Ամեն շարժում երաժշտություն է…

Karine HarutyunyanOctober 13th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Ոմանք փայտի կտորով փորձում են վառարանը վառել եւ տաք-տաք նստել կողքին ու զրուցել հարեւանների հետ, ոմանք, նստած “թախտին”, ուղղակի երազում են կախարդական փայտիկ ունենալու մասին. կան մարդիկ էլ, ովքեր փայտի մի կտորով ոգեղեն երաժշտություն են ստեղծում: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իրականում հոռետես չէ, ուղղակի սիրում է կյանքը տեսնել այնպես, ինչպես որ կա: Թոփչյանի հետ հարցազրույցը սկսվեց դեսից` անցավ դեն…

-Երբ օպտիկական ակնոց չեմ կրում, հաճախ այնպիսի զգացողություն եմ ունենում, որ ակնոցով եմ: Փայտիկի կարիքը չեք զգում առօրյայում:

-Համերգից հետո հազիվ եմ փայտիկից ազատվում: Ընդհանրապես, այն երաժիշտների կյանքը, ովքեր բախտ են ունենում շատ համերգներ ունենալ, սկսվում է համերգից հետո: Ինչ վերաբերում է փայտիկին, ես ինձ վրա անջատիչ եմ դրել. սովորել եմ դա միացնել, մտնել այդ աշխարհ, իսկ դուրս գալիս անպայմանորեն անջատել:

-Չեն եղել դեպքեր, երբ փչացել է անջատիչը:

-Շատ-շատ է եղել, բայց եթե այն ավելի հաճախակի լինի, կսկսես գժվել: Դրա համար ես աշխատում եմ չգժվել, մազերս չեմ երկարացնում, կյանքում աշխատում եմ հնարավորինս աննկատ եւ սովորական ապրել, իսկ այն, որ երաժշտությունն անընդհատ իմ մեջ է եւ նույնիսկ գիշերները չի թողնում, որ քնեմ, դա փաստ է: Եվ դա լավ չի. դրանից Շումանը գժվեց: Բայց ուրախ եմ, որ այդ փայտիկն ունեմ, եւ եթե մեկ անգամ էլ ծնվեի, կրկին փայտիկը կընտրեի:

-2 տարի առաջ ֆիլհարմոնիկն ուներ միայն ֆինանսական խնդիր, այժմ` կադրերի` ինչ է փոխվել այս  տարիների ընթացքում:

-Երկու տարի առաջ մի քիչ շատ էին կադրերը, ամեն տարի ավելի քչանում են երաժիշտները: Նվագախումբը ֆինանսների կարիք այժմ էլ ունի` գործիքների ձեռքբերման, աշխատավարձերի բարձրացման հետ կապված: Ֆիլհարմոնիկի ապագայի հետ կապված` կան շատ խնդիրներ. նվագախմբի ապագան վտանգված է: Հույս ունեմ, որ այնպես չի լինի, որ մի օր ասեն, թե Թոփչյանը 10 տարի առաջ ասում էր, բայց չլսեցինք: 10 տարի առաջ էլ եմ ասել, թե ինչ է լինելու այսօր. այն ժամանակ ինձ ասացին, թե շատ դեպրեսիվ խոսակցություն եմ վարում, բայց ինչ-որ ես նկարագրում էի` մի քիչ ավելի լավ էր, քան` ինչպես որ հիմա է:

-Ինչ է լինելու 10 տարի հետո:

-Շատ վատ է լինելու, եթե մենք այսօր դրա մասին չմտածենք: Մենք մեզ անընդհատ խաբում ենք, որ ամեն ինչ շատ լավ է. ուղղակի չեն լինի երաժիշտները, ովքեր կնվագեն նվագախմբում, սերնդափոխանակություն տեղի չի ունենա:

-Իսկ լավ լինելու համար երաժշտական դպրոցներն ունեն իրենց դերը:

-Ամենամեծն են երաժշտական դպրոցների դերը, բայց հիմա խայտառակ վիճակում են դրանք: Վերջերս ինչ-որ մրցույթով Սայաթ-Նովայի դպրոցը ճանաչվել է լավագույնը. կուզեի իմանալ` ինչի համար, չէ որ այնտեղ լավ նվագող երեխա չկա: Խորհրդային տարիներին Սայաթ-Նովայի դպրոց անհամեմատաբար ավելի լավն էր, քան այսօր` կոնսերվատորիան:

-Իսկ լավ լինելու համար երաժշտական դպրոցներն ունեն իրենց դերը:

-Ամենամեծն են երաժշտական դպրոցների դերը, բայց հիմա խայտառակ վիճակում են դրանք: Վերջերս ինչ-որ մրցույթով Սայաթ-Նովայի դպրոցը ճանաչվել է լավագույնը. կուզեի իմանալ` ինչի համար, չէ որ այնտեղ լավ նվագող երեխա չկա: Խորհրդային տարիներին Սայաթ-Նովայի դպրոց անհամեմատ ավելի լավն էր, քան այսօր` Կոնսերվատորիան:

-Ինչը կամ ով է “պակասել” հիմա:

-Մասնագետները եւ տեսակը: Իհարկե, կա նաեւ օբյեկտիվ պատճառ. օրինակ, իմ սերնդի լավագույն ներկայացուցիչների 80 տոկոսը, որոնք կարող էին դասավանդել եւ հաջորդ սերունդը պատրաստել, այստեղ չեն: Բայց գոնե նրանց, ովքեր այստեղ են, պետք է ճիշտ կարողանան օգտագործել, որը նույնպես չի արվում:

-Իսկ ով չի անում: Պետական մոտեցումը ճիշտ չէ:

-Ես չեմ ուզում պետական մոտեցումից խոսել… Ուզում եմ ասել, որ նախ մեր դպրոցները լրիվ ավերված են եւ ոչ մի լուսավոր կետ չեմ տեսնում այնտեղ: Ես հասկացել եմ նաեւ, որ ինքս էլ չպիտի խոսեմ, այլ ակադեմիա բացեմ (հունվարից կամ սեպտեմբերից միգուցե եւ բացեմ): Կսկսեմ աշխատել 5-6 տարեկան երեխաների հետ, որ գոնե 8 տարի հետո ինչ-որ բան այստեղ տեղի ունենա: Մենք որոշ մարդկանց հաջողություններով շարունակում ենք գլուխ գովել` Նարեկ Հախնազարյանի, Անուշ Նիկողոսյանի. հիմա չկան նրանցից, իրենք արդեն նմուշներ են` Կարմիր գրքում:

-Ինչ է պետք ինձ` երաժշտական դպրոց ընդունվելու համար:

 -Ոչ մի բան: Այսօր ինչքան երաժշտություն չսիրեք, այնքան ձեզ հեշտ կընդունեն երաժշտական դպրոց:

-Այս ամենը հետեւանքն է ինչ-որ բանի. իսկ որն է պատճառը:

-Պատճառն անտարբերությունն է: Եթե չկա պահանջարկ, ամեն ինչ վերացվում է: Ամերիկա հայտնաբերելու կարիք չկա, քանի որ Խորհրդային Միության ժամանակ շատ բան ահավոր էր, վատ էր, եւ լավ է, որ հիմա չկան նման բաներ: Բայց, դրանով հանդերձ, շատ բաներ էլ լավ էր. խելացի մարդը նա է, ով այն, ինչ լավ էր, չի կորցնում` փոխարենը փոխում է բացասականը: Ես կարծում եմ, որ սա միայն երաժշտության մեջ չի. երեխաները դպրոցներում կարգին կարդալ չգիտեն: Այսինքն` մենք անգրագետ սերունդ ենք մեծացնում եւ հավատում ենք, որ 40 տարեկան անկախ Հայաստանում ավելի լավ է լինելու. չի լինելու: Ասում ենք` սա է մեղավոր, նա է մեղավոր. ոչ, մենք ենք մեղավոր` յուրաքանչյուրս. ամեն մարդ, որ կոչված է ինչ-որ բան անել, նա պարտավոր է իր գործը լավ անել. ոչ թե սպասել, որ չգիտեմ այսինչը պետք է իրեն օգնի:

-Իսկ տարօրինակ չէ, որ Հայաստանում դասական եւ սիմֆոնիկ երաժշտություն հնչում է սգո օրերին:

 -Որովհետեւ հեռուստաալիքների ղեկավարների մակարդակն էլ է ցածր: Ժողովրդին հիմարացնում են, որովհետև ինչ ցույց են տալիս, դա էլ նայում է: Բայց եթե “զոռով” դու նրան սովորեցնես, որ տղա ջան, այ, այսօր դու պետք է այսինչ գիրքը կարդաս եւ գաս ինձ պատմես: Ինքը հենց այդ գիրքը կկարդա, այնտեղ մի նկարչի անուն կհանդիպի եւ կուզենա գնալ եւ այդ նկարը տեսնել: Նկարը, որ տեսնի, կիմանա` ինչ-որ մեկը այդ նկարի մասին բանաստեղծություն է գրել: Բանաստեղծությունը կարդալուց` կիմանա, որ Պուշկինը կա. Պուշկինը “Եվգենի Օնեգինն” է գրել, Չայկովսկին դրա հիման վրա օպերա է գրել… Եթե նման ձեւով գնա, Հայաստանի 40-րդ տարեդարձը տոնելիս` մենք կունենանք կիրթ ժողովուրդ, իսկ հենց որ կիրթ լինեն, ավելի քիչ սոված կլինեն:

Զրուցեց Կարինե Հարությունյանը

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)
Ամեն շարժում երաժշտություն է..., 5.0 out of 5 based on 1 rating

Tags:, .

spacer

Leave a Comment