Հայկական նոտաներ` Մոցարտի եւ Բեթհովենի գործերում

Karine HarutyunyanApril 16th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգով: Շուրջ երկու ժամ հայ հանդիսատեսը կտրվեց առօրյայից` ունկնդրելով Մոցարտի 38-րդ եւ Բեթհովենի 2-րդ սիմֆոնիաները:

Մանկավարժ Կարապետ Գրիգորյանը նշեց, որ թեեւ հնչում էր Մոցարտ եւ Բեթհովեն, այնուամենայնիվ, հայկական մեղեդիներ էին լսվում: Ըստ նրա` ճիշտ է, նվագախումբը հիանալի եւ արհեստավարժ էր կատարում ստեղծագործությունները, սակայն դիրիժորից շատ բան է կախված:

 «Դիրիժորը համերգի` չձանձրացնող ռիթմն էր ապահովում: Տարօրինակ էր, բայց ես Բաբաջանյանի, Խաչատրյանի նոտաներից էի լսում: Նվագախումբը հիանալի էր կատարում: Գիտեք` երբեմն զարմանում եմ, թե ինչու է Աստված հայերին այսքան տաղանդավոր դարձրել եւ հավասարակշռությունը պահպանելու համար միմյանց չգնահատելու «ձիրք» տվել»,- ասում է Կ. Գրիգորյանը:

 Նա նաեւ նորմալ է գնահատում այն երեւույթը, որ մարդկանց մի ստվար զանգված տարված է էժանագին «տաշի-տուշի» երաժշտությամբ. «Բա հո բոլորը բարձրարժեք արվեստով չէին հետաքրքվելու. չէ՞ որ իշխանությանը հեշտ կառավարվող մասսա է պետք»:

Մանկավարժի կինը` Սիմոնե Գրիգորյանը, համերգին մասնակցելու համար խախտել է բժիշկների հրահանգը: «Վերջերս եմ վիրահատվել, եւ ինձ դեռ չի կարելի աղմկոտ վայրերում հայտնվել, սակայն մինչեւ համերգի սկսվելը տեւած 10-20 րոպեանոց աղմուկը ոչինչ է այն հաճույքի հետ, որը 1 րոպե դասական երաժշտություն լսելուց եմ ստանում»,- ասում է տիկին Գրիգորյանը:

Ըստ նրա` վերջին շրջանում երիտասարդների հոսք է սկսվել դասական երաժշտության համերգներին, քանի որ, ինչպես նա նշեց, իր երեխաները նույնպես անցում են կատարել ռոքից դասականի. «Մենք երեք տղա ունենք. Չնայած ես էլ, ամուսինս էլ դասականն ենք նախընտրում, սակայն տղաներս ռոք էին լսում: Մի քանի անգամ մեր խնդրանքով մեզ հետ եկան դասական երաժշտության համերգի եւ հիմա նրանք են մեզ համար տոմս գնում, որ իրենց համերգի տանենք»:

VN:F [1.9.20_1166]
Rating: 2.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)
Հայկական նոտաներ` Մոցարտի եւ Բեթհովենի գործերում, 2.0 out of 5 based on 1 rating

Tags:, .

spacer

Leave a Comment