Ֆիլհարմոնիկը Stabat Mater-ով հարգեց Տիրոջ խաչելության հիշատակը

April 6th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղղեկ և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ավանդական է դարձրել իրադարձային ելույթները: Այդպես արդեն քանի տարի Սուրբ Ծննդի տոնականությունը անբաժանելի է Ֆիլհարմոնիկի ներկայացրած «Մարդուկ-ջարդուկից» (Щелкунчик): Այս անգամ ի հիշատակ Տիրոջ Խաչելության նվագախումբը ներկայացրեց Պերգոլեզիի և Պուլենկի Stabat Mater-ները: Stabat Mater-ը Աստվածամորը ձոնված երաժշտական երկ է, որի առաջին մասում ներկայացվում են Մարիամ Աստվածածնի տառապանքները Քրիստոսի խաչելության ժամանակ: Իսկ 2-րդ մասում մեղսավորը ջերմագին խնդրում է իրեն դրախտի արժանացնել հետմահու կյանքում:

Այս ստեղծագործությունը` իր երկու` Պերգոլեզիի և Պուլենկի տարբերակներով, ունկնդրելու էին եկել սահմանափակ թվով մարդիկ:

Ըստ Ֆիլհարմոնիկի հասարակայնության հետ կապերի ղեկավար Անահիտ Օրդյանի` ներկա էր «շատ սպեցիֆիկ» հանդիսատես: Պատճառը թերևս այն է, որ Stabat Mater-ը լայն տարածում չունի զանգվածների շրջանում, իսկ իսկական գնահատողները սահմանափակ են: Նա նշեց, որ այս ելույթը նվիրվում է նաև Մայրության և գեղեցկության տոնին, քանի որ այս տարի Սբ. Զատիկն ու Սբ. Աստվածածնի Ավետման տոնը` ապրիլի 7-ին համընկել են:

Համերգը անց կացվեց 2 մասով: Պերգոլեզին հնչեց առաջին մասում: Համերգն իրականացավ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղղեկ և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» Պետական կամերային երգչախմբի (գեղղեկ և գլխավոր խմբավար Սոնա Հովհաննիսյան), Տիրամայր Հայաստանի երգչախմբի (գեղղեկ և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան):

Որպես մենակատարներ հանդես եկան Մանե Գալոյանը, սոպրանո, Մերի Մովսիսյանը, սոպրանո, Նարինե Անանիկյանը, մեցո սոպրանո: Դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան: Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյաննն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում:

23:18 • 06.04.12

http://tert.am/am/news/2012/04/06/stabat-apo-mlqeyan/

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Leave a Comment