Ցուկերմանը որոշեց շոյել հայերի ազգային ինքնասիրությունը

Maria HovsepyanOctober 28th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

http://orakarg.am/index.php/culture/75-sight/1007-zukerman.html

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ լեգենդար ջութակահար Պինկաս Ցուկերմանը: Ծրագրում Ջուզեպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքն էր, Չայկովսկու թիվ 6 «Պաթեթիկ» սիմֆոնիան և Մաքս Բրուխի թիվ 1 ջութակի կոնցերտը: Երաժիշտը երկրորդ անգամ էր Հայաստանում: Անցյալ տարի նրա ելույթը նշանավորեց «Երևանյան հեռանկարներ» 11-րդ փառատոնի մեկնարկը: Այս տարի նա եզրափակում էր փառատոնի 12-րդ համերգաշրջանը:

 Ծագումով հրեա Պինկաս Ցուկերմանը գրեթե ամբողջ կյանքում ապրել է ԱՄՆ-ում: 24 տարեկանում նա ընդունվել է Juilliard հեղինակավոր երաժշտական դպրոցը, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Իցխակ Շտերնը և հայազգի Իվան Գալամյանը: Ցուկերմանը 20-րդ և 21-րդ դարերի լավագույն երաժշտի համարում ունի։

 Համարյա կեսդարյա կարիերայի ընթացքում նա հանդես է եկել աշխարհի ամենահռչակավոր նվագախմբերի հետ և 100-ից ավելի ձայնագրություններ կատարել: Նրա ձայնագրությունները 21 անգամ առաջադրվել են «Գրեմի» մրցանակի, շահել են երկուսը: Ցուկերմանը հայտնի է նաև իբրև դիրիժոր: Այժմ նա բնակվում է Կանադայում և ղեկավարում Օտավայի Ազգային արվեստի կենտրոնի նվագախումբը։ Ցուկերմանը դասավանդում է նաև հեղինակավոր Manhattan School of Music-ում:

 Համերգին ընդառաջ Պինկաս Ցուկերմանը 15-րոպեանոց հանդիպում ունեցավ լրագրողների հետ։ Անընդհատ կատակում էր։ «Ո՞րն է Ձեր կյանքի մեծագույն նվաճումը»՝ դեռ սպասում է դրան: Բայց այս տարվա մեծագույն նվաճումը թոռնուհու ծնունդն է։ Լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյոք նա հիշում է իր հայ ուսուցչին:

Չնայած տարիներ առաջ հարցազրույցներից մեկում Ցուկերմանը խոստովանել էր, որ հաճախ էր փախչում Իվան Գալամյանի պարապմունքներից, քանի որ Գալամյանն իրեն չէր հասկանում, սակայն այս անգամ երաժիշտը որոշեց շոյել մեր ազգային ինքնասիրությունը: «Նա մեծ մարդ էր։ Նա ջութակահարների երկու սերունդ է կերտել և ջութակի կատարյալ նվիրյալ էր»,– ասաց Ցուկերմանը՝ հավելելով, թե հայ կատարողներից ծանոթ է թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ և արդեն հրավիրել է նրան Կանադա՝ իր նվագախումբ։ Հանդիպման ավարտից հետո «Օրակարգ»-ի թղթակցին հաջողվեց ևս մի քանի հարց ուղղել երաժշտին:

 –Դուք երևանյան համերգի համար ընտրել եք Մաքս Բրուխի ջութակի թիվ 1 կոնցերտը։ Այն բավական ճանաչված է, սակայն Հայաստանում գրեթե չի հնչում: Գիտեի՞ք այդ մասին։

 –Իրո՞ք։ Ո՛չ, չգիտեի, զարմանալի է։ Ես շատ հաճախ եմ այն կատարում։ Իհարկե, ավելի հանրաճանաչ կոնցերտներ կան, սակայն Բրուխը շատ տաղանդավոր է, ես հաճույքով եմ կատարում նրա երաժշտությունը: Այն ինձ համար երաժշտության մեջ գերմանական ռոմանտիզմի լավագույն նմուշներից է:

 –Դասական երաժշտությունը պրոպագանդման կարիք ունի՞։

 –Անշուշտ ունի: Ես համարում եմ, որ դասական երաժշտության տարածման հիմնական միջոցը երաժշտական դպրոցներն են: Ծնողները երեխայի երաժշտական կրթությամբ պետք է զբաղվեն արդեն 3-5 տարեկանից։ Ես այդ նպատակին իմ դասախոսական աշխատանքով եմ նաև ծառայում։

 –Ձեզ ավելի հաջողակ եք համարում իբրև կատարո՞ղ, թե՞ դիրիժոր:

 –Հուսով եմ՝ հաջողակ եմ իբրև մարդ արարած (ժպտում է – Մ.Ա.):

 –Ձեզ համար կարևո՞ր է, թե ինչ գործիքով եք նվագում, ունե՞ք նախասիրություններ։

 –Այո՛, իհարկե: Արդեն 31 տարի է, ինչ ինձ հետ է Գվառներիի՝ 16-րդ դարում պատրաստած ջութակը: Սա ամենաերկար հարաբերություններն են իմ կյանքում (ծիծաղում է – Մ.Ա.), ամենաերկարակյաց ամուսնությունը։

 Հեղ.` Մարիա Հովսեփյան 

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Leave a Comment