց, ովքեր հիմա աշխատում են: Նորերին ոչ շատ լավ գիտեմ եւ ոչ էլ այն երաժշտությունն է, որն ինձ դուր է գալիս: Նորերից ավելի շատ մի քանի փոփ արտիստների եմ հավանում, օրինակ` Քրիստինա Ագիլերային: Դասականում էլ եմ պահպանողական եւ նոր երաժշտությունը շատ դժվարությամբ եմ ընդունում:

-Համամի՞տ եք այն կարծիքին, որ, օրինակ, ռոքն ագրեսիա է առաջացնում, իսկ դասականը` հանգստացնում:

-Երկուսն էլ սխալ են: Ով ուզում է ագրեսիվ լինել, նա Մոցարտ լսելիս էլ ագրեսիվ կլինի: Մարդիկ էլ կան, որ հեւի-մետալ լսելիս հաճույք են ստանում եւ հանգստանում: Դա մարդու խառնվածքից է գալիս, եւ ամենեւին էլ կապ չունի, թե ինչ երաժշտություն է լսում:

-Կարելի՞ է ասել, որ կոնցերտմայստերը նվագախմբի դեմքն է:

-Այո: Կոնցերտմայստերը, սովորաբար, իրենից անկախ կազմավորում է նվագախմբի մթնոլորտը: Սովետական այն մտածելակերպը, թե անփոխարինելի մարդիկ չկան, սխալ է. յուրաքանչյուր մարդ անհատականություն է եւ ամեն ինչ իր ձեւով է անում: Բայց, միևնույն է, լավից լավն էլ է լինում:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (2 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
Ջութակը` ռոքի ու դասականի արանքում, 5.0 out of 5 based on 2 ratings

spacer

Leave a Comment