Աշնանամուտի երաժշտական գույները

Nvard AsatryanOctober 25th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Irates-De Facto, 30.09-03.10, 1011

ԴԱՍԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԵԼԵՎԷՋՆԵՐԸ

1925-ին Երևանի կոնսերվատորիայում Ալեքսանդր Սպենդիարյանի և Արշակ Ադամյանի  հիմնադրած նվագախումբը Հայաստանի երկրորդ հանրապետության մշակութային   տարեգրության մեջ  սիմֆոնիկ երաժշտության մուտքն  ազդարարեց: Այդ առողջ հունդից, մեկուկես տասնյակ  մեծավաստակ երաժիշտների (Չարեքյան, Բուդաղյան, Սարաջյան, Մալունցյան, Դուրյան,  Խանջյան, Գերգիև …) գեղարվեստական առաջնորդությամբ, ծլարձակեցին բազմաթիվ երաժշտախմբեր: Քչերը, սակայն, իրենց կենսունակությունը հավաստեցին: Ֆիլհարմոնիկը անարվեստ ժամանակների փորձություններին դիմագրավեց նախ` Լորիս Ճգնավորյանի խանդավառ ջանասիրությամբ, ապա Էդուարդ Թոփչյանի եռանդուն խորագիտությամբ:

85 տարի ծլարձակող սպենդիարյանական տնկին

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի(ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Թոփչյանի նախաքննական ապրումներն  աննկատ փոխանցվեցին զրուցակիցների ստվար խմբին: Պահն, իսկապես, վճռորոշ էր: Պատմական մի շարք տարեթվերի զուգադիպությամբ` երիցս պարտավորեցնող: Հայաստանի երրորդ հանրապետության 20-րդ տարեդարձը նշանավորվելու էր  առանց սնամեջ պաճուճանքների, “տեղական “ սնամեջ ձևաչափերի  “օրինազանցությամբ”: Առավելագույն վայելչությամբ պիտի ջանային հանրաճանաչել փառատոնային նվագացանկում ներառված դասական գոհարներն ու հնարավորինս ուշագրավ` նորաստեղծները: Հոբելյանական համերգաշրջանը հինգերորդ անգամ  էր մեկնարկելու նրա և Լոնդոնի թագավորական երաժշտակրթարանի պրոֆեսոր, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի նախաձեռնած Երևանյան միջազգային երաժշտական փառատոնով: Միջազգային համերգասրահներում հայտնի մեր հայրենակիցը, ով գեղարվեստական ղեկավարն է նաև Կիպրոսի կամերային երաժշտության փառատոնի, ամենաակտիվ երաժիշտ կատարողն է Երևանյանի, միջազգայնացման ջահակիրը: 85-ը բոլորող ՀՊՖՆ-ին միջազգային փոխշփումների զգալի պակասը մասամբ լրացնելու իրական հնարավորություն ընձեռած այս ինքնատիպ համերգաշար-ստուգատես-տոնն “ապրելու” իր իրավունքն էր վերահաստատելու: Եվ, որ պակաս կարևոր չէր, նախնիներին շնորհված “վաստակավոր կոլեկտիվ” տիտղոսին ՀՊՖՆ-ի  երաժիշտների ներկա սերնդի արժանավորությունը:

Գլխավոր նոտակալի մոտ մաեստրո Թոփչյանն է:

Երևանի կոնսերվատորիայում ջութակի նվագը հղկելիս էր Էդուարդ Թոփչյանը հրապուրվել դիրիժորությամբ: Օհան Դուրյանից  քաղած դասերը խորացրել էր Ջորջ Շոլթիի, Կլաուդիո Աբադոյի և Նելո Սանտիի փորձառությամբ: Խմբավարական ունակությունները բացահայտվեցին կոնսերվատորիայի իր ընկերներից ձևավորած “Սերենադ” կամերային նվագախմբի (1991 թ.)  միջազգային ճանաչմանը համընթաց: 2000-ին  նրան վստահվեց  ՀՊՖՆ-ի գլխավոր նոտակալը: Երաժիշտների  հետ ցանկալի համախոհության ամրապնդվելուն պես(անուրանալի է մի շարք “Սերենադ”-ականների առաջմղիչ ուժը ) երկուստեք մասնագիտական հասունացման վերընթաց ճանապարհ անցան: Գերմանիայում, Ռուսաստանում, Չեխիայում, Ֆրանսիայում ունեցած հյուրախաղային ելույթներով ՀՊՖՆ-նարժանիորեն գրավեց  արտերկրի քմահաճ երաժշտասերների ուշադրությունը: Էդուարդ Թոփչյանըորպես հրավիրյալ դիրիժոր գլխավորեց Եվրոպայի ու Միացյալ Նահանգների սիմֆոնիկ, օպերային ու ռադիո նվագախմբերը:Դժվարությամբ ձեռք բերված համարումը բարձրացնելու նախանձախնդրությամբ`առավել աշխուժացավ ստեղծագործական նոր արտահայտչամիջոցների փնտրտուքը: Անսալով ներքին գրաքննությանը` սիմֆոնիկ ու կամերային, հանրակրթական ծրագրերին զուգահեռ գունեղացվեցին ՀՊՖՆ-ի կատարողական հմտությունները մեծակտավ օպերաների ու բալետների համերգային պարզ և  թատերայնացված փորձարարականմեկնաբանություններով (“Աիդա”, “Սևիլյան սափրիչը”, “Մադամ Բաթերֆլայ”, “Պայացներ”, “Եվգենի Օնեգին”, “Շչելկունչիկ” և այլն):

Հատկանշական է, որ համագործակցությունը ժամանակակից հայ կոմպոզիտորների հետ չի սահմանափակվում հոբելյանական հեղինակային երաժշտահանդեսներով: Հարյուրավոր զրնգուն անուններով տասնամյակների ընթացքում ձևավորված նվագախմբային երկացանկի արդիական հնչողությունը պարբերաբար թարմացվում է հանիրավի մոռացված (զորօրինակ, Ջիվան Տեր-Թադևոսյանի «Քնարական պոեմը») ու նոր ծնված տարաբնույթ երաժշտակտավների «ներարկումներով»: Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Վաչե Շարաֆյանի և մյուսների տարաոճ գործերը մշտապես են հնչեցվում:Գարնանային անձրևի կենարար տեղատարափը օր-օրի հորդանում է   ՀՀ վաստակավոր արտիստ Երվանդ Երկանյանի հետ կռվածարգասաբերերաժշտադաշինքով: Պարզ վկայությունը` ընդամենը քառասուն օրում, հատուկ ֆիլհարմոնիկի համար գրված չորսմասանոց հինգերորդ սիմֆոնիայի` “Խաչված երազների” ծնունդն ու հրապարակային  ջերմ ընդունելությունն է:

Հինգերորդ   Երևանյանը

Մեր խառնակ օրերի “քմահաճույքով”, հյուրախաղային բեմերն աստիճանաբար վարագուրվեցին: Միջազգային նորահայտ փոխշփումներն ակտիվացնելու միտումով էլ հիմնադրվեց Երևանյան փառատոնը: Հիմա արդեն նրա ամենամյա աշնանային մեկնարկին մեծ ակնկալիքներով են սպասում թե հայաստանցի, թե այլազգի երաժիշտներն ու դասական բարձր արվեստի երկրպագուները: Մշտական ունկնդիրների ու մասնակիցների` դաշնակահար Էշլի Վոսի (Մեծ Բրիտանիա), ալտահար Դիմուտ Պոպենի(Գերմանիա), ջութակահար Դայշին Կաշիմոտոյի (Ճապոնիա), կլառնետահար Փոլ Մայերի(Ֆրանսիա) և տասնյակ այլ ճանաչված երաժիշտների միջև բարեկամության յուրատիպ կամուրջ է հաստատվել Երևանյանի շնորհիվ: Հայաստանցի նորելուկ երաժիշտները, ցավոք, հարկավոր լրջությամբ չեն վերաբերվում փառատոնի շրջանակներում հյուրեկների, գուցե հանպատրաստից,  անցկացրած վարպետության դասընթացներին: Լոնդոնի թագավորական երաժշտակրթարանի պրոֆեսոր, ձայնային նրբերանգների բացառիկ զգացողությամբ օժտված  Էշլի Վոսի “բաց դասին”, օրինակ, նախորդ օրը Լիստի նրա դաշնամուրային զուսպ ու ներազդու մեկնաբանություններով տպավորված ունկնդիրներն ավելի մեծ թիվ էին կազմում, քան սեփական կատարողական ունակությունները նրան ներկայացնողները: Կամ էլ`գուցե անլիարժեքության բարդույթն է իրական պատճառը սկսնակների վախվորածության: Ալեքսանդր Չաուշյանին միայն ԵՊԿ երկրորդ կուրսի ուսանող, տարատեսակ դափնիներ նվաճած թավջութակահար Հայկ Սուքիասյանն էր համարձակվել “քննության” ներկայանալ: Եվ, հեռուստախցիկներով ու բազմաթիվ հետաքրքրասերներով շրջապատված, արտիստական իր նկարագրին հարազատ Բախով նոր երկրպագուներ գտել:   Կազմակերպիչները  համառորեն շարունակելու են հմուտ վարպետներին ներգրավել կրթական ծրագրերում` ջանալով կոտրել անփորձ սկսնակների, “տեխնոկրատական ժամանցի” սիրահար մատաղ սերնդի անտարբերության սառույցը ուսումնառության նկատմամբ առհասարակ: Չէ որ շուտով հերթափոխի ապահովման անհնարինությունը դամոկլյան սրի նման ճոճվելու է արդի կատարողական արվեստի երկնակամարում: Հանրության վերադարձն էլ դեպի բարձր երաժշտություն դեռևս հաստատուն չէ(մոռացության է մատնվել հնչեցվող գործի մասերի ու ավարտի անվրեպ ընկալման բարեկրթությունը):Հուսադրող նախանշաններ,անշուշտ, կան: Հատուկենտացող նորահայտ շնորհալիները դանդաղ ու աննկատ հասունանում են: Տարեցտարի առավել սրված ուշադրությամբ են ունկնդրում Երևանյանից զատ մյուս բոլոր բացառիկհամերգային ծրագրերը: Դրվատելի է, որ նրանցներաշխարհում մանկուց  ծանոթ դասական գործերին համարժեք կարևորվում են ժամանակակից հայ և արտասահմանյան կոմպոզիտորների գունապնակները ևս:

Երկնառաք բազմաձայն պատարագ

Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի ՀՀ անկախության  20-ամյակին նվիրված “Հերոսական ռապսոդիա”-ի` ֆիդայական հայտնի երգերի մոտիվներով հյուսված մերօրյա օրհներգի, պրեմիերային հաջորդում է Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի կատարումը ՀՊՖՆ-ի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի( գեղարվեստական ղեկավար` Հովհաննես Չեքիջյան) միացյալ կազմով: “Հանճարեղ գերմանացու այս բազմաշերտ գործից միշտ վախեցել եմ,- խոստովանում է  Էդուարդ Թոփչյանն իր պրեմիերայից առաջ:- Մոտ 20 տարի չէի համարձակվում ձեռք մեկնել: Երկար ու տքնաջան պատրաստվում էի: Հիմա էլ համոզված չեմ, որ ամեն ինչ ճիշտ եմ անում: Բայց անհամեմատ վստահ եմ զգում”: “Ուրախության ձոնով” ամբողջացող այդ երկնառաք բազմաձայն պատարագը հանրությանը ներկայացավ  վաստակավոր երկու կոլեկտիվների և օպերային չորս մեներգիչների` Նունե Բադալյանի, Նարինե Անանիկյանի, Պերճ Քարազյանի և Դմիտրի Ագեևի (Ուկրաինա) անվրեպ փոխըմբռնմամբ: Հարաճուն ներշնչանքով բեթհովենյանին  համահունչ զգայական ընկալման հասցվեց լեփ-լեցուն համերգասրահը: “Միասնաբար միշտ էլ հանդես ենք եկել ու ցանկալի պտուղներ քաղել համագործակցությունից,-  Թոփչյանի մեկնարկային մտավախությունն էր համերգից հետո մեծահոգաբար հերքում մաեստրո Չեքիջյանը:- Եթե հովանավորներ գտնվեն, Աբու Դաբիի հրավերն էլ չենք մերժի և արտերկրում էլ կհաստատենք մեր “վաստակավոր կոլեկտիվ” տիտղոսներին հարիր միաձույլ կատարողական գրավչությունը”: Հոբելյանական բաժակաճառ չընկալեք բազմահմուտ խմբավարի գնահատականը: Նորահաստատումն ամրագրված է apo.am կայքէջում, նորաստեղծ հիմնի միասնական կատարմամբ:

Հայաստանյան ու համաշխարհային պրեմիերաների առատությամբ, նոր անունների հայտնությամբ նախորդներին չի զիջում հինգերորդ Երևանյանը: Լարված անհամբերությամբ է փառատոնի մշտական ունկնդիրը սպասում Կոնստանտին Լիֆշիցի հռչակավոր դաշնամուրային մենանվագով Յակով Յակուլովի “Կարուսելի” և Պիտեր Սիբորնի “Աստիճանների” հնչեղ կերպավորմանը:  Զանազան գործիքային խմբավորումներովու փոխադրություններով հանրահայտ “դասական էջերի” “տարընթերցումներն” էլ հմայում են իրենց մատուցման անսովոր թարմությամբ: Մոցարտի ու Բրամսի, Շոստակովիչի ու Վեբերի, Շտրաուսի ու Բախի, Ռախմանինովի ու Պուլենկի երաժշտության մեջ պարփակված բարձրարժեք հոգևոր լիցքերով  հայաստանցի ունկնդրին հուզում և գոտեպնդում էին    համերգային բեղուն կյանքով ապրող մենակատարները: Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), ֆագոտահար Ժիլբեր Օդինը (Ֆրանսիա), ջութակահար Հենինգ Կրագերուդը (Նորվեգիա),”Գյուլբենկյան” նվագախմբի ալտերի կոնցերտմայստեր Սամվել Բարսեղյանը(Պորտուգալիա), բոլոր տասնհինգը: Նորահայտ շնորհալի ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը վստահորեն մերվեց բազմափորձ Էշլի Վոսի և Ալեքսանդր Չաուշյանի հետ կազմած “երաժշտական եռանկյունուն”:

Շումանի դաշնամուրային կվինտետի հուզառատ մեկնաբանությունից լիովին կախարդվեց ամբողջ համերգասրահը: Հանպատրաստից ձևավորված հնգյակում դժվարանում էր առաջնությունը տալ արժանիորեն համաշխարհային   համբավ վայելող մենակատարներից որևէ մեկին: “Սերենադ”-ականներ Մերի Մարգարյանի ու Կարմեն Թոսունյանի ջութակի հնչողությունն ամենևին չէր զիջում փառավորվածներին:  Կամերային նվագախմբի ղեկավարությունը Արամ Ղարաբեկյանից հետո շուրջ մեկ տարի ստանձնած Վահան Մարտիրոսյանի (Ֆրանսիա) դաշնամուրային նվագի երկրպագուներն էլ, անկասկած, իրենց կարոտը մեղմեցին կամերային երեկոների մտերմիկ մթնոլորտում:

Քիչ թե շատ ճանաչում գտած նորերի ու պաշտամունքի առարկա դարձած անմահների ստեղծագործություններից կազմված ինքնատիպ “գոբելենը” Երևանյան ամենատևական երաժշտատոնի, դատելով երկացանկից, դեռ գունեղանալու է մինչ հոկտեմբերի կեսերին ծրագրված հանդիսավոր ավարտը: Բայց հոբելյանական տոնականությամբ մտահղացված երաժշտական հանդիպումները, կասկածից վեր է, այսուհետ էլ շարունակվելու են պատասխանատվության նույն զգացումով, 85-ամյա ՀՊՖՆ-ին հատուկ մշտանորոգ երիտասարդական ավյունով:Այս մասին վկայում են նաև ֆիլհարմոնիկի դիրիժորական վահանակի մոտ Պյարտի ու Հինդեմիթի,Բեթհովենի ու Վեբերի բարդ երաժշտակտավների ներդաշնակ հնչերանգավորումը ուղղորդող Պոլ Մայերն ու Քրիստոֆեր Ուորեն-Գրինը(Մեծ Բրիտանիա):

ԲԵԹՀՈՎԵՆԻՆ  ՈՒ ԲՐԱՄՍԻՆ ՈՒՆԿՆԴՐԵԼԻՍ

Քսանամյա մերբազմաբարդ գոյատևման տոնահանդերձ իմաստավորման  տեսակետից անգերազանցելի էին “արքայական”դասական “երաժշտաընծաները”: Մեծահամբավ  անհատ  կատարողների ու երաժշտախմբերի“արքայական”  համանվագում  “Գյուլբենկյան” նվագախումբն (Պորտուգալիա)առաջին անգամ էր ամբողջ կազմով ներկայանում հայաստանցի արվեստասերներին:

“Արքայական” այս ընծան արժևորելու պատրաստակամությամբ ՀՀ մշակույթի նախարարությունում մեկտեղված ԶԼՄ-ների “պատվիրակների” ստվար խումբը,  40 րոպեից ավելի տաղտկալի սպասումից հոգնած,գրեթե իսպառ կորցրեց հումորի զգացումը: Ի վերջո հայտնված “Գալուստ Գյուլբենկյան” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկու անդամների հետ  բռնազբոսիկ զրույցի տիրույթում ոչ  երաժշտախմբի երեք  հայ երաժիշտներից, ոչ արդի կատարողական արվեստիամենապայծառ երկու աստղերից /Օլլի Մուսթոնեն – դաշնամուր, Արաբելլա Շտայնբախեր – ջութակ/ որևէ մեկը կար, ոչ էլ 2002-ից  նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը սահուն առաջնորդող, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում հավասարապես հռչակված  Լոուրենս Ֆոսթերը: “Արամ Խաչատրյան” համերգասրահում Երևանյան երկու միջազգային երաժշտական փառատոների “ակամա” միահյուսումն ինքնաբուխպահանջ  հարուցում պարզելու “Գյուլբենկյան”-ի ստեղծագործական կենսունակության գաղտնիքը:

Երվանդ Երկանյանով  և Բեթհովենով, Լիստով ու Ֆրանկով արվեստասերներին հոգևոր  լիցքերի նախաբույլը փոխանցած հինգերորդ Երևանյանի առաջին իսկ համերգները ճշմարիտ հայրենասերների մտքին ու հոգուն առատ “սնունդ” տվեցին: Ֆիդայական հանրածանոթ երգերի մոտիվներով ստեղծված“Հերոսական ռապսոդիայում” նրբորեն շաղկապվել էին մեր անկախական գոյակերպի կարևորագույն փուլերը: “Օրհներգ էինք փնտրում ու չէինք գտնում,- պրեմիերայից նկատելիորեն գոհունակ` կարծիքներ էին փոխանակում ընդմիջմանը մի խումբ երաժիշտներ:-Ֆիլհարմոնիկի նվագախմբի հետ ժամանակակից հայ կոմպոզիտորի կարճատև  համագործակցությունը, փաստորեն, վկայում է ոչ միայն երկուստեք ձեռք բերված բեղուն համախոհության մասին, այլև կարծեցյալ ստեղծագործական ճգնաժամից արդի երաժշտարվեստը դուրս բերելու ուղիներից մեկի նպաստավորությունը մի ավելորդ անգամ ապացուցում: Դեռ երեկ էր, ասես, “Խաչված երազներ” սիմֆոնիայի փայլուն պրեմիերան: Հրաշալի է աշխատում մաեստրո Թոփչյանը շուրջը համախմբված փորձառու երաժիշտներին կայուն “մարզավիճակում” պահելու ուղղությամբ”: Հանճարեղ գերմանացու իններորդ սիմֆոնիայով անկարելի էր կրկին չներշնչվել.  ֆիլհարմոնիկի երաժիշտների և ակադեմիական երգչախմբի համադաշնությամբ համամարդկային պատարագի մասնակից էր դարձել ամբողջ դահլիճը: Հինգերորդ Երևանյանի “երաժշտագոբելենում” ծրագրված տասնհինգ համերգներն իրենց խաղաղ հունով նորանոր հնչերանգներ են հավելում: Վարպետության առաջին դասերն անցկացրած բրիտանացի դաշնակահար Էշլի Վոսի և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հանրաճանաչ կատարողական տեխնիկային “մերվում” է նորահայտ Անուշ Նիկողոսյանիջութակի նվագը, ռախմանինովյան անսպասելի ելևէջներով լրացնում կամերային միջավայրի մտերմիկ ջերմությունը: Նույն սրահում հաջորդ երեկո,  “Երևանյան հեռանկարների”(գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյան) “տարածքում”, ունկնդրում եմ “Գյուլբենկյանցիներին”: Տաղանդաշատ Օլլի Մուսթոնենի գերզգացմունքային մենանվագով եթերային երաժշտակերպավորում են ստանում Բեթհովենի դաշնամուրային կոնցերտն ու Բախի ֆուգան: Լոուրենս Ֆոսթերի քնարաշունչ վարույթով  սահուն հաղթահարվում է մեծակտավ դասական երաժշտության ունկնդրության տարրական կանոններին անտեղյակությունը լեփ-լեցուն համերգասրահի: Բիսերով ու բռավոներով ընթացած համերգային ելույթի վերջին ակորդների հնչեցման պատիվը ստացած “Գյուլբենկյանցիներ” Վարուժան Բարթիկյանի ու Լևոն Մուրադյանի զուգանվագով տոնապարահանդեսի տրամադրությամբ է համակում ամենքին մեծն Վիվալդին:  Մյուս օրը վերստին կենդանանում է Բրամսի դաշնամուրային կոնցերտի ուրույն կախարդանքն Էշլի Վոսի զուսպ ու կուռ տրամաբանված մեկնաբանությամբ: “Արքայական” առատաձեռնության չափազանցությունից որևէ մեկը չի դժգոհում: Այդուհանդերձ, բարձր արվեստին անմիջական հաղորդակցությամբ ներաշխարհը հարստացնելուն կարոտ մշտական ունկնդիրների ոգեշնչվածությունը մի պահ ցավով մարմրում է, երբ անզեն աչքով որսում են երկու երաժշտախմբերի կենսապայմանների բևեռային տարբերությունը: Բեթհովենի ու Բրամսի նրանց մեկնաբանությունները, անշուշտ, տարբեր էին, բայց կատարման վարպետությունը դժվար էր տարբերակել: Մեր երաժիշտներն, անկասկած, հերոսներ են:

Ցավագին պատկերն է ուրվագծվում անկախության տարիներին բարձրարվեստ արարման ասպարեզում մեր կրած իրական կորուստների:Խոնարհումով գնահատում ես հայաստանցի  բոլոր արվեստագետների խենթ նվիրումն առհասարակ: Փառաբանված անվանիների երաժշտաընտանիքում ներգրավված  երջանիկներին` Վարուժան Բարթիկյանին, Լևոն Մուրադյանին, և ալտահարների կոնցերտմայստեր Սամվել Բարսեղյանինհարցուփորձելով` թեթևացած շունչ ես քաշում.շարունակվող հոգեվարքից մոտալուտ ազատագրումը պարզ  ու հնարավոր է: Եթե իհարկե կամենանք և ի զորու լինենքմաքրելու մշակութային դաշտը  տարատեսակ “թայֆայական” որոմներից:

ՄԵԿԵՆԱՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԸՄԲՌՆՈՒՄՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Աշխարհում ամենուր է ժամանցայինը խոշոր եկամուտներ ապահովում, բայց հանրության միտքն ու հոգին բարեկրթվում է միմիայն մշակութային բարձր արժեքներով: Դասական արվեստը երբևէ շահութաբեր չի եղել, բայց մարդկանց գիտակցական ու բարոյական ընդհանուր նկարագրի մաքրագործման տեսակետից անվերապահորեն խրախուսվել է ու պահպանվել  որպես երկրի, ժողովրդի  անվտանգ միասնության անփոխարինելի հիմնասյուն, երաշխիք: Ազնվատոհմ Ռշտունիներից սերող Գալուստ Սարգիս Գյուլբենկյանը (Վարդ Պատրիկի թուրքերեն թարգմ.`”կյուլ պենկ”), ում մարդկային նկարագրի վրա բեկումնային ներգործություն է ունեցել Ալեքսանդր Մանթաշյանցը, ի տարբերություն արդի հայ օլիգարխների, վաստակել է իր նախանձելի հարստությունը խելամիտ աշխատասիրությամբ: Հանքաբան-նավթագետը, ով յոթ-ութ լեզու գիտեր, խորին ակնածանքով էր ուսումնասիրում հանուր մարդկության հոգևոր-մշակութային ժառանգությունը: Իր վերջին հանգրվան Լիսաբոնում տասներեք տարի ապրել է “Ավիս” հյուրանոցում, չի էլ երազել շքեղ, պարսպապատ առանձատներ կառուցելու և դրանք վայրի կենդանիներով բնակեցնելու մասին: Ճիշտ է, անտարբեր չի եղել գեղեցիկ սեռի նկատմամբ, բայց զեխ կյանքի չի ձգտել: Իրեն “երես է տվել” արվեստի  գլուխգործոցներ ու գիտական երկեր ձեռք բերելով /վեց հազար բացառիկ նմուշներ է ամփոփում նրա հավաքածուով ձևավորված թանգարանը/: Բարեգործության մասին էլ մանթաշյանական պատկերացում է ունեցել ու մշտապես զբաղվել է անցյալ դարասկզբից` չնվազեցնելով հարստությունը, ընդլայնելով մարդասիրական ու ազգապահպանման գործունեության ընդգրկման շրջանակները: Քանի որ որդին` Նուբար Սարգիսը սեփական զվարճությունների վրա էր գերադասում ծախսել իր փողերը,  “Պարոն Հինգ տոկոսը” նախընտրել  է մի կլորիկ գումար կտակել իրենից հետո տարվող բարեգործական աշխատանքների անխափան վարույթի համար:

Աշխարհահռչակ նավթային մագնատ ու բարեկիրթ մեկենաս մերհայրենակցից “ժառանգած” 300 մլն անգլիական ոսկու խորագետ շրջանառությամբ   նրա ծավալած կրթամշակութային և մարդասիրական լայն գործունեությունը կես դարից ավելի բարեհաջող զարգացնող “Գալուստ Գյուլբենկյան” հիմնադրամի ընձեռած հնարավորություններով 1962-ից  ի վեր լիարժեք ստեղծագործում են թե 12 տարբեր ազգերի ներկայացուցիչներից ձևավորված նվագախումբը (80 երաժիշտ), թե երգչախումբը(100 երգիչ): Միջազգային մրցույթով ընտրված անհատ կատարողներն ու խմբավարները իրենց արվեստը կատարելագործելու  և հանրաճանաչելու բացառիկ բախտավորություն ունեն. սեփական մեծ համերգասրահում առանձին ու համատեղ կանոնավոր փորձեր ու ելույթներ, տարաբնույթ  ցայտուն անհատականությունների ներգրավմամբ  կյանքի կոչվող նորաոճ ու թանկարժեքմտահղացումներ,հյուրախաղային տևական շրջագայություններ, լավագույն ընկերությունների համագործակցությամբ թողարկվող բազմաժանր ձայնասկավառակներ…Միով բանիվ, երաժիշտներն ապրում են ստեղծագործական լիափթիթ առօրյայով, զերծ “մեծապատիվ մուրացկանության” նվաստացումներից, հեռանկարային գեղարվեստական  ծրագրով համակարգված աշխատանքային ռեժիմով: Հենց այսպիսի գոյաձևի են կարոտ հայաստանցի արվեստագետները, հատկապես “կոլեկտիվիստները”:

… Գուցե հստակվի ներկայիս մշակութային մարտավարությունն էլ: Երկար սպասված հրաշքով ի վերջո այնքան լրջանա բարձր երաժշտարվեստի, առհասարակ մշակույթի նկատմամբ վերաբերմունքը, որ մարդկանց հոգեկերտվածքում բնավորված  ժամանցայինի կայսրությունը հիմնովին երերա ու փլուզվի ի նպաստ “գիտելիքահենք հասարակության ձևավորման”:Չէ որ  հոգեմտավոր բարձրարժեք սնունդի պարբերական ներարկումներով միայն   կկենսագործվեն  համակողմանիորեն բարեկիրթ հասարակության քաղաքացիների կայացմանը բարենպաստ, անընդմեջ հոլովվող հռչակված կարգախոսները:  Եվ “Արամ Խաչատրյան” համերգասրահից ամեն երեկո դուրս կհորդի  մաքրագործող երաժշտությամբ  հոգեպնդված ունկնդիրների ավելի ու ավելի ստվար բազմություն:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment