Մեկնարկում է 5–րդ միջազգային երաժշտական փառատոնը

October 25th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Hayastani Hanrapetutyun, 09.09.11

(Հայաստանի Հանրապետություն օրաթերթ)

http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20110909_9&flag=am

Սեպտեմբերի 9–ին մեկնարկում է երեւանյան միջազգային երաժշտական 5–րդ փառատոնը, որի հոբելյանական սկիզբը տոնական է. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այն նվիրում է Հայաստանի Հանրապետության անկախության 20–ամյակին եւ նվագախմբի 85–ամյա հոբելյանին։ Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից։ Նրա գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը։ Փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացվեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած մամլո ասուլիսի ընթացքում, որը վարեցին ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ՀՊՖՆ տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, ՀՊՖՆ կոնցերտմայստեր Կարմեն Թոսունյանը եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ եւ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը։
Տասը համերգից բաղկացած փառատոնը կհյուրընկալի արդի համաշխարհային դասական երաժշտարվեստի ավելի քան 15 կարկառուն ներկայացուցիչների աշխարհի ամենատարբեր երկրներից։ Մեկամսյա փառատոնային ծրագիրը հագեցած է Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Շումանի, Ստրավինսկու, Պրոկոֆեւի եւ դասական երաժշտարվեստի այլ մեծերի գործերով։ Փառատոնի ծրագիրը ներառում է ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային երաժշտության համերգներ։ Բոլոր համերգները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Ընդգծելով իր գործունեության կրթադաստիարակչական մեծ նշանակությունը՝ պետֆիլհարմոնիկն այս տարի եւս փառատոնի էական մաս է համարում վարպետության դասերը, որ կանցկացնեն փառատոնի գրեթե բոլոր հյուրերը հայ երիտասարդ երաժիշտների համար։
Կհնչեն Երվանդ Երկանյանի «Հերոսական» ռապսոդիան՝ նվիրված Անկախության 20–ամյակին (համաշխարհային պրեմիերա) եւ Բեթհովենի 9–րդ սիմֆոնիան։ Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ։
Երաժշտական իրադարձությանն առանձնահատուկ շուք կփոխանցի փառատոնի ամբողջ ընթացքում գործող լուսանկարչական ցուցահանդեսը։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությունը ներկայացնող նոր լուսանկարչական շարքը, ինչպես նաեւ հայ դասական երաժշտարվեստի մեծանուն գործիչների արխիվային լուսանկարները (հեղինակ՝ Վահան Քոչար) մեկ ամսից ավելի կզարդարեն «Արամ Խաչատրյան» դահլիճի նախասրահը։
Է. Թոփչյանը եւ Հ. Չեքիջյանը գոհունակություն հայտնեցին ստեղծագործական համագործակցությունից, ասելով, որ տարվա վերջին նաեւ համատեղ հյուրախաղեր են ունենալու արտասահմանում։ Իսկ Ռ. Սիրունյանը հայտնեց, որ փառատոնը լավագույնը լուսաբանած լրագրողն արժանանալու է պարգեւի։

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment