Մարդկանց սրտերում գեղեցիկ զգացմունքներն են միայն արձագանք գտնում

Maria HovsepyanNovember 4th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

http://orakarg.am/index.php/culture/74-opera-ballett-musical/1180-ervand-erkanyan.html

Սեպտեմբերին Հայաստանում մեկնարկեց Հայկական երաժշտական համաժողովի առաջին փառատոնը: Հայկական երաժշտական համաժողովը ստեղծվել է 1995թ. հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածմանն աջակցելու նպատակով:

Անցած 15 տարիներին համաժողովը, համագործակցելով տարբեր հաստատությունների հետ, կազմակերպել է մի շարք համերգներ Երևանում և արտերկրում: Համաժողովին անդամակցում են անվանի հայ կոմպոզիտորներ և երաժշտագետներ Էդվարդ Միրզոյանը, Երվանդ Երկանյանը, Լևոն Չաուշյանը, Սուրեն Զաքարյանը, Մարտին Վարդազարյանը, Ռուբեն Սարգսյանը և այլք:

Վերջին երկու ամիսներին մարզերում կազմակերպվեցին համերգ հանդիպումներ հայ կոմպոզիտորների հետ, սակայն փառատոնի գլխավոր իրադարձությունը երևանյան հինգ համերգներն էին, որոնցից վերջինը կկայանա այսօր՝ նոյեմբերի 4-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Համաժողովի անդրանիկ փառատոնի փակմանը կհնչեն Վարդան Բաբայանի, Ստեփան Զաքարյանի, Մարտին Վարդազարյանի, Լևոն Չաուշյանի ստեղծագործությունները: Կլինի նաև պրեմիերա՝ առաջին անգամ Հայաստանում կհնչի Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր, անվանի հայ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի «Տեսիլք» կոնցերտը: «Օրակարգ»-ի թղթակիցը զրուցել է կոմպոզիտորի հետ Համաժողովի ու հայկական երաժշտության խնդիրների շուրջ:

-Ինչպե՞ս և ի՞նչ նպատակով է ստեղծվել Հայկական երաժշտական համաժողովը:

-1994թ. վերջին պարզ դարձավ, որ 30-ական թթ. ստեղծված ստեղծագործական միությունները այլևս չեն կարող նույն դերակատարությունն ունենալ նորօրյա կյանքում։ Մի պարզ պատճառով՝ առանց պետական աջակցության մեկ միության կազմում չէին կարող գոյատևել ստեղծագործական տարբեր խառնվածքի և պահանջների տեր մարդիկ: 1991թ. Կոմպոզիտորների միության համագումարի ժամանակ ես առաջարկեցի կազմավորել համախոհների ստեղծագործական փոքր խմբեր, ասոցիացիաներ, որոնք կմիավորվեն Կոմպոզիտորների միության կազմում:

Պետք էր հաշվի առնել նաև Արևմուտքի փորձը, որտեղ վաղուց արդեն գոյություն չունեն նման ուռճացված կազմեր: Ժանրային, աշխարհայացքային ընդհանրություններ ունեցող երաժիշտներն ու կոմպոզիտորները ավելի արդյունավետ են համագործակցում միմյանց հետ, հեշտանում են նաև կազմակերպչական հարցերը: Սակայն իմ առաջարկը չընդունվեց ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հաջորդ համագումարի ժամանակ:


Մենք (Լևոն Չաուշյան, Մարտին Վարդազարյան, Վահրամ Բաբայան, Ռուբեն Սարգսյան, Մարգարիտ Ռուխկյան, Երվանդ Երկանյան – Մ.Ա.) որոշեցինք ստեղծել նոր կազմակերպություն: Իհարկե, այդ տարիներին շատ դժվար էր, սակայն գտնվեցին օգնականներ, հովանավորներ, որոնց աջակցությունը օգնեց մեր կազմակերպությանը գոյատևել:

Մենք պիտի վերջապես հասկանանք, որ վերադարձ անցյալին չի լինելու, պիտի կարողանանք մի քիչ ավելի ինքնաբավ դառնալ, նախաձեռնող: Տարեցտարի մենք ամրացանք ու այսօր դուրս ենք եկել նախկին Խորհրդային Միության սահմաններից, ստեղծագործական կապեր հաստատել Իսրայելի, Բելգիայի, ԱՄՆ-ի կոմպոզիտորների կազմակերպությունների հետ: Եվ փառատոնը Հայաստանում արդեն հասունացած պահանջ էր:

-Նմանատիպ այլ կազմակերպություններ Հայաստանում կարծես թե չկան: Դուք հիմնականում ներկայացնում եք սիմֆոնիկ կամերային երաժշտություն։ Ու չնայած վերջին տարիների որոշակի շարժին՝ ժամանակակից մեծածավալ ստեղծագործություններ ունկնդրելու հնարավորություն գրեթե չի լինում: Դուք ունեք օպերաներ և բալետներ, ինչո՞ւ դրանք չեն բեմադրվում:

-Մեր օպերային թատրոնը մի տեսակ տաբու է, առանձնաշնորհ կառույց է: Իմ մեկ օպերան («Շուշանիկ» – Մ.Ա.) տարիներ առաջ որոշեցին բեմադրել, սակայն այդպես էլ ոչինչ չարվեց: Թատրոնը հազիվ է գոյությունը պահպանում: Վերջին 25 տարիներին հայ կոմպոզիտորի նոր ստեղծագործության բեմադրություն չի եղել: Բեմադրվել է Տերտերյանի մի օպերա, ընդ որում՝ ամոթով պետք է ասեմ, որ առաջին անգամ այն բեմադրվել է Գերմանիայում։

Հայկական օպերայի վերջին բեմադրությունը Վարդան Աճեմյանի «Կիկոսի մահ»-ն է եղել: Սա տխուր է, որովհետև հայ ժողովուրդն ունի մեկ օպերային թատրոն: Որքան էլ Սփյուռք ունենանք, աշխարհում կա միայն մեկ ազգային օպերային թատրոն: Մենք սրա մասին խոսել ենք և՛ մամուլում, և՛ համագումարների ժամանակ, սակայն գործը տեղից չի շարժվում:

-Արդյոք երաժշտությունը պե՞տք է արդի թեմաներ արծարծի, սոցիալական նշանակություն ունենա, թե՞ այն զուտ էսթետիկ նպատակներին պետք է ծառայի։

-Մնայուն են այն գործերը, որոնք հիմնված են հավերժական խնդիրների վրա: Անկախ տեխնիկայի և պատմության զարգացումներից՝ մարդը կրելու է այդ բարոյական խնդիրները՝ գեղեցկությունը, սերը: Որքան էլ ժամանակ անցնի, մարդկությունը կհիշի Օրփեոսին և Էվրիդիկեին, Արային և Շամիրամին: Ժամանակին մի կոմպոզիտոր ունեինք, որն այնքան էլ հայտնի չէ, անունը չեմ տա, նա ռոմանս գրեց, որը կոչվում էր «Խրուշովի ճառը»: Այն ժամանակ դա արդիական էր, կարևոր էր, այսօր՝ ծիծաղելի:

-Նոյեմբերի 4-ին Ձեր ստեղծագործության պրեմիերան է լինելու, կներկայացնե՞ք այն:

-«Տեսիլք»-ը 2003թ. է գրվել և նվիրված է իմ ծնողների հիշատակին: Ստեղծագործությունը անձնական բովանդակություն ունի: Այն կկատարի երիտասարդ տաղանդավոր ջութակահար Անուշ Նիկողոսյանը: Փորձերը մենք սկսել ենք մարտին ու այդ ժամանակ էլ որոշ խմբագրական աշխատանքներ կատարեցինք: «Տեսիլք»-ը կատարվել է մեկ անգամ Էկվադորում, սակայն ես կատարման ձայնագրությունը չունեի: Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ առաջին անգամ այսօր պիտի լսեմ:

-Ձեզ ի՞նչն է ոգեշնչում ստեղծագործելու ժամանակ:

-Հիմնականում երկու զգացմունք են խթանում ստեղծագործական ընթացքը՝ հուշը և կարոտը: Հուշը մնում է մարդու հոգում և վերածվում է զգացմունքի, ընդ որում՝ արդեն կորցրած զգացմունքի, ինչով և ավելի թանկ է: Ոգեշնչվում եմ նաև ընթերցանությունից:

Շատ եմ սիրում կարդալ, հատկապես հայ գրողների ստեղծագործությունները, բանաստեղծությունները: Աշխատելով «Տաղարան»-ում (հնագույն երաժշտության անսամբլ – Մ.Ա)՝ ես կարողացա խորանալ հայ հոգևոր դարավոր մշակույթի մեջ և ինձ համար հայտնաբերեցի սքանչելի գործեր, որոնցից ներշնչված՝ ստեղծագործություններ գրեցի:

-Իսկ ինչպիսի՞ երաժշտություն եք լսում:

-Ես չեմ լսում երաժշտություն, ավելի հաճախ կարդում եմ այն՝ պարտիտուրներից: Որովհետև միշտ չէ, որ հնչող երաժշտությունը ճշգրիտ արտահայտում է հեղինակի նախատեսածը։ Ավելի լավ է, երբ ինքդ նայում ես նոտաներին, և քո մեջ հնչում է այդ երաժշտությունը:

 Հեղ.` Մարիա Հովսեփյան 

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment