«Կյանքի գերարագ ռիթմի պայմաններում չեմ մեղադրում հանդիսատեսին»

March 1st, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Ըստ իտալացի դիրիժոր Ալֆրեդո Սորիչետիի՝ այսօր պարտադիր չէ, որ բոլոր դահլիճները լինեն լեփ-լեցուն

Առաջին անգամ Երեւանում է իտալացի ճանաչված դիրիժոր Ալֆրեդո Սորիչետին, ով «Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 2-ին կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ):

Նա շուրջ 20 տարի համատեղում է աշխատանքը օպերային եւ սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

«Առավոտի» հետ զրույցում արվեստագետը  հայտնեց, թե չի կարող գերապատվությունը տալ դասական արվեստի այս երկու ոլորտներից որեւէ մեկին, ուստի աշխատում է գերհագեցած հյուրախաղային գրաֆիկով՝ Ամերիկայից մինչեւ Եվրոպա, ԱՊՀ երկրներ ու Արեւելք: Մեր զրուցակցի խոսքերով՝ համերգային ճանապարհորդությունն իրեն հնարավորություն է ընձեռում  ավելի խորը թափանցել նույնիսկ ծանոթ այս կամ այն ազգի արվեստի գանձարանը: Տուն դատարկաձեռն չի վերադառնում. իր հետ վերցնում է տվյալ երկրի կոմպոզիտորների գործեր՝ համերկրացիներին ներկայացնելու նպատակով:

Հայկական երաժշտության ու մեր կատարողների հետ Սորիչետին ծանոթ է ինտերնետից: «Հայ կատարողական արվեստին ծանոթ եմ ձեր տաղանդավոր անհատ երաժիշտների տեսաձայնագրությունների շնորհիվ, հիացել եմ օպերային երգիչներ Գեղամ Գրիգորյանի, Հասմիկ Պապյանի, Անահիտ Մխիթարյանի, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի, Կոմիտասի անվան լարային քառյակի, դիրիժորներ Էդուարդ Թոփչյանի, Կարեն Դուրգարյանի ու էլի մի քանիսի կատարումներով: Հիացած եմ Խաչատրյանի, Տերտերյանի, Մանսուրյանի երաժշտությամբ, ափսոսում եմ, որ ժամանակի սղության պատճառով չեմ կարող ծանոթանալ հայ այլ կոմպոզիտորների երկերին»,- ասաց Սորիչետին: Նա հավելեց, որ ՀՊՖՆ-ի տնօրինությունը խոստացել է իրեն տրամադրել որոշ երիտասարդ կոմպոզիտորների գործերի նոտաները:

Իտալացի արվեստագետի ստեղծագործական կենսագրությունից ծանոթացանք, որ մի քանի տարի (1996-2000թ.) միաժամանակ հանդիսացել է Civitanova, Marche Europe փառատոների գեղարվեստական ղեկավարը եւ Խարկովի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Օպերային թատրոնների եւ նվագախմբերի ցանկը, որոնց հետ աշխատել է Սորիչետին, այնքան ընդգրկուն է, որ դրանց թվարկումը հնարավոր չէ մի հոդվածի սահմաններում:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ վերջին շրջանում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում դասական արվեստի հանդեպ Իտալիայի կառավարության վերաբերմունքի մասին: Այս առիթով արվեստագետը նշեց. «Կառավարությունը տրամադրում է պահանջվող գումարի  80%-ը, իսկ մնացած 20-ը հոգում են հովանավորները»:

Վերջին տարիներին աշխարհում դասական երաժշտության ունկնդրի պակասի մասին էլ ասաց, թե իր ղեկավարությամբ համերգները մշտապես ուղեկցվում են մատուցվող նյութին ծանոթությամբ, հետո էլ ավելացրեց. «Տեղեկատվության նման հոսքի եւ կյանքի գերարագ ռիթմի պայմաններում չեմ մեղադրում հանդիսատեսին, կարեւոր է, որ յուրաքանչյուրս մեր գործը կատարենք մեծ սիրով ու պատասխանատվությամբ: Եվ հետո պարտադիր պայման չէ, որ ամեն մի համերգ կամ ներկայացում անցնի լեփ-լեցուն դահլիճում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ  

«Առավոտ» օրաթերթ

ՄԱՐՏ 1, 2012 13:58

http://www.aravot.am/2012/03/01/43821/

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment