Սպենդիարյանին վայելելու հերթական առիթը
![]() | November 19th, 2011 by Sona Khachatryan under Uncategorized. No Comments. |
Երեկ` նոյեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կրկին հավաքվել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երկրպագուների հավատարիմ բանակը: Այս անգամ հավաքվելու առիթը հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 140 ամյակն էր: Նվագախումբն, այս անգամ, ղեկավարում էր Հարություն Արզումանյանը:
Համերգն անցավ թեթև մթնոլորտում, քանի որ հնչում էին Սպենդիարյանի ստեղծագործությունները, որոնք շատ ավելի հասանելի են և հասկանալի մեր հայրենակիցների համար: Որպես դրա փաստող օրինակ կարելի է ցույց տալ մեր հայրենակիցների ռեակցիան: Ստեղծագործությունների հենց առաջին հնչյուններից նրանք սկսում էին քթի տակ երգել այդ մեղեդիները: Ոմանք պարզապես ժպտում էին, ոմանք էլ ոտքերով ռիթմիկ թխթխկացնում էին հատակին:
Չնայած համերգին դահլիճն ամբողջովին լիքը չէր, այնուամենայնիվ տոնը ապահովվեց: Ու թող նույնիսկ այն մարդիկ, ովքեր Սպենդիարյանի «Էնզելին» կամ «Ալմաստի» տարբեր հատվածները ճանաչում էին բազմապիսի մթերքների գովազդներից, իմացան, որ «էն գովազդի միջի» երաժշտության հեղինակը մեծն Սպենդիարյանն է:
Հեղ.` Սոնա Խաչատրյան