«Այժմ արագության դար է»

March 30th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Դրա համար էլ, ըստ իտալացի դիրիժորի, Արեւմուտքում  փոխանակվում են ներկայացումներով ու դեկորներով

Իտալացի օպերային դիրիժոր Ռոբերտո Ջանոլան մեքսիկյան հերթական հյուրախաղերից հետո,  22 ժամ օդային ճանապարհ կտրելով եւ ընդամենը 2-3 ժամ հանգստանալուց հետո, առաջին փորձն անցկացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ: Հյուրախաղորդ դիրիժորի եւ ՀՊՖՆ-ի համերգը կայացավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 30-ին:

Առաջին անգամ Հայաստան ժամանած արվեստագետն  ասաց, որ համարյա ոչինչ չգիտի հայկական մշակույթի մասին, իսկ Ֆիլհարմոնիկի հասցեին էլ արտահայտվեց, թե ճկուն նվագախումբ է: Նշեց նաեւ, որ ինքն իր երկրում օպերային, իսկ Իտալիայից դուրս՝ սիմֆոնիկ  դիրիժոր է, ղեկավարել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների եւ այլ երկրների նվագախմբերը: Իտալիայում գործող 13 օպերային թատրոններում, այդ թվում՝ «Լա Սկալայում», մեր զրուցակիցը ղեկավարել է Վերդիի «Տրավիատան», «Ռիգոլետոն», «Նաբուկկոն», «Տրուբադուրը», Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը», «Տոսկան», «Բոհեմը» եւ այլ ներկայացումներ: Տեղեկանալով, որ Երեւանի օպերային թատրոնի խաղացանկում է «Աիդան», ոգեւորված ասաց, թե ինքը սիրով կղեկավարեր այդ օպերան, նշելով, թե օպերային արվեստում նախապատվությունը տալիս է իտալականին:

Իսկ թե ինչու է իր երկրից դուրս հանդես գալիս իբրեւ սիմֆոնիկ դիրիժոր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Օպերային ներկայացումներում նույնիսկ եթե համաձայն չես երգչի մեկնաբանությանը, պետք է հարմարվես նրան, մինչդեռ սիմֆոնիկ երկեր ղեկավարելիս՝ ինքդ ես թելադրում»:

Հարցրինք՝ ի՞նչ հաճախականությամբ է փոփոխվում իտալական թատրոններում օպերաների խաղացանկը: «Մեկ բեմադրությունը հաջորդ թատերաշրջանում այլեւս չի ներկայացվում, այնպես որ, կարող եք ինքներդ հետեւություն անել ասվածից»,- տեղեկացրեց Ռոբերտո Ջանոլան: Հարցին, թե մեկ թատերաշրջան կյանք ունեցող ներկայացման դեկորների, զգեստների հետագա ճակատագիրը  ի՞նչ է լինում, մանավանդ որ, դրանք չեն հասցնում մաշվել, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Փոխանակվում ենք այլ թատրոնների հետ, երբեմն նաեւ պատրաստի բեմադրություններով ենք փոխանակվում»: Հետաքրքրվեցինք նաեւ՝ իտալական թատրոններում մեկ բեմադրություն իրականացնելու համար որքան ժամանակ է պահանջվում: «Նախապատրաստական աշխատանքը (նկատի ունի երգչախմբի, մեներգիչների պատրաստվելը) տեւում է շուրջ 15 օր: Դրան եթե գումարենք նվագախմբի մեկշաբաթյա  փորձերը, որից հետո արդեն բեմական աշխատանքները, ապա ստացվում է 1 ամիս, երբեմն փոքր-ինչ ավելի»,- հայտնեց արվեստագետը, կեսկատակ-կեսլուրջ փաստելով, թե այժմ  արագության դար է:

Արեւմտյան թատրոններում, այդ թվում՝ Իտալիայի,  բեմ բարձրացած հայ արտիստներին չճանաչելու պատճառը Ռոբերտո Ջանոլան բացատրեց իրենց որդեգրած՝ հիմնականում ոչ երկարատեւ պայմանագրեր կնքելու պրակտիկայով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

http://www.aravot.am/2012/03/28/53225/

ՄԱՐՏ 28, 2012 13:27

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment