Հայաստանում առաջին անգամ կհնչի «օպերաների օպերան»

Maria HovsepyanJuly 2nd, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Պուչինիի «Տուրանդոտ»-ը

Հուլիսի 3-ին և 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի տարվա ամենասպասված պրեմիերաներից մեկը՝ Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերան: Համաշխարհային օպերային խաղացանկի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը Հայաստանում կհնչի առաջին անգամ՝ առայժմ համերգային կատարմամբ:

Պուչինին «Տուրանդոտ»-ը գրել է կյանքի վերջին տարիներին՝ այդպես էլ չհասցնելով ավարտին հասցնել այն։ Օպերայի պրեմիերան կայացել է Միլանի Լա Սկալայում՝ 1926-ին։ Ավարտական մասի կեսից դիրիժոր Արտուրո Տոսկանինին վայր է դրել դիրիժորական փայտիկը և հայտարարել. «Օպերան ավարտվում է այստեղ, քանի որ հենց այս պահին մահը խլեց գրիչը կոմպոզիտորի ձեռքից»։

Հիմնվելով կոմպոզիտորի էսքիզների վրա՝ օպերան ավարտին է հասցրել Պուչինիի կրտսեր գործընկեր Ֆրանկո Ալֆանոն: Չնայած հետագայում մի քանի կոմպոզիտորներ ևս առաջարկել են «Տուրանդոտ»-ի ավարտի իրենց տարբերակները, ֆիլհարմոնիկը կատարելու է հենց Ալֆանոյի ամբողջացրած օպերան։ Նվագախմբի դիրիժոր և ղեկավար գեղարվեստական Էդուարդ Թոփչյանը հենց այս աշխատանքն է Պուչինիին առավել մոտ համարում: «Ալֆանոն ավելի շատ էսքիզներ է ունեցել, քան, օրինակ՝ Զյուսմայերը Մոցարտի «Ռեքվիեմ»-ի համար: Նրա աշխատանքը Պուչինիի մտահղացման ամենամոտ իրականացումն է»,- կարծում է դիրիժորը։

Պուչինիի «Տուրանդոտ»-ը հեքիաթային պատմություն է, որի իրադարձությունները ծավալվում են Պեկինում։ Երեք գործողությամբ օպերայում դեպքերը բավական արագ են զարգանում. «Պուչինին ժամանակի հիանալի զգացողություն է ունեցել»,- համարում է Թոփչյանը:

Նշենք, որ օպերային ստեղծագործությունների համերգային կատարումները պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համար այսօր առավել քան կարևոր են՝ հաշվի առնելով Հայաստանի միակ օպերային թատրոնի սուղ հնարավորություններն ու մեծ դժվարությամբ նորացվող խաղացանկը: Դրանք հնարավորություն են ընձեռում երաժշտասերներին վայելելու օպերային արվեստի փայլուն նմուշները։ Այս անգամ Ֆիլհարմոնիկի նվերը կրկնակի արժեքավոր է, քանի որ Պուչինիի օպերան նույնիսկ խոշոր և աշխարհահռչակ օպերային թատրոնների կողմից հազվադեպ է բեմադրվում՝ բարդության պատճառով։

Էդուարդ Թոփչյանն ասում է, որ դեռևս յոթ տարի առաջ է ունեցել «Տուրանդոտ»-ն ամբողջությամբ կատարելու մտահաղացումը։ Սակայն այն տարիներին դժվարությունները նրան անհաղթահարելի են թվացել։ «Մենք չունեինք Տուրանդոտ: Չգիտեի՝ ով կարող է ստանձնել չափազանց բարդ այդ դերերգը: Չէի պատկերացնում նաև, թե Հայաստանում հնարավոր կլինի գտնել երգիչներ Պինգ-Պանգ-Պոնգ եռյակի համար»,- պատմում է Թոփչյանը։

Լուծումը պատահական է գտնվել. լսելով ու հավանելով երիտասարդ սոպրանո Սիրանուշ Գասպարյանի կատարումը՝ Թոփչյանն այդպես էլ չի համարձակվել նրան Տուրանդոտի դերերգն առաջարկել։ «Ես չէի կարող նրան առաջարկել դերը, նա կարող էր պարզապես կորցնել իր ձայնը»,- ասում է դիրիժորը։ Սակայն որոշ ժամանակ անց Սիրանուշ Գասպարյանն ինքն է եկել դիրիժորի մոտ՝ արդեն պատրաստի դերերգով: «Ես հասկացա, որ նրա ձայնը յուրահատուկ է, և «Տուրանդոտ»-ը չի կարող վնասել այն»,- որոշել է դիրիժորը:

Փիլիսոփա քաղաքական գործիչների դերերի համար ևս շուտով երգիչներ են գտնվել. Պինգի, Պանգի և Պոնգի դերերգերը կատարելու են երիտասարդ մեներգիչներ Պերճ Քարազյանը, Գուրգեն Բավեյանը և Սարգիս Աղամալյանը: Մոտ մեկ ու կես ամիս առաջ, երբ խումբը սկսել է փորձերը, հայտարարված էր, որ գլխավոր՝ Կալաֆի դերում հանդես կգա Արա Ավանյանը։ Սակայն վերջին պահին Ավանյանը չի կարողացել մասնակցել։ Այս մասի մոտ 45 տարբեր կատարում լսելուց հետո չորս օր առաջ Թոփչյանը կանգ է առել հարավկորեացի Էնրիկո Լիի թեկնածության վրա: Տենորն ընդամենը երկու օր է ունեցել նվագախմբի հետ փորձերի համար։

Վաղը ֆիլհարմոնիկի հետ հանդես կգա նաև Ռիչարդ Մադլենյանը։ Երգիչը համարում է, որ Թիմուրի դերը հրաշալի հնարավորություն է օպերային արվեստ վերադառնալու համար։ «Սա լուրջ հայտ է, քանի որ դերերգը երգեցողական մեծ վարպետություն է պահանջում»,- կարծում է Էդուարդ Թոփչյանը:

Ի տարբերություն Պուչինիի մնացած, ավելի կամերային օպերաների, «Տուրանդոտ»-ն առանձնանում է լայնածավալ երգչախմբային հնչեղությամբ, որը երևանյան կատարման ժամանակ կապահովեն Հայաստանի պետական ակադեմիական և մանկական «Սպեղանի» երգչախմբերը: Ամենադրամատիկ՝ քնքուշ Լիուի դերում հանդես է գալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հաճախ համագործակցող սոպրանո Իրինա Զաքյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Էդուարդ Թոփչյանը նշեց, որ երազում է տեսնել օպերայի լիարժեք բեմականացումը Հանրապետության Հրապարակում: «Դա իմ տեսիլքն է, որը մի քանի հարյուր հազար դոլար արժե: Բայց եթե կարող ենք ավելի մեծ գումարներ ծախսել երգիչներ հրավիրելու համար՝ ինչո՞ւ ոչ «Տուրանդոտ»-ի բեմականացման համար»,- ասաց դիրիժորը:

Ավելացնենք միայն, որ համերգային կատարումը շատ ավելի մեծ հաճույք կարող է պարգևել իրական երաժշտասերին։ Ու ինչպես նշում է Կալաֆի դերակատար տենոր Էնրիկո Լին՝ այն առավել մեծ կենտրոնացում և պրոֆեսիոնալիզմ է պահանջում թե՛ երգիչների, թե՛ երաժիշտների կողմից, որոնց ոչ մի թերացում չի քողարկի շքեղ կոստյումը կամ լուսային հարուստ ձևավորումը։

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, , , .

spacer

Leave a Comment