Հայտնի սրահներից հետո՝ նաեւ «Արամ Խաչատրյան»

May 9th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Նարե Արղամանյանի համար «կանաչ լույս» է վառել ճապոնացի դաշնակահար Միցուկո Ուչիդան

Վիեննաբնակ երիտասարդ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նարե Արղամանյանը Ցյուրիխի, Բեռլինի, Վիեննայի, Դորտմունդի, Տոկիոյի, Թել-Ավիվի եւ այլ հայտնի համերգասրահներում մենահամերգներ ունենալուց, ամերիկյան, կանադական եւ այլ նվագախմբերի հետ համերգներից հետո, առաջին անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 9-ին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան), ներկայացավ հայ երաժշտասերին:

«Առավոտը» դաշնակահարուհու հետ զրույցը սկսեց հետեւյալ հարցով՝ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի պրոֆեսոր Ա. Գուրգենովի դասարանն ավարտելուց հետո ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեց Վիեննայի Երաժշտության եւ կատարողական արվեստների համալսարանում:

«Հարցի ենթատեքստը, այն է՝ ինչո՞ւ չդիմեցի Երեւանի կոնսերվատորիա, հասկացա: Ստացվեց այնպես, որ ճապոնացի աշխարհահռչակ դաշնակահար Միցուկո Ուչիդայի ձեռքն էր ընկել դահլիճից արված երեւանյան մենահամերգիս ձայնագրությունը: Նա հետաքրքրվել էր, գտել ինձ ու 2004-ին հրավիրել Վիեննա՝ այնտեղ ուսումս շարունակելու առաջարկով, ընդ որում՝ իր պրոֆեսորի՝ Հայնց Մեջիմորեի դասարանում»,- հայտնեց Նարեն:

Հավելեց նաեւ, որ ճապոնացի դաշնակահարը մինչ օրս հետաքրքրվում է իր ստեղծագործական ճակատագրով, ուղղորդում է իրեն եւ արդյունքում 2010թ. շարունակում է կատարելագործվել Հանովերում՝ անվանի երաժիշտ Արի Վարդիի մոտ: Դաշնակահարուհին ներկայացրեց 2005թ. սկսած միջազգային հեղինակավոր մրցույթներում (Պոնտոսի, Մոնրեալի, Վիեննայի Յոզեֆ Դիխլերի անվան, Վալենսիայի Ջոզե Ռոքհայի) իր հաղթանակները:

Կատակեցինք, թե 22-ամյա արվեստագետը որոշել է մասնակցել բոլո՞ր հնարավոր եւ անհնար մրցույթներին: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Մրցույթը այն միջոցառումն է, ինչի շնորհիվ ոչ միայն հայտնի է դառնում ձեռք բերածդ, այլեւ պարզ է դառնում երաժշտի «թույլ տեղը», որի ուղղությամբ սկսում ես աշխատել»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է արեւմուտքի մասնագետների կարծիքը հայկական դաշնամուրային դպրոցի մասին: Նարեն հավաստիացրեց, թե եվրոպացիների կարծիքը ոչ միայն դրական է, այլեւ գործնական՝ ճանաչված դաշնակահարներ վերջին շրջանում վարպետության դասեր են անցկացնում Երեւանի կոնսերվատորիայում: Նա նաեւ կատակեց, թե իրեն էլ դիմում են՝ մեր երկրի մասին տեղեկություններ իմանալու համար:

Որոշել է ընդմի՞շտ ապրել ու ստեղծագործել Եվրոպայում: Այս հարցին դաշնակահարուհին ասաց, որ Եվրոպայում բնակվելն ու ստեղծագործելը մեկ մեծ առավելություն ունի՝ մի երկրից մյուսը գնալ-գալը հեշտ է, թեկուզ հենց ժամանակի առումով: Նշեց նաեւ, որ իրեն հասնում են այնպիսի տեղեկություններ, թե հայաստանցի երաժիշտները միշտ չէ, որ կարողանում են մասնակցել արեւմուտքում կայացող մրցույթներին, վարպետության դասերին, որովհետեւ խնդիրներ են առաջանում՝ կապված դեսպանատների հետ:

Զրույցի ավարտին Նարեն հայտնեց, որ 2012-13թթ. համերգաշրջանում նախատեսված են իր ելույթները ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի նվագախմբերի հետ, ինչպես նաեւ մենահամերգները՝ Բոստոնի, Ֆիլադելֆիայի, Վաշինգտոնի, Նյու Յորքի, Լոնդոնի եւ այլ քաղաքների համերգասրահներում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

ՄԱՅԻՍ 9, 2012 13:35

http://www.aravot.am/2012/05/09/68943/

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment