Մենք եւ մեր ֆիլհարմոնիկը

Karine HarutyunyanJanuary 26th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

2012-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համար խոստումնալից տարի է. ինչպես միշտ, այս տարի էլ նվագախումբը բազում անակնկալներ է խոստանում դասական երաժշտության սիրահարներին:

 «Մեր նպատակը ամենաբարձր կետին հասնելն է, որի համար մենք ունենք համապատասխան պայմաններ»,- ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը` հավելելով, որ նվագախումբը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:

 Թոփչյանը 3 օր առաջ է վերադարձել Իսպանիայից, որտեղ հանդես է գալիս որպես հրավիրյալ դիրիժոր. «Փետրվարի վերջին կրկին պետք է մեկնեմ: Ինձ առաջարկում էին 2 ամսով իրենց մոտ մնալ, բայց չհամաձայնեցի. ֆիլհարմոնիկին չեմ կարող այդքան ժամանակով «մենակ» թողնել»:

 Թոփչյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ինքը չի պատրաստվում լքել ֆիլհարմոնիկը, Իսպանիայում որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է գալու տարվա մեջ 2,5 ամիս կտրվածքով:

 Դեռ 2011-ի դեկտեմբերին մաեստրոն ահազանգել էր, որ հունվարին նվագախումբը կլքեն մի քանի երաժիշտներ: Թոփչյանը տեղեկացրեց, որ, այո, հիմա «ճանապարհին» են այդ երաժիշտները` շուտով մի քանիսը կհեռանան:«Շատերը նվագախմբի համերգից հետո ասում են, թե լավ էլ նվագում է ֆիլհարմոնիկը, Թոփչյանն էլ ի՞նչ է բողոքում: Ուզում եմ, որ ավելի լավ լինի, հերիք է`մեզնից գնան, պետք է այնպես անենք, որ մեզ մոտ էլ դրսից գան: Եվ հետո` մարդիկ ստիպված են գնում, ոչ թե սիրով»,- ասաց Թոփչյանը` հավելելով, որ մի քանիսին համոզել են, որ չլքեն նվագախումբը:

 Վերջին շրջանում երիտասարդները սկսել են ավելի հաճախ ներկա գտնվել դասական երաժշտության համերգներին: Այս առիթով մաեստրոն նշեց, որ, իսկապես, կան մարդիկ, ովքեր գալիս են հատուկ դասական երաժշտություն լսելու: Ինչ վերաբերում է պաշտոնյաների` ֆիլհարմոնիկի համերգներին մասնակցելուն, ապա Թոփչյանը հավաստիացրեց, որ ՀՀ առաջին տիկինը եւ վարչապետի տիկինը հաճախ են իրենց համերգներին մասնակցում:

 Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ ընտրությունների ժամանակ մտավորականները այս կամ այն կերպ միանում են քարոզարշավին, մաեստրոն պատասխանեց, որ եթե մեր նախագահի կողքին նվագելու կարիք լինի, ապա ինքը դա կանի. «Սակայն ոչ թե որպես քաղաքական ուժ, այլ` որպես մարդ կլինեմ նրա կողքին: Ուրիշ քաղաքական ոչ մի բանի չեմ մասնակցի. կան մարդիկ, ովքեր հավաքվում են եւ անվերջ խոսում քաղաքականությունից, ասում են, որ ամեն ինչ հասկանում են, իսկ ես ասում եմ` գլուխ չեմ հանում քաղաքականությունից»:

 Թոփչյանը նշեց նաեւ, որ ցանկանում է` նվագախումբն այն ճանապարհով գնա, որով որ շախմատը գնաց: Մաեստրոյի կարծիքով` շախմատի մեր հավաքականը թիվ մեկն է, քանի որ, բացի նրանից, որ մեր գրոսմայստերներն են հիանալի խաղում, այլ նաեւ Սերժ Սարգսյանի, Սմբատ Լպուտյանի` հավաքականի կողքին լինելու շնորհիվ է, որ մենք լավագույնն ենք աշխարհում. «Ինչո՞ւ պետք է կոնսերվատորիայի ռեկտորը մեր Սմբատ Լպուտյանը չլինի»:

 Ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի շատ անելիքներ ունի. ինչպես միշտ, ամեն ուրբաթ նվախագումբը համերգ է ունենում, եւ ինչպես միշտ, այս տարի էլ Թոփչյանը խոստանում է, որ Հայաստան կժամանեն անվանի երաժիշտներ: «Սեպտեմբերին էլ ցանկանում եմ Երաժշտական ակադեմիա բացել, որ 2020 թ. սեպտեմբերին պատրաստ երաժիշտներ ունենանք»,- ասաց Թոփչյանը:

 Նշենք նաեւ, որ այսօր ֆիլհարմոնիկն անցկացրել է 2012-ի իր առաջին փորձը:

Հեղ.` Կարինե Հարությունյան 

http://www.yerkir.am/am/news/18878.htm

15:06 – 23.01.2012

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)

Tags:, .

spacer

Leave a Comment