Քանի դեռ ինձ հավատացողներ կան, չեմ նահանջելու

Maria HovsepyanSeptember 12th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Երեկ Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգով տրվեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկը։ Ֆիլհարմոնիկը 12 տարի է, ինչ ղեկավարում է Էդուարդ Թոփչյանը։ Նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը «Օրակարգի» հետ զրույցում ասում է, թե ուզում է, որ Հայաստանի ֆիլհարմոնիկը մոտակա տարիներին հայտնվի եվրոպական լավագույն նվագախմբերի շարքում, իր դեմքն ունենա, ճանաչված և հարգված լինի աշխարհում։

-Մաեստրո, ինչպե՞ս որոշեցիք երաժշտությամբ զբաղվել։

-Երբ վեց տարեկան էի, մայրս որոշեց, որ պիտի երաժշտությամբ զբաղվեմ, և տարավ ինձ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, ջութակի դասարան: Մեր ընտանիքում երաժիշտներ չեն եղել, բայց բոլորը շատ սիրում են և գիտեն դասական երաժշտություն: Իսկ ես պիտի կրթություն ստանայի, որ սիրեի ու հասկանայի երաժշտությունը: Հայրս կտրականապես դեմ էր, որ երաժիշտ դառնամ, բայց դպրոցն ավարտելիս զգացի, որ չեմ կարող բավարարվել միայն երաժշտություն լսելով, և որոշեցի ինքս էլ նվագել։

-Իսկ ինչո՞ւ հրաժարվեցիք ջութակից և ինչպե՞ս դարձաք դիրիժոր։

-Պատահական ստացվեց, չնայած ես միշտ դիրիժորի մասնագիտության նկատմամբ մեծ հարգանք եմ ունեցել: Թեև ջութակահար էի՝ առավոտից գիշեր օպերաներ էի լսում և սովորում: Ուսանելու տարիներին շատ էի սիրում կամերային անսամբլներ, և իմ համակուրսեցիների հետ կազմում էինք տրիո, կվարտետ, նույնիսկ օկտետ ունեինք, որը երկու տարի ակտիվ գործում էր: Հետագայում, երբ ստեղծվեց «Սերենադ» նվագախումբը, ընկերներս առաջարկեցին ղեկավարել այն: Այդպես ես դարձա դիրիժոր:

-Մի՞թե այլևս ջութակ չեք նվագում։

- Չէ, այսինքն՝ ակտիվ չեմ նվագում, բայց կարող եմ: Շատ քիչ դասավանդում եմ՝ իբրև հոբբի: Մի քանի աշակերտ եմ ունեցել և հիմա էլ մեկն ունեմ, բայց կարծում եմ՝ նա վերջինը կլինի։ Շատ մեծ է պատասխանատվությունը, ժամանակ է խլում: Տաղանդավոր ուսանողներ եմ ունեցել, և նրանցից շատերը բարձունքների են հասել: Սակայն այսօր կարիերա հարթելը շատ բարդ է: Ես ուրախ եմ, որ ունեցել եմ ուսանողներ, բայց զգում եմ, որ հետագայում այլևս ուժ չեմ ունենա այդ գործով զբաղվելու:

-Նվագախումբը նույն գործիքն է դիրիժորի ձեռքերում։ Տարբե՞ր են զգացմունքները, երբ երաժշտությունը կատարում եք ջութակի և նվագախմբի միջոցով։

-Գործիք լավ նվագելը շատ դժվար է: Բացառիկ նվիրում, ամենօրյա աշխատանք է պահանջում: Մեծ հաջողությունների հասած շատ երաժիշտներ ասում են. «Ես երբեք երեք ժամից ավելի չեմ պարապում»: Ես նրանց չեմ հավատում, որովհետև գործիք նվագելը նույնիսկ սպորտ է: Տեխնիկային կատարելապես տիրապետելու դեպքում է միայն հնարավոր արտահայտել այն, ինչ զգում ես: Իմ կյանքում այդպիսի պահ եղել է, երբ ես լավ եմ ջութակ նվագել և գիտեմ, թե ինչ է դա:

Նվագախմբի հետ աշխատելն ավելի հեշտ է: Լավ դիրիժորները սովորաբար լավ նվագախումբ են ունենում, և նրանց աշխատանքը սկսում է առօրեական բնույթ կրել. գալ, հմտությունները կիրառել, գիտելիքը փոխանցել: Ու եթե լավ է այդ աշխատանքը կատարվել, համերգի ժամանակ հնարավոր է դառնում ստեղծագործել: Երբեմն ինձ թվում է, որ ինչպես ջութակ կնվագեի, այդպես հիմա նվագախումբն եմ նվագում:

-Եղե՞լ է, որ տարակուսեք՝ կարո՞ղ եք իրագործել պարտիտուրը, թե՞ ոչ։

-Միշտ: Հիմա է՛լ ավելի կասկածամիտ եմ դարձել ինքս իմ նկատմամբ: Երբ երիտասարդ էի, շատ ինքնավստահ էի, հիմա շատ եմ պայքարում ինքս ինձ հետ, ընկերներիս հետ: Երբեմն մի բան ստացվում է, երբեմն՝ ոչ:

Նույն ստեղծագործությունները նախկինում և հենց այս պահին կատարում են տասնյակ փայլուն դիրիժորներ ու նվագախմբեր: Պետք է կարողանալ յուրովի ներկայացնել սեփական ասելիքը: Եթե մտածում ես, որ ամեն ինչ կարող ես, կնշանակի՝ ընդամենը հիմար ես:

-Կա՞ն ստեղծագործություններ, որոնք դեռ չեք համարձակվում կատարել։

-Շատ։ Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները բազմիցս կատարել եմ՝ բացի 3-րդից: Ինձ հարցնում են՝ ո՞րն է այդ սիմֆոնիայի դժվարությունը։ Զգում եմ, որ կա հատուկ դժվարություն: Մինչև անցյալ տարի նույնը կատարվում էր 9-րդ սիմֆոնիայի հետ: Տարիներ շարունակ նայում էի, վերադառնում, բայց չէի համարձակվում կատարել:

Վագների օպերաները, օրինակ: Մի քանիսը շատ լավ գիտեմ, բայց ոչ մի կերպ չեմ համարձակվում ղեկավարել:

Բայց դիրիժորությունն այն մասնագիտությունն է, որով կարելի է զբաղվել մինչև կյանքի վերջ, և տարիների ընթացքում ոչ թե կորցնել, այլ ավելի հմուտ, իմաստուն, փորձված դառնալ: Կյանքն առջևում է, ես բավական մեծ ռեպերտուար ունեմ և չեմ շտապում, քանի որ դիրիժորական կյանքի առաջին հատվածում եմ գտնվում, և կարիք չկա հիմա ձգտել կատարել այն ամենը, ինչի ժամանակը դեռ պիտի գա:

-Որքանո՞վ եք կարևորում Ձեր անձնական դերը նվագախմբում, որքանո՞վ պիտի արտահայտված լինի Ձեր հեղինակությունը։

-Գիտե՞ք, վիճելի հարց է, մարդուց է կախված: Կան հիանալի դիրիժորներ, որոնք բացարձակ կտրված են նվագախմբից, չեն շփվում երաժիշտների հետ, միայն պահանջում են հետևել իրենց հրահանգներին: Բայց, օրինակ, Կլաուդիո Աբադոն, որին ես պաշտում եմ և որի մոտ հնարավորություն եմ ունեցել ուսանելու, շատ դեմոկրատ ղեկավար էր: Իրեն բոլորն անունով էին դիմում, փորձերը չափազանց հանգիստ մթնոլորտում էին ընթանում: Այդ ոճը ես փորձում եմ կիրառել նաև մեր նվագախմբում: Երաժշտությունը ղեկավարելուց բացի՝ որևէ իշխանություն ինձ պետք չէ, և դրանից այսքան տարի չեմ տուժել:

-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։

-Ես ուզում եմ, որ մեր նվագախումբը մոտակա տարիներին հայտնվի եվրոպական լավագույն նվագախմբերի շարքում: Այսօր մենք  ունենք որակ, ցանկացած տեղում կարող ենք նվագել՝ մեզ ծափ կտան, բայց չեմ ուզում կանգ առնել դրա վրա: Ուզում եմ, որ նվագախումբն իր դեմքն ունենա, ճանաչված և հարգված լինի աշխարհում: Սկսել ենք երաժիշտներ հրավիրել Եվրոպայից։ Իսպանիայից մի գալարափողահար ունենք արդեն, ի վերջո՝ 11 հրավիրյալ երաժիշտ կաշխատի նվագախմբում:

Գիտեմ, բոլորը մտածում են, որ աշխարհահռչակ նվագախմբերը ձևավորվում են դասական երաժշտության դարավոր ավանդույթներ ունեցող երկրներում, բայց դա այդպես չէ: Վենեսուելան, որ մինչև տասը տարի առաջ որևէ ավանդույթ, կապված ակադեմիական երաժշտության հետ, չի ունեցել, հիմա ամեն ինչ ունի: Միջոցներ են ներդրել, դպրոց ստեղծել, արդեն 800 սիմֆոնիկ նվագախումբ ունեն՝ անհնար է պատկերացնել։ Դրանցից երեքը, ընդ որում, շատ լավն են:

Իսկ մեզ մոտ ասում են՝ մեզ պետք չէ հիսուն կլարնետահար, որտե՞ղ պիտի աշխատեն: Սխալ մոտեցում է, որովհետև հիսուն կլարնետահար պիտի ունենանք, որոնցից մեկը կարող է փայլուն լինել: Նվագում են միլիոնները, որոնցից մի քանիսն են դառնում փայլուն, ոմանք էլ՝ լավ: Համենայնդեպս, քանի դեռ ես աշխատում եմ Հայաստանի ֆիլհարմոնիկում, և քանի դեռ ինձ հավատացողներ կան, չեմ նահանջելու:

-Տարեսկզբից Իսպանիայի Premium Symphony Orchestra-ի գլխավոր հրավիրյալ դիրիժորն եք։ Բազմիցս հերքել եք ֆիլհարմոնիկից հեռանալու մասին ասեկոսեները. ի՞նչն է Ձեզ պահում։

-Ֆիլհարմոնիկը երբեք իմ կամքով չեմ լքի: Եթե ստացվի, որ ստիպված լինեմ, գուցեև ուրախանամ, քանի որ այն, բոլոր իր հրաշքներով հանդերձ, հսկայական հոգս է, որի մեծ մասն իմ ուսերին է: Արտասահմանում դիրիժորները գաղափար չունեն, թե իրենց երաժիշտներն ինչքան են ստանում և ինչ խնդիրներ ունեն: Հիմա մենք էլ լավ մենեջերական կազմ ունենք, բայց միևնույն է, ես պիտի մտածեմ իմ երաժիշտների մասին: Առաջ մտածում էի, որ կարող եմ ապրել Հայաստանում և ստեղծագործել արտերկրում, բայց հիմա համոզված եմ, որ եթե ֆիլհարմոնիկը չլինի, ես կգնամ Հայաստանից, միգուցե անվերադարձ։

Զրուցեց Մարիա Հովսեփյանը

http://civilnet.am/2012/09/11/%D6%84%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BC-%D5%AB%D5%B6%D5%B1-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BF%D5%A1%D6%81%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B9%D5%A5%D5%B4-%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1/#.UE9ouT9JniQ.facebook

Երեքշաբթի, 11 սեպտեմբեր, 2012 – 15:36

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment