Էդուարդ Թոփչյանը բեմ էր բարձրացել Ձմեռ պապի գլխարկով

December 22nd, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Որովհետեւ առջեւում Նոր տարին է, Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում էլ «Շչելկունչիկն» էր` համերգային տարբերակով:

Չնայած մաեստրոն մի քանի րոպե անց գլխարկը հանձնեց առաջին ջութակի հսկողությանը, բայց դրանից հեքիաթային տրամադրությունը չփոխվեց, որովհետեւ բեմում հեքիաթ էր: Բանն այն է, որ համերգին զուգահեռ` համակարգչային գրաֆիկայով ցուցադրվում էր անիմացիա: Եվ այն ոչ թե նախապես էր պատրաստված, այլ նկարիչ եւ համերգի ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը տեղում էր նկարում: Հեքիաթի հերոսուհու` Մարիայի երազը պատկերվում էր ապակու վրա, որը փոքրիկ տեսախցիկի միջոցով արտացոլվում էր բեմի հետնապատին:

Պատկերի մեջտեղում էլ տոնածառի կլոր խաղալիք էր կախված` պայմանական խաղալիք, որը կարծես տանը կատարվող իրադարձությունների արտացոլանքը լիներ: Հեքիաթի կադրերը վարպետը նկարել էր նախապես: «Կարեւորն այն է, որ հեքիաթը ստանանք: Եթե դահլիճում երեխաներ կան ու ձայն չեն հանում, նշանակում է` ստացվել է: Մի աչքով ապակուն եմ նայում, մյուսով` բեմին, որպեսզի հասկանամ` արդյոք այստեղ նկարածս բեմում ճիշտ է երեւում: Սկզբում յուղաներկով էի անում, հիմա` գուաշով, հետո կփորձեմ ուրիշ բան մինչեւ ստանամ ուզածս: Նույնիսկ չգիտեմ էլ` ինչ եմ ուզում ստանալ»,- «աներեւույթ» նկարչի գաղտնիքը ծիծաղելով բացահայտում է ինքը` նկարիչը: Այսպես նա սկսել է մոտ 15 տարի առաջ: Մինչ այդ հենց բեմում էր նկարում: «Արվեստը կենդանի է այն ժամանակ, երբ ստեղծագործում ես: Հենց ձայնագրեցիր, պահեցիր, կարծես մահանում է»,- ասում է նա:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ ասում է, որ հենց այսպիսի ոչ սովորական մտքեր է ունենում, անմիջապես դիմում է Սուքիաս Թորոսյանին:

Բեմում երաժշտությունն ընդհատվում էր միայն այն ժամանակ, երբ հնչում էր Աննա Միքայելյանի ձայնը: Նա հեքիաթից հատվածներ էր ներկայացնում, որպեսզի փոքրիկ հանդիսատեսին էլ ավելի հասկանալի դառնային անիմացիան ու երաժշտությունը: «Արդեն մոտ 20 տարի է` կարդում եմ: Իմ ծրագրում հիմնականում ռուսական արձակի «արծաթե դարն» է` Մայակովսկի, Մարինա Ցվետաեւա: Երբեմն նվագախմբի հետ էլ եմ ելույթ ունենում: Չայկովսկին ինձ շատ հոգեհարազատ է, հանճարեղ երաժշտություն է, եւ մեծ հաճույք եմ ստանում այս նվագախմբի հետ աշխատելուց»,- ասում է բեմի խորքից հնչող ձայնի հեղինակը:

Հանդիսատեսը ժամանակ առ ժամանակ ստիպված էր լինում հայացքը բեմից շեղել, այն էլ` ձայների ուղղությամբ: Դահլիճի ձախ օթյակից նվագախմբին էր միանում «Սպեղանի» մանկական երգչախումբը` հեքիաթն ամբողջացնելու համար:

Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ «Շչելկունչիկ» բալետն ընդամենը Նոր տարվա համերգ է եղել` նախատեսված արքունիքի համար: Հետո միայն հեղինակին խնդրել են, որ այն վերածի բալետային ներկայացման:

Նշենք նաեւ, որ Չայկովսկու հեքիաթը բեմ կբարձրանա նաեւ դեկտեմբերի 25-ին: 

Հեղ.` Ծովինար Կարապետյան
Տեղադրվել է 22-12-2011

Ֆոտոշարքն այստեղ` http://youth.am/index.php?lang=1&id=8616

http://youth.am/index.php?lang=1&id=8614


VN:F [1.9.20_1166]
Rating: 3.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
Էդուարդ Թոփչյանը բեմ էր բարձրացել Ձմեռ պապի գլխարկով, 3.0 out of 5 based on 1 rating

Tags:, .

spacer

Leave a Comment