ԹՈՓՉՅԱՆՆ ՈՒ ՁՄՌԱՆ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ

Vlad MouradyanJanuary 28th, 2012
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ  նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը օրերս կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց նվագախմբի առաջիկա  ծրագրերը: Էդուարդ Թոփչյանը վերջերս է վերադարձել Իսպանիայից, ուր հրավիրված էր` ղեկավարելու Տոլեդո քաղաքի նորաստեղծ սիմֆոնիկ նվագախմբի առաջին համերգը: Է. Թոփչյանն ընդգծեց, որ շարունակելու է ինտենսիվ աշխատանք ծավալել, ինչպես հայրենիքում, այնպես էլ Իսպանիայում: Նա հավաստիացրեց, որ տարվա ընթացքում առնվազն 7 ամիս կլինի Հայաստանում: Այնպես որ զուր էր որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների անհանգստությունը, թե մաեստրոն լքում է հայրենիքը: Էդուրադ Թոփչյանի ձեւակերպմամբ` նման հրապարակումների հեղինակները պարզապես ինտրիգ են փնտրում, ինչը մաեստրոյին չի գոհացնում, բայց առանձնապես չի էլ մտահոգում: Մտահոգվելու այլ բաներ կան, ինչպես, ասենք, մեր ֆիլհարմոնիկից երաժիշտների արտահոսքը. «Մի քանի երաժիշտներ կորցրեցինք, սակայն ոմանց էլ կարողացանք պահել:

Պետք է այնպես անել, որպեսզի նրանք չգնան: Ֆիլհարմոնիկի աշխատավարձը մյուս պետական կոլեկտիվների համեմատ լավ է, բայց ձգտում ենք, որ շատ ավելի լավ լինենք»:

ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարից հետաքրքրվեցի, թե ինչպես անցավ Իսպանիայում իր առաջին համերգը:

«Շատ լավ նվագախումբ էր, շատ լավ աշխատեցինք, արդյունքն էլ լավ էր: Մամուլը շատ լավ արձագանքեց, համերգին անդրադարձան նաեւ Իսպանիայի հայտնի երաժշտագետները: Փողային կազմը պարզապես արտակարգ էր, հրաշալի էին հարվածայինները, սակայն լարայինները փոքր-ինչ թույլ էին: Ի դեպ, փետրվարին այնտեղ սպասվում է համալրում, ես նույնպես մասնակցելու եմ իրենց լսումներին»,-ասաց Թոփչյանը:

Դիրիժորը հայտնեց նաեւ, որ Տոլեդոյի նվագախմբի գալարափողահարը համաձայնվել է համագործակցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Մեր հարցին, թե ինչ պայամաններ են թելադրում հրավիրյալ երաժիշտները եւ ինչ պայամաններով է գալարափողահարը աշխատելու Հայաստանում, Է. Թոփչյանը պատասխանեց.

«Եթե պայամաններ թելադրեն, մենք չէինք կարողանա ընդունել:  Մինչեւ հիմա Հայաստան ենք բերել  հայտնի մենակատարների ու դիրիժորների` օգտագործելով ընկերական կապերը,  վճարելով իրենց հոնորարի 0 ամբողջ 10 տոկոսը: Գալարափողահարին դուր եկավ մեր համատեղ աշխատանքը: Ես ասացի, որ մենք կհոգանք ճանապարհածախսը, որոշակի դրամական պագեւ էլ կտրամադրենք, որպեսզի գա եւ աշխատի Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ: Նա էլ սիրով համաձայնվեց»:

Ասուլիսի ընթացքում Թոփչյանը խոսեց նաեւ իր ղեկավարությամբ երաժշտական ակադեմիա բացելու ցանկության մասին: Հիմքը մտադիր է դնել սեպտեմբին, որպեսզի 2020թ. արդեն պատրաստի երաժիշտներ ունենա: Այդ հարցում համախոհներ ունի, եւ մեկ րոպե անգամ չի կասկածում, որ ակադեմիան բարձր մակարդակ կունենա: Ընդունելության քննություններն էլ խծբ տարբերակով չեն ընթանա: Թոփչյանի խոսքերով` հնարավոր է, իր որդին էլ ընդունելության շեմը չհաղթահարի:

ՀՊՖՆ-ի առաջիկա անելիքների մասին խոսելիս Թոփչյանը նշեց, որ այս տարի նվագախումբը ունենալու է շատ խիտ ու հագեցած հյուրախաղային գրաֆիկ. համերգներ են նախատեսված Գերմանիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ այլն: Ի դեպ, մաեստրոն առաջարկություն է ստացել Իտալիայում եւս ղեկավարելու տեղի սիմֆոնիկ նվագախմբերից մեկը:

Իսկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի այս տարվա առաջին համերգը կկայանա փետրվարի 3 -ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կհնչեն Շումանի դաշնամուրային կոնցերտը, Չայկովսկու «Ձմռան անուրջներ» թիվ 1 սիմֆոնիան, որ հազվադեպ է կատարվել Հայաստանում (դաշնակահար` Մարիաննա Ուզանկիչյան):

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
ԹՈՓՉՅԱՆՆ ՈՒ ՁՄՌԱՆ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ, 5.0 out of 5 based on 1 rating

Tags:, , .

spacer

Leave a Comment