Դեկտեմբերյան լրատուն

December 3rd, 2011
by
under Uncategorized.
No Comments.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ուրախ է ներկայացնել իր դեկտեմբերյան ծրագրերը և մոտ ապագային վերաբերող ստեղծագործական նպատակները:

Սակայն մինչ ծրագրերին անցնելը, կցանկանայինք անդրադառնալ նոյեմբեր ամսին հաջողությամբ իրականացված մեր նախագծերին, որոնք նշանավորվեցին երկու կարևոր հոբելյանական միջոցառումներով. տեղի ունեցավ համերգ` նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 140-ամյակին, և համերգ-հանդիսություն` նվիրված մեր սիրելի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ստեղծագործական կյանքի 50-ամյակին: Երկու իրադարձություններն էլ կայացան մեծ հաջողությամբ և ևս մեկ անգամ ապացուցեցին մեր նվիրվածությունը հայ երաժշտարվեստի մեծարմանը:

Դեկտեմբեր ամսին ծրագրում ենք իրականացնել մի քանի տպավորիչ միջոցառումներ և վստահ ենք, որ կրկին կմիանաք մեզ` միասին տոնելու մի քանի կարևոր առիթները:

Հախնազարյանների տաղանդաշատ ընտանիքը կմիավորվի մեզ հետ մեկ բացառիկ համերգում, որը բաց թողնելն անթույլատրելի է երաժշտասերիս համար: Այնուհետ` կներկայացնենք Բրիտանական երաժշտության համերգ` ի պատիվ ՀՊՖՆ-ի բարեկամ, դեսպան Չարլզ Լոնսդեյլի, ով եզրափակում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը:

Տարին կամփոփվի Ֆիլհարմոնիկի 85-ամյա հոբելյանին նվիրված շքեղագույն երեք համերգներով: Մասնավորապես, երկու անգամ կներկայացվի Պ.Ի. Չայկովսկու “Շչելկունչիկ” բալետի համերգային կատարումը (բեմադրիչ Սուքիաս Թորոսյան), որը արդեն մի քանի անգամ կայացել է լեփ-լեցուն սրահներում. տեղի կունենա ԳԱԼԱ համերգ, որտեղ որպես մենակատար մեզ կմիանա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

Համերգները խոստանում են անմոռանալի լինել. ուրախ կլինենք եթե միանաք մեզ:

2012թ. Ֆիլհարմոնիկը կշարունակի իր գործունեությունը` չնայած ֆինանսական լուրջ սպառնալիքներին: Մեր հիմնական խնդիրները նույնն են. փորձել հիմնել Endowment Հիմնադրամ, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների ակադեմիա` նպատակ ունենալով կրթել Նվագախմբի գալիք սերնդին:

Վստահաբար կշարունակենք երիտասարդներին համերգներին հրավիրելու մեր քաղաքականությունը. կշարունակվեն մեր համերգները ԲՈՒՀ-երում: Այս անգամ, հավանական է, հանդես գանք նաև Գյումրիում և Ստեփանակերտում, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան մեզ լսել կենդանի հնչողությամբ: Հույս ունենք նաև ստանալ քաղաքական և գործարար աշխարհի առաջատար անձանց աջակցությունը` հնարավորություն ունենալու հատուկ համերգներ իրականացնել երեխաների համար:

Տուրիստական կազմակերպությունների հետ համագործակցության մեր ուղղվածությունը ևս կշարունակվի, քանի որ առաջին փորձը համարում ենք բավական հաջողված: Հույս ունենք, որ դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթներում հնարավոր կլինի ընդգրկել նաև մեր համերգների տոմսը:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ Նախագահին, ՀՀ Նախագահի Տիկնոջը, ՀԲԸՄ-ին, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը, Երևանի կոնյակի գործարանին, Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երի ռեկտորներին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր գաղափարներին և հավատում Հայաստանի երիտասարդ սերնդին զարգացնելու, ինչպես նաև մեր քաղաքացիների և հյուրերի ժամանցին առավել երաժշտական և դասական ուղղվածություն հաղորդելու մեր ձգտումներին

Մենք շնորհակալություն ենք հայտնում նաև մեր մյուս բոլոր գործընկերներին, ովքեր գաղափարակից են մեզ: Այս հարաբերություններն անգնահատելի արժեք ունեն մեր կատարած աշխատանքում: Համագործակցելով և միմյանց աջակցելով` մենք հաճախ  սովորում ենք միմյանցից,  որոնում և գտնում ենք նորանոր ուղիներ` բարելավելու մեր հասարակական կյանքը, կառուցելու համայնք և իրավամբ առանձնահատուկ տեղ հատկացնելու դասական երաժշտության համար: 

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Leave a Comment