ՁԱՅՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ…

Vlad MouradyanJuly 10th, 2012
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.

 ՙԻրավունքը՚ տեղեկացրել էր, որ օրերս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ)` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, պատրաստվում էր ներկայացնել այս համերգաշրջանի ամենասպասված իրադարձություններից մեկը` Պուչինիի` ՙՏուրանդոտ՚ օպերայի համերգային կատարման պրեմիերան: Հայ հանդիսատեսի դատին այն հանձնվեց հուլիսի 3-ին եւ 6-ին: Հիշեցնենք, որ ՙՏուրանդոտը՚ առաջին անգամ հնչեցվեց Հայաստանում, եւ պրեմիերան բազմիցս ընդմիջվեց  ինքնաբուխ ծափահարություններով:

Համերգից հետո ՙԻրավունքը՚ զրուցեց Տուրանդոտի դերերգով հանդես եկող ՍԻՐԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:

Նշենք, որ երգչուհին 1996 թվականին ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը եւ զուգահեռաբար սովորել է Ելենա Վարդանյանի դասարանում, որի  ղեկավարությամբ ավարտել է նաեւ ասպիրանտուրան: Սիրանուշ Գասպարյանը Ավ. Իսահակյանի անվան մրցույթի դափնեկիր է: Մասնակցել է Չայկովսկու անվան եւ Մոնսերատ Կաբալյեի անվան միջազգային մրցույթներին: 2009 թվականին Մյունխենի International Musikwettbewerb der ARD մրցույթում արժանացել է Barenreiter Original Text Prize մրցանակին: Այժմ լսենք երգչուհուն.

ՙԷդուարդ Թոփչյանի հետ առաջին անգամն է մեր համագործակցությունը: Մինչ այդ համագործակցել եմ Ռուբեն Ասատրյանի հետ եւ հանդես եկել այս հրաշալի նվագախմբով: Երեք տարի առաջ ես եկա Թոփչյանի մոտ, որպեսզի նա իմանա, որ նման երգչուհի գոյություն ունի: Մաեստրոն ունկնդրումից հետո միանգամից ասաց, որ ձայնս Տուրանդոտի ձայն է, բայց մտավախություն ուներ, որ Տուրանդոտ երգելով կարող է ՙկորցնեմ՚ ձայնս: Այնուամենայնիվ, չդիմացա եւ սովորեցի Տուրանդոտի դերերգը եւ նորեն ներկայացա մաեստրոյին…՚:

Ձայնը կորցնելու մտավախություն ինքը` երգչուհին, ինչպես պարզվեց, չի ունեցել: Թեպետ նրա գործընկերներն ու դասական երաժշտությունից բանիմաց մարդիկ հորդորում էին հրաժարվել Տուրանդոտ երգելու մտքից. ՙՈւմ ասում էի, որ պետք է Տուրանդոտ երգեմ, բոլորը միաձայն շոկի մեջ էին ընկնում ու շտապում ասել, որ նման բան հանկարծ չանեմ: Բայց  կոնսերվատորիայի իմ դասախոսը` Ելենա Վարդանյանն ու ամերիկյան անվանի երգչուհի Գրես Բամբրին, ում մոտ վարպետության դասընթացների եմ հաճախում տարին մի քանի անգամ, միաբերան պնդեցին, որ դա իմ ՙպարտիան՚ է, եւ վախենալու ոչինչ չկա: Դրանից հետո սկսեցի հանգիստ աշխատել՚,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ վերջերս միայն ստիպված է եղել հրաժարվել պաղպաղակից` ձայնը խնայելու համար, թեպետ որեւէ պրոֆեսիոնալ խորամանկությունների երբեւէ չի դիմել:

Մեր այն հարցին, թե ինչու Սիրանուշ Գասպարյանին հանդիսականը չի տեսնում օպերային թատրոնի բեմում, եւ արդյոք երբեւէ չե±ն առաջարկել իրեն հանդես գալ օպերային ներկայացման մեջ, հետեւյալ պատախանը տրվեց. ՙԴրսում առաջարկներ եղել են, սակայն մերժել եմ, քանի որ ինձ համար հոգեհարազատ են համերգային կատարումները: Ինչ վերաբերում է մեր օպերային թատրոնին, ապա երբեւէ չեմ դիմել: Չեմ կարծում, որ այնտեղ կմերժեն ինձ: Պարզապես օպերայի խաղարկային մասը այնքան էլ իմը չէ՚,- նշեց երգչուհին` հավելելով, որ Երեւանում հաճախ է մասնակցում համերգների, սակայն ոչ մեծ մասշտաբների:

ՙՏուրանդոտը ինձ համար մեծ հաղթանակ էր: Ուրախ եմ, որ իմ կատարած աշխատանքը հավանեց հանդիսատեսը… Զգացի նրա անկեղծ ջերմությունը՚:

Աշնանը Ս. Գասպարյանը պատրաստվում է մեկնել վարեպտության դասընթացների: Այն կանցկացնի Գրես Բամբրին: Երգչուհու իսկ փոխանցմամբ այնտեղ էլ կորոշվեն առաջիկա համերգային ծրագրերը: Բամբրին, վարպետության դասընթացներից զատ, մասնակիցների համար նաեւ հատուկ համերգներ է կազմակերպում, որտեղ հրավիրում է անվանի դիրիժորների, մենակատարների…

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
ՁԱՅՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ…, 5.0 out of 5 based on 1 rating

Tags:, .

spacer

Leave a Comment