Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոն

September 9th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

ԱԶԳ” Օրաթերթ

http://azg.am/AM/2011090917

Այսօր մեկնարկում է «Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը», որը իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության 20-ամյակին եւ նվագախմբի 85-ամյա հոբելյանին: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը:

ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը երեկ տված ասուլիսում ասաց. «Նշանակալից համերգով ենք սկսում փառատոնը` Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայով, որը ես ամբողջ կյանքում վախեցել եմ ղեկավարել: Քսան տարի պատրաստվել եմ դրան` ամեն օր մի բան մտածելով, ուսումնասիրելով եւ մինչեւ հիմա վստահ չեմ, որ ամեն ինչ ճիշտ եմ անում: Շատ ուրախ եմ, որ մաեստրո Չեքիջյանի երգչախմբի հետ է լինելու համերգը: Ինձ համար մեծ պատիվ է, որ հնարավորություն ունեմ համագործակցելու համաշխարհային հռչակ ունեցող Կապելլայի հետ: Ունենք հիանալի մենակատարներ, դիրիժորներ եւ հուսով եմ, որ կկարողանանք երաժշտական տոն դարձնել այս մեկ ամիսը»:

Այն բաղկացած է տասը համերգից, որի շրջանակներում փառատոնին կհյուրընկալվեն համաշխարհային դասական երաժշտարվեստի ավելի քան քսանհինգ ներկայացուցիչներ տարբեր երկրներից` Ալեքսանդր Չաուշյան, Էշլի Վոս, Եվգենի Սուդբին, Քրիստոֆեր Ուորեն-Գչին (Մեծ Բրիտանիա), Փոլ Մայեր, Ժիլբեր Օդին, Վահան Մարտիրոսյան (Ֆրանսիա), Հեննինգ Քրագերուդ (Նորվեգիա), Դիմուտ Պեպեն, Կլաուդիո Բորխես ( Գերմանիա), Սամվել Բարսեղյան (Պորտուգալիա), Դայշին Կաշիմոտո (Ճապոնիա), Կոնստանտին Լիֆշից (Ռուսաստան), Կլաուդիո Վանդելլի (Իտալիա) եւ այլք: Փառատոնը հագեցած է Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Շումանի, Ստրավինսկու եւ այլ գործերով:

Վարպետության դասեր կանցկացնեն փառատոնի բոլոր հյուրերը հայ երիտասարդների համար, որը կրթադաստիարակչական մեծ նշանակություն ունի:

Փառատոնի հոբելյանական բացմանը կհնչի Երվանդ Երկանյանի «Հերոսական» Ռապսոդիան` նվիրված Անկախության 20-ամյակին եւ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան:

Արամ Խաչատրյան համերգասրահի դահլիճի նախասրահում գործող լուսանկարչական ցուցահանդեսը մեծ շուք կփոխանցի փառատոնի ողջ ընթացքում: Լուսանկարներում ներկայացվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությունը, ինչպես նաեւ հայ դասական երաժշտարվեստի մեծանուն գործիչների արխիվային լուսանկարներ (հեղ. Վահան Քոչար): Փառատոնի ծրագրում` սեպտեմբերի 9-ին փառատոնի բացման համերգ, սեպտեմբերի 14, 24, 27-ին կամերային երաժշտության համերգ, սեպտեմբերի 18, 25-ին եւ հոկտեմբերի 1, 6-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, հոկտեմբերի 9-ին Կոնստանտին Լիֆշիցի մենահամերգ, իսկ հոկտեմբերի 12-ին փառատոնի փակման համերգ` ՀՊՖՆ:

Հեղ.` Մանանա Հովակիմյան 

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)

Tags:, .

spacer

Leave a Comment