Կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանի հարցազրույցը

October 16th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

«Առավոտը» հյուրընկալել էր առաջին անգամ հայրենիք այցելած կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանին, ով 1971թ. իր ստեղծած Yessian Music ընկերության, 1990-ականներից էլ որդիների՝ Բրայնի եւ Մայքլի համագործակցությամբ դարձել է ԱՄՆ-ի եւ աշխարհի պահանջված ու նորարարական կազմակերպություններից մեկը, որն իր գրասենյակներն ու ստուդիաներն ունի տարբեր երկրներում: Այս ընկերությունն արդեն մի քանի տասնամյակ երաժշտություն է ապահովում հանրահայտ United Airlines, Coke, Disney, Ford, McDonalds գործակալությունների համար: Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ այսքան ուշ այցելեց հայրենիք, մեր զրուցակիցը նշեց, թե ծնվել ու մեծացել է Դեթրոյթում, հետո ընկավ հիշողությունների գիրկը. «Դպրոցում ուսանելու առաջին տարիներին մայրս չէր մոռանում գրքերի կողքին տեղավորել նաեւ նախաճաշ: Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ էր. տոլմա կամ հայկական մեկ այլ ուտեստ: Իսկ հիմա պատկերացրեք՝ մի միջավայրում, որտեղ երեխաների պայուսակներում միայն ամերիկյան լանչեր են, ինձ մոտ՝ նրանց համար մի էկզոտիկ կերակուր….: Հաճախ էի մորս հարցնում, թե ինչո՞ւ ինձ չի տալիս ամերիկյան ուտելիք: Ի պատասխան՝ նա երգում էր հայկական հոգեւոր երգեր, այդ թվում՝ հատվածներ Եկմալյանի Պատարագից: Իհարկե, ես հետո-հետո, շա՜տ հետո հասկացա, թե ի՜նչ մեծ նշանակություն ունեցավ մորս՝ ինձ տված հոգեւոր սնունդը: Չէ, ես այդքան սենտիմենտալ չեմ, բայց պիտի խոստովանեմ, որ երբ մարդ տարիքն առնում է, ուզում է ոչ միայն ուսումնասիրել իր ակունքները, այլ պարզապես ետ գնալ ու մխրճվել իր արմատներում: Դա էլ գիտեք, չէ՞, ինչից է գալիս: Երբ մեծանում ես, շա՜տ ժամանակ ունես մտածելու»:

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ երաժիշտը մինչեւ 16 տարեկան, իր ձեւակերպմամբ՝ լինելով ամերիկյան մշակույթում, փնտրել է հայկական երաժշտության արտահայտչամիջոցներ: «16 տարեկանում իսկապես հիանալի տիրապետում էի կլարնետին ու այդ ժամանակ հրավեր ստացա մի հայկական ֆոլկ խմբից, որի փորձառու երաժիշտներն ինձ միանգամից ասացին՝ լսել ենք՝ ինչպես ես կլարնետ նվագում: Իսկ եթե վիրտուոզ կլարնետահար ես, ապա ենթադրում ենք, որ հայկական երաժշտությունից հեռու չես լինի: Այդ խմբի նվագացանկում ամերիկյան ու հայկական ստեղծագործություններ էին: Կարճ ասեմ՝ նրանք ինձ սովորեցրին հայկական երաժշտարվեստ,- հիշեց կոմպոզիտորն ու հավելեց.- կրկնում եմ՝ 16 տարեկան էի: Եվ այդ ժամանակ էլ հայերն ինձ սովորեցրին սիգար ծխել: Թեեւ իրենք խմիչք շատ էին օգտագործում, բայց ինձ պարզապես արգելում էին»: Հետո մեր զրուցակիցն էլ ավելի հեռու գնաց. «Նախնիներս եղեռնից հետո Թուրքիայից տեղափոխվել են Հունաստան, որտեղ ծնվել եմ ես, այնուհետեւ Կուբա: Վերջին հանգրվանը Ամերիկան էր:

Թեեւ հարցազրույցների մեծ փորձ ունեմ, բայց, չգիտես ինչու, մոռացա ամենակարեւորը. երաժշտական իմ, բառի իսկական իմաստով՝ ամեն ինչը, ինչպես կուզեք անվանեք, ժառանգել եմ մորիցս: Նա տարիներ շարունակ երգել է Միչիգանի «Կոմիտաս» երգչախմբում: Դեռեւս այդ ժամանակվանից էր, որ իմ ներսում դրոշմվեց Եկմալյանի Պատարագը, որտեղից հատվածներ մինչեւ այժմ էլ ոչ թե երգում, այլ կատարում է 93-ամյա մայրս…»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետո էլ մենախոսեց. «Ի վերջո երաժշտությունն ինձ բերեց հայրենիք՝ Հայաստան: Այս միտքս ընդունեք այսպես, ուղիղ… Կարծես տուն եմ եկել: Իսկ եկել եմ ոչ միայն նախնիներիս, ընտանիքիս, այլեւ համայն հայությանը, ինչու չէ՝ աշխարհին ձոնածս ստեղծագործությամբ, որը, թերեւս, գրել էի դեռեւս երեք տարի առաջ, բայց ի սկզբանե մտածում էի համաշխարհային պրեմիերան իրականացնել Հայաստանում: Մի գերագույն ցանկությունս կատարվեց. եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Հայկական եռապատումը» իսկապես բարձրարվեստ հնչեցրին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ մեներգիչ Տիգրան Պետրոսյանը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ընդ որում, ստեղծագործությանս կնքահայրը Միչիգանի հայկական եկեղեցու հոգեւոր հովիվն է, որի առաջարկով եմ գրել այն»:

© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)
Կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանի հարցազրույցը , 5.0 out of 5 based on 1 rating

spacer

Leave a Comment