ԹՈՓՉՅԱՆԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ…

Vlad MouradyanDecember 18th, 2011
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.

 

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ հրավեր է ստացել եւ հունվար ամսին պատրաստվում է մեկնել Իսպանիա: Ինչպես օրերս կայացած ասուլիսի ժամանակ ասաց նա, ինքը գլխավոր հրավիրված դիրիժորի կարգավիճակում տարին երկու եւ ավելի ամիս կբացակայի հանրապետությունից: Նա առայժմ հրաժարվեց նշել նվագախմբի անվանումը, որի հետ այսուհետ աշխատելու է. դեռ բարձրաձայնելու իրավունք չունի:
Մեր հարցին, թե ինչը գայթակղեց Է. Թոփչյանին նման առաջարկն ընդունելու համար, նա պատասխանեց. ՙՓողը, պատիվը, արտակարգ նվագախմբի հետ աշխատելու հնարավորությունը, ինչպես նաեւ` ցանկացած պահին Մադրիդի ՙՌեալի՚ խաղերը դիտելը՚: Նմանատիպ առաջարկներ նախկինում էլ ունեցել է, մեկ անգամ` Գերմանիայից, բայց ժամանակի սղության պատճառով մերժել է: Արդեն որոշված է այն ծրագիրը, որով աշխատելու է Իսպանիայում:
Ամփոփելով տարին` մասնավորապես նշեց, որ 2011թ. ՀՊՖՆ հանդես է եկել յուրահատուկ ծրագրերով. Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի 5-րդ հոբելյանական մեկնարկը նվիրված էր միաժամանակ երկու կարեւորագույն տոների` ՀՀ Անկախության 20-ամյակին եւ նվագախմբի կազմավորման 85-ամյակին: Ֆիլհարմոնիկի համար մեծ պատիվ եւ ուրախություն է եղել սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում ներկայացնել ՙՀերոսական բալլադը՚` բաղկացած հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունների 25 հատվածներից: Է. Թոփչյանի համար տարին նշանավորվեց նաեւ համաշխարհային մեծության արտիստների մենակատարությամբ համերգների իրականացմամբ: 2011թ. կատարված աշխատանքներում նա հատկապես հաջողված է համարում երիտասարդությանն ուղղված ծրագրերը:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը հպարտությամբ տեղեկացրեց, որ օգոստոսին լույս է տեսել ՀՊՖՆ-ի հերթական ձայնասկավառակը` վերնագրված ՙՀայկական ռապսոդիա՚: Ձայնասկավառակը ներառում է հայ կոմպոզիտորների հեղինակած չորս գործեր: Ի դեպ, ձայնասկավառակն արդեն գրավել է եվրոպական երաժշտասեր ունկնդրի եւ քննադատների ուշադրությունը, Լոնդոնի ՙIndependent՚ հեղինակավոր պարբերականի կողմից արժանացել ՙՇաբաթվա ձայնասկավառակ՚ կոչմանը (Album of the Week): Հավելենք, որ մինչ տարեվերջ, ֆիլհարմոնիկը հանդես կգա չորս համերգներով. դեկտեմբերի 16-ին կներկայացնի բրիտանական երաժշտության համերգ, որի շրջանակներում կներկայացվի հռչակավոր կոմպոզիտոր Հոլսթի ՙՄոլորակներ՚ սյուիտը: Երաժշտական կատարմանն առանձնահատուկ շուք կփոխանցի համակարգչային գրաֆիկան, որ կպատկերի սյուիտում ներկայացվող յոթ մոլորակները եւ ունկնդիրներին կտեղափոխի տիեզերական աշխարհ: Համերգին կմասնակցի նաեւ ՙՀովեր՚ պետական կամերային երգչախումբը:
Իսկ դեկտեմբերի 21-ին եւ 25-ին` Ամանորին ընդառաջ, բազմաթիվ ունկնդիրների խնդրանքով կրկին կներկայացվի Չայկովսկու ՙՇչելկունչիկ՚ բալետի համերգային կատարումը, որը կուղեկցվի Հոֆմանի հանրահայտ հեքիաթի ընթերցմամբ եւ հեքիաթը պատկերող գեղարվեստական նկարների էկրանավորմամբ: Համերգին կմասնակցի ՙՍպեղանի՚ մանկական երգչախումբը:
ՀՊՖՆ-ի ծրագրերում է նաեւ դեկտեմբերի 24-ի գալա համերգը` նվիրված ՀՊՖՆ-ի 85-ամյակին: Որպես մենակատար` հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Այս համերգով ՀՊՖՆ-ն կամփոփի նվագախմբի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Leave a Comment