ՆԻԿՈԼԱՅ ՄԱԴՈՅԱՆ. «ԲԵՄԻՑ ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ՎԱԽԵՑԵԼ…»

Vlad MouradyanMarch 16th, 2012
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.

Այս տաղանդավոր երիտասարդը երաժշտական փայլուն կրթություն է ստացել` ուսում առնելով հայտնի երաժշտներ Հ.Բոգդանյանի, Զ.Բրոնի, Ի.Ստեռնի, Մ.Սոլովյովի ղեկավարությամբ: Համերգներ է ունեցել աշխարհահռչակ դիրիժորների եւ լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ (Կ.Աբբադո, Վ.Գերգիեւ, Ա.Կաց եւ այլք), հանդես է եկել հայտնի համերգասրահներում` Tivoli, Concertgebouw, Royal Festival, Giuseppe Verdi թատրոն, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճ և այլուր:

Միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Նիկոլայ Մադոյանը պարբերաբար համերգներ է տալիս նաեւ Հայաստանում: Վերջերս էլ որպես մենակատար հրավիրված էր Երեւան‘ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացնելու Պագանինիի Ջութակի 3-րդ կոնցերտը (դիրիժոր` Վոլտե Ջոնգի):

-Փաստորեն, երաժշտի ուղին սկսել եք Երեւանում:

-Այո, առաջին քայլերս արել եմ Ա.Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում: Այնուհետեւ տեղափոխվել եմ Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոց: Այնտեղ ինձ բախտ վիճակվեց սովորելու ճանաչված մանկավարժ Բոգդանյանի դասարանում: Դպրոցն ավարտելուց հետո Նովոսիբիրսկից հրավեր ստացա սովորելու Զախար Բրունոյի դասարանում: Ապա սկսվեցին համերգային շրջագայություններս:

-Ինչո՞ւ ընտրեցիք ջութակը:

-Մինչ ջութակի դասարան ընդունվելս փորձեցի դաշնամուրի դասարան ընդունվել, սակայն… ասացին, թե ընդունակություններս չեն ներում: Բայց եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ, որ ինձ միշտ էլ ձգել է ջութակը: Ծնվել-մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ բոլորն էլ սիրել¬գնահատել են դասական երաժշտությունը£ Պապս օպերայի սիրահար էր: Կարելի է ասել, որ անգիր գիտեր օպերային գրեթե բոլոր հայտնի դերերգերը: Հավանաբար երաժշտության հանդեպ այս մեծ սերն ինձ գեներով է փոխանցվել: Մայրս էլ երաժշտական կրթություն ուներ: Հետ նայելով‘ միշտ շնորհակալությունս եմ ասում մորս, ում օգնությամբ ընտրեցի այս ճանապարհը, ուժերս ուղղորդվեցին այնտեղ, որտեղ կարողացա առավելագույնս դրսեւորվել:

-Բեմ բարձրանալիս չե՞ք հուզվում:

-Առանց հուզմունքի անհնար է, բայց ես ամեն ինչ անում եմ, որ այն նվագելիս ինձ չխանգարի: Բեմից երբեւէ չեմ վախեցել:

-Ձեզ ծանո՞թ է նախանձի զգացումը:

-Նախանձը‘ ոչ, բայց առողջ մրցակցությունն ինչ¬որ առումով խթան է, որ ստիպում է քեզ էլ գնահատել սեփական ուժերդ եւ կանգ չառնել, չբավարարվել ձեռք բերած արդյունքով: Իրականում դժվար է կողքից ինքդ քեզ վրա հայացք գցելը, ոչ կատարյալ կողմերդ տեսնելն ու գնահատելը:

-Այդ դեպքում ո՞վ է Ձեր քննադատը, ո՞ւմ կարծիքն է Ձեզ համար շատ կարեւոր:

-Իմ քննադատը առաջին հերթին ես եմ, ինքս ինձնից պետք է գոհ մնամ: Թանկ են ինձ համար մեծ երաժիշտների խոսքերը: Վերջերս կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանն էր եկել համերգի եւ բարձր գնահատեց իմ կատարումը: Անչափ հաճելի էր: Նրա կարծիքն ինձ համար չափազանց թանկ է:

-Նիկոլայ, բարդ ստեղծագործություններ եք միշտ կատարում: Որքա՞ն ժամանակ է ձեզանից խլում երաժշտությունը:

-Առաջ ավելի շատ ժամանակ էի ծախսում երաժշտության վրա, այժմ`օրական մոտավորապես 5-6 ժամ, երբեմն‘ ավելի շատ: Ընդ որում, միշտ չէ, որ պետք է ֆիզիկապես մատներդ վարժեցնես, երբեմն կարելի է պարզապես նստել, ի մի բերել մտքերը: Կատարելու առումով թերեւս ամենադժվարը Պագանինիի երաժշտությունն է: Շատ էներգիա է խլում կատարողից: Ես նախընտրում եմ ամբողջական շարքեր ընդգրկող ծրագրեր, ինչպես, օրինակ, Բեթհովենի 10 սոնատները ջութակի եւ դաշնամուրի համար: (Նշենք, որ մեկ համերգի ընթացքում Նիկոլայ Մադոյանը կատարում է Պագանինիի 24 կապրիսները, Բախի մենանվագ սոնատները եւ պարտիտները, ջութակի եւ կլավիրի համար 6 սոնատները, ինչպես եւ Մենդելսոնի, Բրամսի, Գրիգի, Պրոկոֆեւի սոնատները.- Վ.Մ.):

-Ձեզ իսկապես կարելի է նախանձել: Բավական է միայն կարդալ այն պատկառելի դիրիժորների անունները, որոնց հետ համագործակցել եք: Ո՞ւմ հետ էր ավելի հետաքրքիր աշխատելը:

-Իսկապես, շատ ու շատ դիրիժորների հետ եմ աշխատել, ընդ որում` մեծանուն դիրիժորների: Անասելի ազդեցություն է թողել ինձ վրա Առնոլդ Կացը:

-Դուք Երեւանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր եք, նշենք‘ ամենաերիտասարդ պրոֆեսորը, պարգեւատրվել եք ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՙԵրեւանի զինանշան՚ հուշամեդալով, 2002-ին ստացել եք ՀՀ նախագահի մրցանակը, 2004-ին Ձեզ շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

-Շնորհակալ եմ, որ հայրենիքում ինձ գնահատում են: Արդեն 20 տարի ապրում եմ Գերմանիայում, բայց հաճախ եմ գալիս Երեւան: Դրսում էլ միշտ պրոպագանդում եմ հայ կոմպոզիտորներին‘ Բաբաջանյան, Խաչատրյան: Արտասահմանյան հանդիսականը նրանց ստեղծագործությունները ջերմորեն է ընդունում:

-Ձեր հարցազրույցներում միշտ խուսափում եք անձնական թեմայի շուրջ խոսելուց: Ինչո՞ւ:

-Չէ, նման բան չկա: Չեմ թաքցնում‘ ընկերուհի ունեմ:

-Եվ վերջին հարցը, երբ Ձեզ ծափահարում են` հավատո՞ւմ եք, որ հանդիսատեսը անկեղծ է: Ասում են` երբեմն դահլիճը տուրք է տալիս քաղաքավարությանը:

-Կարծում եմ` հանդիսականը ամենալավ բարոմետրն է: Ցանկանում եմ, որ հանդիսատեսը, դահլիճը միշտ էմոցիոնալ վերելք ապրի:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Nikolay Madoyan – L.van Beethoven Sonata N7-Allegro con brio

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (2 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
ՆԻԿՈԼԱՅ ՄԱԴՈՅԱՆ. «ԲԵՄԻՑ ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ՎԱԽԵՑԵԼ...», 5.0 out of 5 based on 2 ratings

Tags:, , .

spacer

Leave a Comment