Ալդո Սիսիլոն ռոմանտիկ երեկո կպարգևի հայ երաժշտասերներին

Maria HovsepyanMay 3rd, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջիկա համերգը նվիրված է ռոմանտիզմի շրջանի մեծագույն կոմպոզիտորներին: 

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մայիսի 4–ին հանդես կգա իտալացի դիրիժոր Ալդո Սիսիլոյի ղեկավարությամբ: Նա երկրորդ անգամ է համագործակցելու նվագախմբի հետ, սակայն երկու տարի առաջ ձեռք բերած համատեղ աշխատանքի փորձը դեր չի խաղա, քանի որ ներկայացվելիք ստեղծագործություններից մեկը`  Մենդելսոնի «Շոտլանդական» սիմֆոնիան, երկար տարիներ չի հնչել Հայաստանում և երաժիշտներից շատերի համար նորություն է:  

Երկու օր «Արամ Խաչատրյան» համերգասրահում փորձեր են անցկացվել: Նման աշխատանքը Ալդո Սիսիլոյի համար սովորական է, քանի որ նա հաճախ է հանդես գալիս որպես հրավիրյալ դիրիժոր: Բացի այդ, Մոդենայի թատրոնը, որը նա ղեկավարում է, չունի սեփական նվագախումբ և տարին մի քանի անգամ` օպերային  և համերգային տարեշրջանների ընթացքում, այստեղ հանդես է գալիս հավաքական նվագախումբ` ամեն անգամ նոր կազմով: Դիրիժորն ասում է, որ դժվարություններն անխուսափելի են, քանի որ երբեմն ստիպված է լինում աշխատել «կարծրացած» նվագախմբերի հետ, որոնք գրեթե չեն արձագանքում: Ստեղծված իրավիճակում Սիսիլոն նաև դրական կողմեր է տեսնում: «Այսպիսի աշխատանքը հետաքրքիր է նրանով, որ շատ տարբեր մարդկանց հետ շփվելով`  հարուստ փորձ եմ կուտակում»,-ասում է նա  և ավելացնում, որ որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկի հետ աշխատելը հաճելի է, քանի որ այն յուրահատուկ մթնոլորտ ունի:

Համերգի մենակատարը Սվետլանա Նավասարդյանն է, որին կարիք չկա ներկայացնել. նրա համերգները երևանյան երաժշտասերների կողմից սպասված իրադարձություն են: Դաշնակահարուհին տարին մի քանի ամիս անցկացնում է արտերկրում` հանդես գալով բարձրակարգ նվագախմբերի և դիրիժորների հետ: Նա իր արվեստը ներկայացրել է ավելի քան քառասուն երկրում, այդ թվում`Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Ավստրալիայում: Տպավորիչ է նաև Նավասարդյանի կատարած երկացանկը, որը ներառում է Բախի` չորս, Մոցարտի` երեք դաշնամուրային կոնցերտները, Շումանի, Ռախմանինովի, Պրոկոֆևի, Շոստակովիչի կոնցերտները, ինչպես նաև բազմաթիվ այլ կլավիրային ստեղծագործություններ Բեթհովենի, Շումանի, Լիստի, Դեբյուսիի, Հինդեմիտի ժառանգությունից:

Այս համերգին դաշնակահարուհին կներկայացնի Բրամսի համար մեկ դաշնամուրային կոնցերտը, որը, չնայած թվացյալ պարզությանը, բավական բարդ է կատարման առումով: «Սվետլանան էներգիայով լի է: Այս կոնցերտը դժվարագույններից է, ու մենակատարը պիտի կենտրոնացնի և ֆիզիկական, և մտավոր ջանքերը, քանի որ բացի այն, որ սա վիրտուոզային ստեղծագործություն է, կոնցերտը նաև շատ երկար է և մեծ ուժ է պահանջում մենակատարից»,-ասում է Ալդո Սիսիլոն:

Մենդելսոնի «Շոտլանդական» սիմֆոնիան կհնչի երկրորդ բաժնում: Երիտասարդ կոմպոզիտորն իր երրորդ սիմֆոնիան գրել է Անգլիա և Շոտլանդիա ձեռնարկած ճանապարհորդությունից հետո: Բրիտանական կղզիներում ստացած տպավորությունները վերածվել են ձևով բարդ, ժամանակի համար նորարար ստեղծագործության:

Ալդո Սիսիլոն խոստովանում է, որ շատ ուրախ էր, երբ ՀՖՆ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն առաջարկենց հենց այդ ստեղծագործությունը, քանի որ այն գերազանց համապատասխանում է իտալացու խառնվածքին:  «Սիմֆոնիայում կան հրաշալի լիրիկական հատվածներ, որոնց հաջորդում է փայլուն, ցնծուն երաժշտություն: Ես սիրում եմ այս ստեղծագործությունը,  քանի որ չնայած տարբեր լարվածության հատվածների, այն շատ հավասարակշռված է»,- անկեղծանում է դիրիժորը:

Այս տարեսկզբից էդուարդ Թոփչյանը ստանձնել է Տոլեդոյի նորաստեղծ Premium Symphony Orchestra-ի հրավիրյալ դիրիժորի պաշտոնը և տարեկան մի քանի ամիս բացակայելու  է երկրից: Հետևաբար Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն իր հերթին այսուհետ ավելի հաճախ է հանդես գալու հրավիրյալ դիրիժորների ղեկավարությամբ: Ալդո Սիսիլոն ասում է, որ դիրիժորը նույնքան ազդեցություն ունի նվագախմբի վրա, որքան նվագախումբը` դիրիժորի: Այս պնդումը նվագախմբի ապագայի վերաբերյալ վստահություն է ներշնչում.  ինչը կարող է ավելի օգտակար լինել արդեն կայացած նվագախմբի համար, որքան նոր փորձով և տպավորություններով հարստացած գեղարվեստական ղեկավարը, իսկ վերջինիս համար` թարմ հայացքի ու այլ մոտեցումներին ծանոթ նվագախումբը:

http://civilnet.am/2012/05/03/%D5%A1%D5%AC%D5%A4%D5%B8-%D5%BD%D5%AB%D5%BD%D5%AB%D5%AC%D5%B8%D5%B6-%D5%BC%D5%B8%D5%B4%D5%A1%D5%B6%D5%BF%D5%AB%D5%AF-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AF%D5%B8-%D5%AF%D5%BA%D5%A1%D6%80%D5%A3%D6%87%D5%AB-%D5%B0/

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Leave a Comment