Արվեստում ուղեկցելու արվեստ
![]() | January 13th, 2012 by Maria Hovsepyan under Հայերեն հոդվածներ. No Comments. |
Կոմերցիոն հաջողության ոչ կոմերցիոն նպատակներն են բերում
Հին ֆրանսերենից management-ը «ուղեկցելու, ուղղություն տալու արվեստ» է թարգմանվում: Արտմենեջմենթն այս դեպքում ուղեկցություն է շուկայի հոգևոր հատվածում։ Ու եթե շուկայում առողջ մրցակցությունը սպառողի համար լավագույն արտադրանք ու ծառայություններ է խոստանում, ապա մշակույթի ու արվեստի դեպքում միանշանակ չէ, այստեղ դեռ պիտի կարողանալ տարբերել իրական լավն ու արժեքավորը:
Հայաստանում այսօր արտմենեջմենթն անհատների մենաշնորհն է, մեծ մասամբ՝ ոչ պրոֆեսիոնալների: Իրեն զգացնել է տալիս ոչ միայն ոլորտի մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատությունների պակասը։ Wise Businness ընկերության հիմնադիր, «Կոմիտաս» քառյակի մենեջեր Հայկ Վարդանյանի համոզմամբ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի այն միակ ֆակուլտետը, որտեղ պրոդյուսերինգ է դասավանդվում, չի կարող արդյունավետ լինել: Հայկը համոզված է, որ ոչ թե արվեստագետները պետք է մենեջերներ դառնան, այլ տնտեսագիտական կրթություն ստացած մասնագետները պետք է զբաղվեն արտմենեջմենթով:
«Դասական երաժշտության ոլորտը մենեջերների համար դեռևս հրապուրիչ չէ, քանի որ ժամանակային և գումարային ներդրումը երկարաժամկետ հեռանկարում է դիտվում»,– ասում է Հայկ Վարդանյանը: Պատճառը երկրում շուկայի զարգացվածությունն է. մշակույթը, արվեստը քչերին է հետաքրքրում, մշակութային կյանքը կենտրոնացած է առավելապես մայրաքաղաքում, մարզերն ընդհանրապես դուրս են մղված մշակութային կյանքից։
Արման Պադարյանն ասպարեզում է 1995-ից: Նա աշխատել է Լորիս Ճգնավորյանի, «Հովեր» կամերային երգչախմբի, «Կոմիտաս» քառյակի, տարբեր ռոք խմբերի հետ, 2011-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մենեջերն է: Արմանի կարծիքով՝ Հայաստանի պես փոքր երկրում արտմենեջմենթի հիմնական նպատակներից մեկը արտադրանքի, այսինքն՝ մշակույթի արտահանումը կարող է լինել՝ չնայած առկա բազմաթիվ խոչընդոտների։ «Մենք ներգրավված չենք միջազգային ինդուստրիալ համակարգում։ Sony music-ի պես խոշոր ընկերությունները հետաքրքրված չեն մեր նման փոքր երկրի հետ համագործակցությամբ։ Շատ դժվար է այստեղից ինչ-որ բան ներկայացնել և վաճառել: Մեր երաժիշտներին ավելի հեշտ է գնալ և տեղում իրենց հարցերը լուծել»,– ասում է Արմանը։
Հայկ Վարդանյանն էլ արտահանման մասին մտածելուց առաջ հորդորում է լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ տանել։ «Մինչև օրս ցածր է հայ արվեստագետների ներկայացվածության մակարդակը ինտերնետում, չկան, ասենք, որակյալ կատալոգներ, որտեղ ներկայացված կլինեն, օրինակ, հայ նկարիչները»,– ասում է Հայկը:
Արտմենեջմենթը յուրահատուկ ոլորտ է, այն պետք չէ շփոթել շոու-բիզնեսի հետ: Այստեղ առաքելությունը նաև ճաշակ ձևավորելն է, այլապես մշակույթն այդպես էլ շուկա չի ունենա։
Հեղ.` Մարիա Հովսեփյան
10 հունվար – 11:09
http://orakarg.am/index.php/culture/74-opera-ballett-musical/2416-artmanagement.html