Ծափողջյունների կամ բրավոների քանակով չեմ գնահատում իմ աշխատանքը

Maria HovsepyanOctober 9th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

http://orakarg.am/index.php/culture/74-opera-ballett-musical/541-lifschitz.html

 

Կոնստանտին Լիֆշիցը մինչ այդ միջազգային մրցույթների չէր մասնակցել։ Երաժշտական դպրոցի ավարտական քննությանը երիտասարդ դաշնակահարը Բախի հանրահայտ Գոլդբերգ վարիացիաները ներկայացրեց: Հանձնաժողովը ցնցված էր նրա հասուն և յուրահատուկ կատարմամբ։

Երեք օր անց Լիֆշիցը նույն ստեղծագործությունը ձայնագրեց ճապոնական Denon records ստուդիայում: Առաջին սկավառակի համար դաշնակահարը «տարվա լավագույն երաժիշտ» տիտղոսին արժանացավ, Գրեմմիի առաջադրվեց:

Այսօր Լիֆշիցը մեծ ճանաչում է վայելում աշխարհում, տասնյակ ձայնագրություններ ունի։ Բեմում նրա գործընկերներն են եղել հռչակավոր երաժիշտներ Ռաստրոպովիչը, Կրեմերը, Վենգերովը: Նա աշխատում է լավագույն դիրիժորների և նվագախմբերի հետ: Արտասահմանյան մամուլը նրան շռայլորեն «ժամանակի հզորագույն երաժիշտ», «հանճարեղ կատարող, հանճարեղ մեկնաբան» է կոչում: Կոնստանտին Լիֆշիցը հարցազրույցներ տալ չի սիրում, չի մասնակցում նաև հավաքական համերգների: Նա պարզապես նվագում է:

Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնին Լիֆշիցն արդեն երկրորդ անգամ է մասնակցում։ Հոկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում դաշնակահարի մենահամերգին ընդառաջ «Օրակարգ»-ի թղթակիցը զրուցել է Կոնստանդին Լիֆշիցի հետ։

-Այսօր երիտասարդ կատարողները կարևորում են մասնակցությունը միջազգային մրցույթներին։ Դա ճանաչված դառնալու, աջակցություն և նոր բեմեր գտնելու ճանապարհ է: Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց այդքան երիտասարդ տարիքում ճանաչում ձեռք բերել:

-Հավանաբար երբ երիտասարդ երաժիշտը լավ կատարողական ունակություններ ունի ու բարդ ստեղծագործություններ է կատարում, նրան շատերն են օգնում: Նա շատ ավելի հետաքրքիր է։ Կարևոր է նաև հենց արտիստի տրամադրվածությունը, որովհետև առաջին հաջողությունից հետո շատ հեշտ է ծուլանալ, պարզապես դադարել աշխատել: Ես միշտ շատ եմ ուզել նվագել:

-Ձեր համերգային գրաֆիկը ծանրաբեռնված է: Ելույթներ եք ունենում տարբեր քաղաքներում՝ տարբեր պատրաստվածության հանդիսատեսի առջև: Կարևո՞ր է հանդիսատեսի արձագանքը:

-Բնականաբար ես ծափողջյունների կամ բրավոների քանակով չեմ գնահատում իմ աշխատանքը: Իհարկե հաճելի է, երբ հանդիսատեսին դուր է գալիս իմ կատարումը: Հաճելի է գիտակցել, որ մարդիկ իզուր ժամանակ չեն վատնել: Սակայն հանդիսատեսի գովեստն ինձ համար աղանդերի պես մի բան է, երբ զգում եմ, որ լավ եմ կատարել ստեղծագործությունը: Բացի այդ՝ երբեք չի լինում այնպես, որ կատարումը բոլորին դուր գա: Ամեն ինչ դահլիճում գտնվողների նախատրամադրվածությունից է կախված: Եթե գոնե կեսին դուր է գալիս, նրանք վարակում են մնացածին: Իսկ եթե հանդիսատեսն ի սկզբանե տրամադրված չէ, որքան էլ հաջող լինի կատարումը, արձագանք չի լինելու:

-Ձեզ հաճախ հայտնի դաշնակահար Գլեն Գուլդի հետ են համեմատում, որը իր կարիերայի գագաթնակետին լքեց բեմը՝ համարելով, որ միայն ձայնագրման ստուդիայում աշխատելով է հնարավոր կատարելության հասնել: Դուք տասնյակ ձայնագրություններ ունեք, ի՞նչն է Ձեզ համար ավելի կարևոր՝ համերգային գործունեությունը, թե մանրակրկիտ աշխատանքը ստուդիայում։

-Կարծում եմ՝ ինձ համեմատում են Գուլդի հետ Բախի իմ մեկնաբանությունների պատճառով: Գուլդն ինձ համար անհասանելի մի բարձունք է եղել և շարունակում է մնալ: Սակայն ես վաղուց եմ հեռացել նրա կատարման ձևից և արդեն երկար տարիներ լիովին այլ ուղղությամբ եմ շարժվում: Ինձ համար չափազանց կարևոր են թե՛ համերգային գործունեությունը, թե՛ ձայնագրությունները: Համերգի ընթացքում կարող է ստացվել այն, ինչ չես ստանա ստուդիայում աշխատելիս: Իսկ ձայնագրությունները հետաքրքիր են նրանով, որքանով նրանք մնայուն են:

-Հեշտությա՞մբ եք դիրիժորների հետ աշխատում, պատահե՞լ է, որ դիրիժորը խանգարի Ձեզ։

-Իհարկե, հնարավոր է: Պատահում է, որ խանգարում են (ծիծաղում է-Մ.Ա.), սակայն պատահում է նաև, որ օգնում ենք իրար: Բեմում համերգի բոլոր մասնակիցները հավասար են: Ես երբեք երաժիշտներին կամ դիրիժորին իբրև իմ օգնականների չեմ ընկալում: Մենք համատեղ աշխատանք ենք կատարում:

-Ձեր երկացանկն ահռելի է: Ժամանակ ունենո՞ւմ եք նոր ստեղծագործությունների համար։

-Գտնում եմ (խորամանկ ժպտում է–Մ.Ա.): Հատուկ հայաստանյան համերգի համար Պրոկոֆևի առաջին դաշնամուրային կոնցերտն եմ սովորել:

 Հեղ.` Մարիա Հովսեփյան 

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment