Երեւանյան երաժշտական փառատոն

September 10th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

 

 

 

 

5-րդը մեկնարկել է  

Bravo.am, 11.10.11

Սեպտեմբերի 9-ին հինգերորդ անգամ մեկնարկել է Երեւանյան երաժշտական միջազգային փառատոնը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այն նվիրում է Հայաստանի Հանրապետության 20-ամյակին եւ նվագախմբի 85-ամյա հոբելյանին:

“Արամ Խաչատրյան” համերգասրահում կայացած բացման համերգի ծրագիրը խորհրդանշական էր. հնչել են Երվանդ Երկանյանի “Հերոսական” ռապսոդիան՝ նվիրված Անկախության 20-րդ տարեդարձին եւ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան:

Երեւանյան երաժշտական փառատոնի մեկնարկային տոնական համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը`գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը

Տասը համերգից բաղկացած փառատոնի շրջանակներում Երեւան կժամանի եւ համերգներին կմասնակցի համաշխարհային դասական երաժշտության ավելի քան տասնհինգ հանրահայտ ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ հայ հանդիսատեսի համար կատարելու Մոցարտի, Բեթհովենի, Պրոկոֆեւի, Շումանի, Բրամսի, Ստրավինսկու ստեղծագործություններից:

Ի դեպ, Երեւանյան փառատոնի շրջանակներում երաժիշտները կներկայացնեն ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային երաժշտություն:  Բացի դրանից, տեղի կունենան վարպետության դասեր հայ երիտասարդ երաժիշտների համար, որոնք կվարեն փառատոնի համարյա բոլոր հյուրերը:

Երեւանյան երաժշտական միջազգային 5-րդ փառատոնը մեկնարկել է

Երեւանյան երաժշտական միջազգային 5-րդ փառատոնը կուղեկցվի նաեւ լուսանկարչական ցուցահանդեսով: Հանդիսատեսին կներկայացվի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությունը ներկայացնող լուսանկարների նոր շարքը, կցուցադրվեն նաեւ  հայ դասական երաժշտության մեծանուն գործիչների արխիվային լուսանկարները, որոնց հեղինակը Վահան Քոչարն է: Լուսանկարները կցուցադրվեն “Արամ Խաչատրյան” դահլիճի նախասրահում:

Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ  մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են էդուարդ Թոփչյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment