Ապագա դասականներն այսօր անտեսվա՞ծ են

Karine HarutyunyanDecember 16th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանում գնալով ծաղկում է թռի-վռի երաժշտությունը, օրեցօր շատանում են նման երաժշտություն լսողներն ու կատարողները: Դասական երաժշտությունը… չնայած կենդանի է, բայց երկրոդ պլան է մղված: Եվ չնայած այս ամենին, ՀՀ մշակույթի նախարարությունը շուտով տարին կամփոփի` չմոռանալով նշել մշակութակենտրոն քաղաքականության 2011թ. ձեռքբերումները: Երիտասարդ կոմպոզիտորներն անտարբերության են մատնված, ֆիլհարմոնիկ նվագախումբն էլ ֆիզիկապես չի կարող հասցնել կատարել բոլոր կոմպոզիտորների ստեղծագործությունները եւ արդյոք որքանով է ճիշտ կատարել բոլոր աշխատանքները: 

Հայաստանի երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորման հիմնադիր նախագահ Արսեն Բաբաջանյանը կարծում է, որ երիտասարդ կոմպոզիտորներին շատ քիչ ուշադրություն է դարձվում. «Մշակույթի դաշտում որեւէ մարտավարություն չի գործում: Գոնե տարեկան մեկ համերգ նվիրվի երիտասարդների ստեղծագործություններին»:

Երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միությունը չի ցանկանում ոչինչ փրկել, այլ գործում է, որպեսզի վերջնականապես չմահանա արդի ակադեմիական երաժշտական արվեստը Հայաստանում: Երիտասարդ կոմպոզիտոր Մավր Մկրտչյանն էլ նշեց, որ այժմ շատ երիտասարդ կոմպոզիտորներ ձգտում են արտասահման գնալ, որտեղ նրանց գնահատում են եւ չեն «թողնում», որ վերջիններս հայրենիք վերադառնան: «Կոմպոզիտորի համար շատ կարեւոր է, որ իր ստեղծագործությունը կատարվի, իսկ մեզ մոտ անգամ կոնսերվատորիայում չես հանդիպի, որ ուսանողն իր աշխատանքը կատարի դիպլոմայինի ժամանակ»:


Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշեց, որ իրենք պարբերաբար կատարում են նաեւ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները. «Չեմ կարող ասել, որ մեկ համերգ ենք նվիրում, բայց անդրադառնում ենք: Մենք ինչքա՞ն կոմպոզիտորներ ունենք Հայասատանում. ֆիզիկապես հնարավոր չէ բոլորի աշխատանքները կատարել եւ հետո պետք է ճշտել, թե այդ գործերի որ մասն է պետք կատարել»,- ասաց Թոփչյանը: Վերջինս հիշեցնում է, որ Բեթհովենը 9 սիմֆոնիա է գրել, բայց գրել է նաեւ 10 ջութակի սոնատ, 32 դաշնամուրի սոնատ, տրիոներ, այսինքն` թող երիտասարդ կոմպոզիտորներն իրենց սոնատները, տրիոները, փոքր գործերը կատարեն, «մեջտեղ գան» եւ նոր միայն սիմֆոնիաների մասին խոսեն: «Մեզ մոտ հակառակ պրոցեսն է. ունկնդիրն ասում է` չափից շատ են ժամանակակից գործերը, որոնք իրենք չեն ուզում լսել. ի՞նչ անենք»,- ասաց Թոփչյանը:
Նա նկատեց, որ անհրաժեշտ է նվագախումբ ունենալ, որը հենց երիտասարդների ստեղծագործություններն էլ կկատարի, ինչպես նախկինում ռադիոյի նվագախումբն էր` Ռաֆայել Մանգասարյանի ղեկավարությամբ: «Երբ ես էի սովորում կոնսերվատորիում, ունեի բազմաթիվ կոմպոզիտոր ընկերներ, եւ ընկերներով իրար օգնելով` կատարում էինք մեկս մյուսի գործերը: Այսօր կոնսերվատորիայի նվագախումբը չի լուծում այն խնդիրը, որը դրված է իր առջեւ»,- ասաց Թոփչյանը:
38-ամյա Սոֆյա Հունանյանը դասական երաժշտության եւ ոչ մի համերգ բաց չի թողնում, սակայն երիտասարդների կատարումները այնքան էլ սիրով չի լսում. «Երիտասարդները չեն աշխատում իրենց վրա, եթե 1-2 գործ են գրել, կարծում են, թե իրենք հանճար են: Ժամանակակիցների ստեղծագործությունները մի տեսակ փնտրող մարդու մտքեր ոնց որ լինեն. հաճախ մի մասը մյուսին չի էլ միանում»: Իսկ, ահա, 46-ամյա Գարեգին Խաչատրյանը, ընդհակառակը, կարծում է, որ եթե այժմ երիտասարդների ստեղծագործություններին հնարավորություն չտան բեմ ելնելու, էլ ինչ ոգեւորությամբ են հետագայում աշխատելու. «Լավ էլ գործեր են ստեղծում: Գուցե ոգեւորենք, էլ ավելի լավ աշխատեն. պետք է, չէ՞, ինչ-որ տեղից սկսեն: Եկեք ժամանակակիցներին այլ տեսանկյունից նայենք. չէ որ ինչ-որ ժամանակ անց նրանցից ոմանք էլ դասական են դառնալու»:

Երիտասարդները կողմ են երիտասարդների ստեղծագործությունները լսելուն, ուղղակի ցավն այն է, որ նրանք էլ դասական երաժշտություն չեն լսում: Օրինակ, 23-ամյա Աննա Միքայելյանը նշեց, որ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները պետք է անպայմանորեն կատարվեն, եւ դասական երաժշտություն նախընտրողները հաստատ կգնան նման համերգի. «Ճիշտ է, դասականն իմը չէ, բայց նա, ով սիրում է երաժշտության այդ տեսակը, ինչ տարբերություն, թե որ կոմպոզիտորի ստեղծագործությունն է լսում, կարեւորըՙ այն լավը լինի»:

Հեղ. `Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)
Ապագա դասականներն այսօր անտեսվա՞ծ են, 5.0 out of 5 based on 1 rating

Tags:, .

spacer

Leave a Comment