Կցանկանայի, որ ինձ ականջներով ընկալեն, ոչ աչքերով

Maria HovsepyanDecember 1st, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
1 Comment.

 

Դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյան. «Գերագույն հաճույք է բեմը կիսել ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց մտքերն ու զգացմունքները համահունչ են քո մտքերին ու զգացմունքներին»։

Նոյեմբերի 29-ին ամերիկաբնակ դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը մենահամերգով հանդես եկավ Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանյան հյուրախաղերի ընթացքում կայացել էր ևս մեկ համերգ՝ նոյեմբերի 25-ին Հայաստանի պետական նվագախմբի ընկերակցությամբ Սոֆյան կատարում էր Բեթհովենի թիվ 3 դաշնամուրային կոնցերտը:

Սոֆյա Մելիքյանը երաժշտական կրթությունը նախ ստացել է Երևանում, ապա՝ Իսպանիայում, որտեղ ավարտելով կոնսերվատորիան՝ ուսումը շարունակել է Փարիզի Ալֆրեդ Կորտոյի անվան Ecole Normale de Musique-ում։

Երիտասարդ դաշնակահարուհին միջազգային մի շարք մրցույթների մրցանակակիր է՝ Լինարեսի Marisa Montiel International Piano Competition մրցանակաբաշխությունում նրան շնորհվել է 1-ին մրցանակը՝ «Առանձնահատուկ տաղանդի համար», Փարիզի Amigos del Colegio de Espana-ում և Իսպանիայի Ibiza International Piano Competition-ում՝ կրկին 1-ին մրցանակ, Jose Iturbi and Maria Canals International 15-րդ մրցույթում՝ «Բարձրագույն և հատուկ մրցանակ»:

Վերջին մենահամերգից հետո «Օրակարգ»-ի թղթակիցը զրուցել է դաշնակահարուհու հետ։

-Դուք միայն մենակատար չեք, ևս մի նախագծում էլ եք ներգրավված։ Կպատմե՞ք «Սիմա» տրիոյի մասին։

-Տրիոն ձևավորվել է ԱՄՆ-ում 2009թ.։ Մեր ջութակահարը՝ Սամի Մերդինյանը, արգենտինահայ է, թավջութակահար Անի Կալայջյանը՝ ամերիկահայ: Բավական ակտիվ համերգային գործունեություն ենք ծավալում: Երկու օր հետո ես մեկնում եմ Իսպանիա, որտեղ մի շարք համերգներ պիտի տանք «Սիմա» տրիոյով: Անսամբլային գործունեությունն ինձ շատ է հետաքրքրում։ Գերագույն հաճույք է բեմը կիսել ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց մտքերն ու զգացմունքները համահունչ են քո մտքերին ու զգացմունքներին:

-Առաջին իսկ մրցույթին, որին մասնակցեցիք, արժանացաք առաջին մրցանակի «Առանձնահատուկ տաղանդի համար»: Ինչպե՞ս անդրադարձավ սա երիտասարդ երաժշտի վրա, չէ որ այդ ժամանակ Դուք ընդամենը 19 տարեկան էիք։

-Իհարկե, լինում են դեպքեր, երբ նման հաղթանակները խանգարում են ներդաշնակ զարգանալ կատարողին։ Խտանում է համերգային գրաֆիկը, ժամանակն է սեղմվում։ Սակայն ինձ համար հաղթանակը շատ դրական էր: Այն ուժ տվեց, է՛լ ավելի մեծ ջանքեր գործադրելու և շարունակելու ցանկություն: Ես շատ ոգևորված էի, և դա ստիպեց ինձ զարգանալ:

-Ինչո՞վ եք առաջնորդվում նվագացանկն ընտրելիս։

-Երբեմն ընտրությունը պահի կամ ժամանակաշրջանի տպավորություններից, հետաքրքրություններից է կախված: Վերջերս շատ եմ կատարում ֆրանսիական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երբ երաժիշտը երիտասարդ է, նա պետք է հնարավորինս բազմազան երաժշտություն կատարի:

Ռեպերտուարը պետք է նպաստի նրա թե՛ տեխնիկական թե՛ էմոցիոնալ ունակությունների հավասարաչափ զարգացմանը: Միայն ժամանակի հետ, ճանաչելով ինքդ քեզ, կարողանում ես գտնել այն ռեպերտուարը, որը թույլ կտա հնարավորինս ազատ և բնական արտահայտվել։

-Իսկ կա՞ երաժշտություն, որը չէիք ցանկանա կատարել։

-Չգիտեմ, երբեմն ընտրելու հնարավորություն էլ չես ունենում: Նվագում ես այն, ինչը կօգնի զարգանալ, երբեմն էլ ստիպված ես նվագել այն, ինչ առաջարկում են:

-Ինչի՞ մասին եք երազում։

-Երազում եմ հնարավորություն ունենալ կենտրոնանալ այն կոմպոզիտորների ստեղծագործությունների վրա, որոնք ինձ հոգեհարազատ են, աշխատել նրանց երաժշտության խորքային ընկալման վրա: Կատարել ոչ թե հատուկենտ գործեր, ժամանակ առ ժամանակ, այլ ստեղծել նրանց երաժշտության սեփական ամբողջական մեկնաբանությունը:

-Դուք նաև գեղեցիկ կին եք. դա օգնո՞ւմ է կարիերայում, թե՞ խանգարում։

-Ցավոք սրտի, աշխարհը հիմա շատ ավելի վիզուալ է դարձել, և մարդիկ ընկալում են ավելի շատ աչքերով, քան ականջներով: Բայց ես հուսով եմ, որ իմ կյանքում այդպես երբեք չի լինի:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ գրավում Նյու Յորքում։

-Այն կոսմոպոլիտ քաղաք է: Այնտեղ շատ բան է կարելի տեսնել, լսել, գտնել այն ամենը, ինչ պետք է մարդուն։

-Իսկ Երևանո՞ւմ։

-Երևանը իմ քաղաքն է, իմ հայրենիքն է: Ես չեմ կարող գնահատել կամ որակել այն, պարզապես զգացմունքներ են: Ամեն անգամ, երբ գալիս եմ Երևան, ներդաշնակության զգացողություն եմ ունենում։

Հեղ.` Մարիա Հովսեփյան 

01 դեկտեմբեր – 11:06 

http://orakarg.am/index.php/culture/74-opera-ballett-musical/1764-sofya-meliqyan.html

video report at: http://www.youtube.com/watch?v=JbhbliMlRGU&feature=youtu.be

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

One Comment

soem  on December 12th, 2011

Geraguyn hachuik e lsel ays dashnakaharuhun. amen hnchyun@ imastavorvats e, energiav ltsvats. Na basum e unkndrin khore ev erangnerov hagetsvats mi ashkharh. Anshusht, hetevelu em nra stegtsagortsakan gortsuneutyan@.

VA:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VA:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Leave a Comment