Տարօրինակ ազգի տարօրինակ ճակատագիր

Karine HarutyunyanApril 25th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Ինչպես միշտ, այս տարի էլ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հատուկ ելույթ կունենա` ոգեկոչելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Այսօր ՀՊՖՆ-ն հանդես կգա համերգով, որի ժամանակ կհնչի Ռոսինիի«Stabat Mater» ստեղծագործությունը: Համերգին մասնակցում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): Որպես մենակատարներ` հանդես կգան հայազգի հռչակավոր մեներգիչներ Կարինե Բաբաջանյանը՝ սոպրանո (Գերմանիա), Ջուլիետ Գալստյանը` մեցցո-սոպրանո (Շվեյցարիա), Պերճ Քարազյանը` տենոր (Հայաստան), Հայկ Դեինյանը` բաս (Գերմանիա): Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը: Համերգն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և «Փյունիկ» համահայկական հիմնադրամի` «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» ծրագրի շրջանակներում:

 Stabat Mater-ը Աստվածամորը ձոնված երկ է, որի առաջին մասում ներկայացվում են Մարիամ Աստվածածնի տառապանքները Քրիստոսի խաչելության ժամանակ, իսկ երկրորդ մասում` մեղսավորը ջերմագին խնդրում է իրեն դրախտի արժանացնել հետմահու կյանքում: Ստեղծագործության անվանումը ծագել է 13-րդ դարի իտալացի պոետ դի Տոդիի տեքստի առաջին տողից, որը հնչում է այսպես` Stabat Mater dolorosa` կանգնած էր Տիրամայրը վշտաբեկ:

 Թոփչյանը նշեց, որ իրենք ամեն տարի որեւէ մեսսա են կատարում` ապրիլի 24-ի զոհերի հիշատակին նվիրված` Մոցարտի, Վերդիի կամ որեւէ այլ ստեղծագործողի«Ռեքվիեմ»-ը կատարելով: Ըստ նրա` այս տարի ընտրվել է «Stabat Mater»-ը, քանի որ Հայաստանում մեկ-երկու անգամ, ճիշտ է, կատարվել է այն, սակայն մեծ ճանաչում չունի:

 «Անցել են տարիներ. գրեթե 100 տարի. հաճախ ուզում ես մտածել, որ այն մարդիկ, որոնք այս ահավոր ոճիրը գործեցին, նրանք չեն, որոնք այսօր կան, այսօրվա թուրքերը չեն: Մյուս կողմից` նրանք անազնիվ կերպով հերքում են Ցեղասպանությունը: Շատ եմ մտածել այդ հարցի շուրջ. եթե ես լինեի, կասեի` եղել է, այո, շատ ենք ցավում, մենք չենք եղել, մեր պապերն են եղել. ինչպես գերմանացիներն արեցին»,- ասում է Թոփչյանն ու հավելում, որ մեկ է, վերջ ի վերջո, թուրքերն ընդունելու են այդ փաստը, քանի որ ամեն ինչ «տանում» է դրան:

 Ջուլիետ Գալստյանը պատմեց, որ առաջին անգամ ֆիլհարմոնիկի հետ որպես դաշնակահարուհի է հանդես եկել: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը, ապա նա կարծում է, որ, լաց լինելով, ոչնչի չենք հասնի, քանի որ, ըստ նրա, մեր պարտականությունն է այնպես անել, որ աշխարհն ընդունի այն ոչ թե մեզ խղճալով, այլ մեզ հետ հավասարը հավասարի պես խոսելով:

 «Նախօրեին մենք տեսանք, թե ինչպիսի խանդավառություն էր Հայաստանում, երբ Երեւանը պաշտոնապես Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսն էր ստանձնում: Այդքան երեխաներ, այդքան կենսուրախություն. մենք այս ամենով պետք է դրսին զարմացնենք` ցույց տալով, որ մենք կրթված ենք, ունենք գիրք եւ հարուստ մշակույթ, սպորտ: Մեզ չեն կոտորել, մեզ կոտորել չի լինի»,- ասում է Գալստյանը` հավելելով, որ զոհվածներին ոգեկոչելու միջոցառումներ են կազմակերպվում նաեւ Ֆրանսիայի մի շարք երկրներում. «Ամբողջ աշխարհի հայերը այդ օրը բռունցք են դառնում»:

 Կարինե Բաբաջանյանը շատ ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռվել հանդես գալ Հայաստանում. «Շնորհիվ Էդուարդ Թոփչյանի. մարդ, ով թարմ քամի բերեց Հայաստան: Մեր ֆիլհարմոնիկն է, ես շատ եմ համերգներով հանդես եկել ֆիլհարմոնիկի հետ համատեղ, բայց այսօր Թոփչյանը փորձում է կատարելագործել նվագախումբը եւ նաեւ երկրից դուրս «տարածել» նրա համբավը»:

 Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ միջոցառումներ են այդ օրը կազմակերպում Գերմանիայում, Գալստյանը պատասխանեց, որ Գերմանիայի այն քաղաքներում, որտեղ հայ համայնք կա, անպայման եկեղեցի են գնում, մշակութային ինչ-որ միջոցառումներ կազմակերպում: Իսկ երկու տարի առաջ մենակատարը Թել Ավիվում ինքնակամ համերգ է կազմակերպել եւ երգել: Նրա կարծիքով` արտասահմանում շատ են հետաքրքրվում Ցեղասպանության փաստով, անգամ ֆիլմեր են նկարահանում գերմանացիները, հարցերին հենց իրենք էլ պատասխանում են:

 «Մենք պետք է պատմականորեն, փաստերով ապացուցենք Ցեղասպանության փաստը: Չպետք է այնպես անենք, որ մեզ խղճան, վաղուց արդեն ժամանակն է նաեւ մշակութային միջոցառումներով էլ դրսում փորձենք Ցեղասպանության փաստը «ցույց տալ», որոնք, իմ կարծիքով, շատ ավելի ազդեցիկ են»,- ասում է նա:

 Հեղ.` Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

http://www.yerkir.am/am/news/24224.htm

16:10 – 25.04.2012

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
Տարօրինակ ազգի տարօրինակ ճակատագիր, 5.0 out of 5 based on 1 rating

Tags:, .

spacer

Leave a Comment