Ռուսական դպրոցը վերադարձրեց մեզ գերմանական կատարողական արվեստը. Բերնդ Գլեմզեր

Maria HovsepyanJune 21st, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Դաշնակահարը խոսում է գերմանական կատարողական դպրոցի և դաշնամուրի ապագայի մասինՃանաչված գերմանացի դաշնակահար Բերնդ Գլեմզերն արդեն չորրորդ անգամ համերգով հանդես կգա Երևանում: Երաժիշտը, որը երկար ճանապարհ է անցել՝ հարավային Գերմանիայի փոքր բնակավայրերից մեկից մինչև ամենամեծ բեմեր, այսօր դասվում է աշխարհի առաջատար դաշնակահարների խմբին: Չնայած չափազանց մեծ նվագացանկին՝ նրան հռչակ են բերել ռուս կոմպոզիտորների, հատկապես՝ Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունների կատարումները: Այս անգամ դաշնակահարը Երևանում ներկայացնելու է Չայկովսկու թիվ 2 դաշնամուրային կոնցերտը: Համերգից առաջ Գլեմզերը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսել է իր կարիերայի սկզբնական շրջանի, գերմանական կատարողական դպրոցի և դաշնամուրի ապագայի մասին:

-Ինչպե՞ս սկսվեց Ձեր կարիերան, և ինչու՞ որոշեցիք դաշնակահար դառնալ:

-Չի կարելի ասել, որ ես հետևողականորեն պատրաստվում էի մենակատարի կարիերային: Ես պարզապես ցանկանում էի լավ կրթություն ստանալ, որը կներառեր նաև երաժշտության ուսումնասիրությունը: Դպրոցն ավարտելուց հետո զգացի, որ ավելի հակված եմ շարունակելու երաժշտական կրթությունը, քան դառնալու մաթեմատիկոս կամ որևէ այլ բան: Բայց կրկնում եմ՝ դա ինչ-որ հատուկ մեծ ցանկություն չէր, իմ ընտրությունը բավական ինքնաբուխ էր, և եթե ծնողներս գեթ մի անգամ կասկած արտահայտեին կամ հակառակը՝ ճնշում գործադրեին, ես կմտափոխվեի: Բարեբախտաբար, նրանք ձեռնպահ մնացին:

Կարելի է ասել, որ ես ուշ եմ սկսել, քանի որ մինչև 19 տարեկանը համերգներով գրեթե չէի հանդես եկել: Հետո սկսեցի մրցույթների մասնակցել, և դա արդեն որոշեց իմ ապագան: Այնպես որ, չի կարելի ասել, որ ես բոլոր ուժերով ձգտել եմ դաշնակահար դառնալ, պարզապես իրադարձություններն այնպես զարգացան, որ ես շատ բնական ճանապարհով հասա ներկա վիճակիս:

-1890-ից ի վեր Դուք առաջինն եք, ում հաջողվել է անընդմեջ տասնյոթ մրցույթի հաղթող դառնալ: Մի՞թե դա չլցրեց Ձեզ խանդավառությամբ, ի՞նչ անդրադարձ ունեցան այս հաղթանակները:

- Ես հասկացա, որ չեմ ցանկանում հրթիռի նման վեր թռչել և հետո դադարել գոյություն ունենալ: Ամեն մրցույթին ես ավելի ու ավելի պատասխանատու էի վերաբերվում, ավելի լավ պատրաստվում:

-Միգուցե նման սթափ վերաբերմունքի պատճառն այն է, որ գերմանացի՞ եք:

-Ոչ, Գերմանիայում էլ շատ երաժիշտներ կան, որոնք մի քանի տարվա ընթացքում աստղի պես փայլելուց հետո հանգչում են, սպառվում: Խնդիրն այն է, որ զարգացում ունենալու համար ժամանակ է հարկավոր, քանի որ ճնշումը շատ մեծ է: Այսօր կատարողական մակարդակը շատ բարձր է, և բարդ է մրցունակ մնալ: Պետք է անընդհատ աշխատել և փորձ ձեռք բերել, նվագել տարբեր մակարդակի նվագախմբերի հետ, այլ ոչ թե միանգամից հայտնվելով Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողքին՝ թուլանալ ու մտածել, որ ապագադ ապահովված է:

-Դուք հայտնի եք նաև իբրև Գերմանիայի ամենաերիտասարդ պրոֆեսոր: Ձեզ հրավիրել են դասավանդելու դեռևս ուսանելու տարիներին, ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

- Սաարբրյուկենի երաժշտական ակադեմիայում թափուր տեղ կար, և երբ ինձ առաջարկեցին, ես ասացի որ պետք է մտածեմ, քանի որ շատ երիտասարդ եմ դեռ նման աշխատանքի համար: Ես խորհրդակցեցի տարբեր մարդկանց հետ և որոշեցի ընդունել առաջարկը: Այդ աշխատանքը շատ օգնեց ինձ, քանի որ լուծեց իմ ֆինանսական խնդիրները, ինչը ինձ ժամանակ և ուժ տվեց աշխատելու նաև իմ՝ իբրև կատարողի զարգացման վրա:

-Ձեր երգացանկում հատուկ տեղ են զբաղեցնում ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները: Պատճառը Ձեր ռուս ուսուցի՞չն է` Վիտալի Մարգուլիսը:

-Ես սկսեցի պարապել Մարգուլիսի մոտ 16 տարեկանում: Բնականաբար, նրա կարծիքով՝ ռուսական երաժշտությունը լավագույնն է: Այդ ժամանակ դա զարմանալի էր ինձ համար, քանի որ Գերմանիայում վերապահորեն էին մոտենում ռուս կոմպոզիտորներին՝ «Օ՜, Չայկովսկի, այո, երբեմն վատը չէ»… և այլն: Այժմ, իհարկե, այդպես չէ: Բայց Մարգուլիսը նաև հարում էր դաշնամուրային կատարողական գերմանական դպրոցին, քանի որ նրա ուսուցիչը ծագումով գերմանացի էր: Շատ հետաքրքիր է, ինչպես են այդ ազդեցությունները շրջել Գերմանիայից Ռուսաստան, այնուհետև նորից Գերմանիա: Գերմանական կատարողական դպրոցի ավանդույթները շատ ավելի հին են, սակայն դրանք կոպտորեն ընդհատվել էին Երրորդ ռեյխի տարիներին, երբ Գերմանիայի լավագույն երաժիշտները արտագաղթել էին երկրից, և շատերը հայտնվել էին Ռուսաստանում ու ԱՄՆ-ում: Այնպես որ, անցյալ դարի 60-70-ականներին գերմանական կատարողական դպրոցը շատ ցածր մակարդակի էր հասել: Լսելով այդ տարիների գերմանացի կատարողներին՝ ես զգում էի, որ նրանց երաժշտությունը չոր է: Իմ սիրտն ինձ ասում էր, որ Շումանի, Մենդելսոնի, Բրամսի երաժշտությունը չի կարող չոր լինել: Եվ Մարգուլիսի մոտ ուսանելու տարիներին հասկացա, որ ռուսական դպրոցը վերադարձնում է մեզ իրական գերմանական կատարողական արվեստը:

-Դուք շատ տարբեր երաժշտություն եք կատարում` բարոկկոյից մինչև ժամանակակից: Ի՞նչ հմտություններ է պահանջում բազմաբնույթ երաժշտության կատարումը:

- Իհարկե, դա շատ դժվար է: Արտիկուլյացիան է տարբեր, երգեցողությունը, հնչողությունը: Պիտի զգույշ ու ուշադիր լինես, կարողանաս արագ տրամադրվել, հատկապես, երբ մի համերգի ընթացքում համադրում ես մի քանի ժամանակաշրջանի երաժշտությունը: Երբեմն ստացվում է ընկղմվել կոմպոզիտորի աշխարհ, երբեմն՝ ոչ:

-Արդյոք շարունակու՞մ եք սովորել, լսու՞մ եք այլ կատարողների:

- Ժամանակ առ ժամանակ գնում եմ համերգների: Երբեմն մտածում եմ` ոչ, ես այսպես չեմ անի, երբեմն էլ` այո, ինչ լավ գաղափար է: Բայց իրականում հազվադեպ եմ ուրիշ կատարողների լսում:

-Տարածված կարծիք կա, որ երաժշտությունը մեծ մասամբ մաթեմատիկա է, և միշտ կարելի է հաշվարկել, լսել, հասկանալ, թե ինչպես է այս կամ այն կատարողը հասնում իր ցանկացած հնչողությանը: Միևնույն ժամանակ, կան երաժիշտներ, որոնց «ինտուիտիվ» են անվանում, որնոք հենվում են միայն զգացականի վրա: Ինչպիսի՞ն եք Դուք:

- Ես համաձայն եմ, որ երաժտության հիմքում կա մաթեմատիկական մաս: Որոշակի առումով, այո, դա այդպես է, սակայն ես համաձայն չեմ չափաբաժնի հետ: Երաժշտությունը մեծապես ոգի է, զգացմունք, ոճ, գույն, որոնք մաթեմատիկական կանոններին չեն հետևում: Երաժշտության էությունը մաթեմատիկական չէ:

-Ի՞նչ կարծիքի եք այսօր դաշնամուրի համար գրվող ստեղծագործությունների մասին:

-Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ վերջին 30 տարվա ընթացքում գրված երաժշտությունը հարմար չէ դաշնամուրի համար: Ես նորագույն շրջանի բազմաթիվ հրաշալի ստեղծագործություններ եմ լսել՝ գրված լարայինների համար, սակայն դաշնամուրի համար` ոչ: Միգուցե պատճառն այն է, որ դաշնամուրը 19-րդ դարի գործիք է, այն չի փոխվել և իդեալական է այդ ժամանակաշրջանի երաժշտության կատարման համար: Կարծում եմ՝ նոր երաժշտության համար այն պետք է փոխվի, ինչպես փոխվել է կոմպոզիտորական լեզուն, որը շարունակում է հարմար մնալ ջութակի, ալտի, թավջութակի համար, սակայն ոչ՝ դաշնամուրի:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր ապագան:

-Հուսով եմ, որ կկարողանամ նվագել երկար տարիներ: Դաշնամուրի համար գրված երկացանկը, այնուամենայնիվ, ահռելի է, այնպես որ ես դեռ երկար տարիների գործ ունեմ:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment