Համերգը նվիրվում է նվագախմբի հոբելյանին

October 25th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Hayastani Hanrapetutyun, 30, 09.11

2011թ. լրանում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հիմնադրման 85–ամյակը։ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երեւանում անցկացվող երեւանյան 5–րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրվում է նվագախմբի այդ հոբելյանին։ Արդի համաշխարհային դասական երաժշտարվեստի շուրջ 15 կարկառուն ներկայացուցիչներ մասնակցում են փառատոնի 10 սիմֆոնիկ եւ կամերային համերգներից բաղկացած ծրագրին։
Հոբելյանական փառատոնի համերգաշարն ուղեկցվում է «Արամ Խաչատրյան» համերգասրահում բացված լուսանկարչական ցուցահանդեսով, որը ներկայացնում է հայ դասական երաժշտարվեստի անվանի գործիչների արխիվային լուսանկարներ, ինչպես նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայիս գործունեությունը։
Նվագախմբի հոբելյանին նվիրված գլխավոր միջոցառումը հոկտեմբերի 1–ին կայանալիք համերգն է։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհի բազմաթիվ հեղինակավոր երաժշտական մրցույթների առաջին մրցանակակիր, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Դայշին Կաշիմոտոն, ով նախորդ տարիներին եւս մասնակցել է փառատոնին։ Հոբելյանական համերգին, որպես մենակատար, ելույթ կունենա նաեւ անվանի թավջութակահար, Լոնդոնի արքայական երաժշտական դպրոցի պրոֆեսոր Ալեքսանդր Չաուշյանը։
Երեկ այդ համերգին նվիրված մամլո ասուլիսին խոսեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՊՖՆ–ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, երեւանյան 5–րդ միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Չաուշյանը, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Դայշին Կաշիմոտոն։
Էդուարդ Թոփչյանը, որը ղեկավարելու է համերգը, մասնավորապես ասաց, որ համերգի ծրագրում հոբելյանական երեկոյին հնչելու են «շատ արտակարգ հայ կոմպոզիտոր» Ջիվան Տեր–Թադեւոսյանի 15–րոպեանոց «Լիրիկական պոեմը», մի հեղինակի գործ, որի անունը հանիրավի մոռացվել է վերջին շրջանում, եւ Բրամսի կրկնակի կոնցերտը ջութակի եւ թավջոթակի համար, որը մենանվագելու են Չաուշյանը եւ Կաշիմոտոն։
Վերջինս իր Երեւան վերադարձը, բացատրեց երաժիշտների, նվագախմբի հանդեպ ունեցած սիրով եւ հարգանքով։ «Շատ երջանիկ եմ այստեղ գտնվելու համար, իմ լավ բարեկամներ Էդուարդ Թոփչյանի եւ Ալեքսանդր Չաուշյանի հետ կրկին հանդիպելու համար։ Շատ հավանում եմ նվագախումբը, երաժիշտներին, նրանց աշխատասիրությունը։ Այս համագործակցությունը ինձ համար հաճույք է, հոբելյանական համերգին մասնակցությունը՝ մեծ պատիվ»,–ասաց նա։
Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը սկզբնավորվել է 1925թ., որպես Երեւանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբ։ Տարբեր տարիների այն գլխավորել են Ա. Ադամյանը, Ա. Սպենդիարյանը, Ս. Չարեքյանը, Գ. Բուդաղյանը, Կ. Սարաջյանը, Մ. Մալունցյանը, Օ. Դուրյանը, Մ. Տերյանը, Ռ. Վարդանյանը, Ա. Քաթանյանը, Դ. Խանջյանը, Վ. Գերգիեւը, Վ. Պապյանը, Մ. Ավետիսյանը եւ Լ. Ճգնավորյանը։ 2000թ. հոկտեմբերից ՀՊՖՆ–ի գեղարվեստական ղեկավարը եւ դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը։
Նվագախումբը դարձել է արեւմտաեվրոպական, ռուսական եւ հայ երաժշտության սիմֆոնիկ գործերի տարածողը։ Այս կոլեկտիվի հետ ելույթ են ունեցել Դավիթ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռենատո Բրուզոնը, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Բերնդ Գլեմզերը, Ֆրանսուա–Ժոել Տիոլին եւ այլ հյուրեր, արտիստներ, ինչպես եւ Հայաստանի առաջատար մենակատարներ եւ սկսնակ խոստումնալից երաժիշտներ։ Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք–Փաշաեւնը, Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը եւ այլ հայտնի դիրիժորներ։ Հեղինակային համերգներով հանդես են եկել Ա. Խաչատրյանը, Ք. Պենդերեցկին եւ այլ կոմպոզիտորներ։
Սկսած 1989թ. նվագախումբը համերգներով հանդես է եկել ԱՄՆ–ում, կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Անգլիայում, Հունաստանում, Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, ԱՄԷ–ում եւ այլ երկրներում։ Թողարկվել են նվագախմբի կատարումներով ավելի քան 30 ձայներիզներ։

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment