Պինկաս Ցուկերմանը կրկին նվագեց Երեւանում

November 1st, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հեղ.` Գայանե Դանիելյան 

Աուդիո տարբերակը` http://www.azatutyun.am/content/article/24372206.html

Ցուկերմանը իր չորս տասնամյակից ավելի ստեղծագործական գործունեության ընթացքում ստացել է գրեթե բոլոր բարձրագույն պարգեւները, այդ թվում եւ կրկնակի «Գրեմմի»:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի մենակատարն էր աշխարհահռչակ երաժիշտը:

Փառատոնի հիմնադիր-նախագահ Ստեփան Ռոստոմյանը ասաց, որ այս մեկ բացառիկ համերգով ամփոփվում է այս տարվա «Երեւանյան հեռանկարներ» դասական երաժշտության փառատոնը:

«Կուզեմ, որ [փառատոնը] այսպիսի մեծ ավարտ ունենա` Պինկաս Ցուկերման», – ասաց Ռոստոմյանը:

Ցուկերմանը այսօր առավոտյան մեկ փորձ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը փորձը հրաշալի գնահատեց: Ցուկերմանն իր հերթին ասաց, որ շատ ուրախ է Երեւան վերադառնալու համար:

«Տարի ու կես առաջ էր, որ Հայաստանում էի: Տեսնում եմ, որ քաղաքը ավելի գեղեցկացել եւ կենդանացել է», – ասաց նա:

Ցուկերմանը հույս հայտնեց, որ հաջորդ այցելության ժամանակ Երեւանը կրկին մաքուր եւ աշխույժ կլինի եւ այս առաջընթացը կշարունակվի:

«Ամբողջ աշխարհը տնտեսական անկում է ապրում, ամենուրեք այդպես է, եւ մենք` երաժիշտներս, ամենուրեք շատ դժվար գործ ենք անում` այս պայմաններում պահպանելու երաժշտության բարձր մակարդակը: Մենք բոլորս պարտավոր ենք այս պայմաններում անգամ զիջումների գնալ, որպեսզի կարողանանք ներկայացնել մեր արվեստը», – ասաց Ցուկերմանը:

Աշխարհահռչակ երաժիշտը ջերմությամբ խոսեց ԱՄՆ-ում իր ուսուցչի` Իվան Գալամյանի մասին: Ասաց` նա հրաշալի մարդ էր, երաժշտության նվիրյալ, ով ոչ միայն երաժիշտ-կատարողների, այլեւ ուսուցիչների երկու սերունդ է կրթել եւ օրինակ ծառայել իր աննկարագրելի աշխատասիրությամբ եւ անմնացորդ նվիրումով արվեստին:

Ցուկերմանը շեշտեց, որ իր վրա նաեւ շատ լավ տպավորություն են թողել հայ երաժիշտներից թավջութակահար Նարեկ Հախնազարյանը եւ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

«Նարեկ Հախնազարյանը ֆանտաստիկ թավջութակահար է», – ասաց Ցուկերմանը` հավելելով, որ նրան արդեն հրավիրել է Կանադա իր հետ նվագելու:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment