Երբ բեմում «դաշնամուրամարտ» է

October 5th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Արդյունքում շահում են հանդիսատեսն ու դասական երաժշտությունը
«Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում վաղը թեժ է լինելու. Ռախմանինովն ընդդեմ Շոպենի, Մոցարտն ընդդեմ Վագների, Բեթհովենն ընդդեմ Սեն—Սանսի, եւ, իհարկե, Արամ Խաչատրյան…
Այդ օրը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ տեղի կունենա «դաշնամուրամարտ» գերմանացի դաշնակահարներ Պաուլ Ցիբիսի եւ Անդրեաս Քեռնի մասնակցությամբ։ «Դաշնամուրամարտ» նախագծի շրջանակներում հայ հանդիսատեսը ներկա կգտնվի համաշխարհային պրեմիերայի, քանի որ առաջին անգամ է, որ դաշնակահարներն իրենց մարտին մասնակից են դարձնելու նաեւ նվագախմբին եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանին։ Ի դեպ, համագործակցության այսպիսի ձեւաչափի գաղափարը ծնունդ է առել դեռեւս 2014թ. նոյեմբերին՝ «Piano Battle»—ի առաջին երեւանյան համերգից հետո։
Ինչպես ցանկացած մարտում, այնպես էլ՝ այս դեպքում կլինի հաղթող եւ պարտվող։ Արդյունքները կորոշեն ունկնդիրները հատուկ քվեարկության միջոցով. բոլորը կունենան երկկողմանի՝ սեւ եւ սպիտակ քվեաթերթիկներ, որոնց միջոցով էլ ձայն կտան իրենց նախընտրած դաշնակահարին։
Այս տարի նշվում է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը։ ՀՀ—ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ «Դաշնամուրամարտը» լինելու է հոբելյանական տարվա ընթացքում իրականացված մեծածավալ եւ հետաքրքիր մշակութային միջոցառումների շարքի բարձրակետը։ «Միջազգային հարթակում կայացած եւ ճանաչված երկու դաշնակահարները ելույթ կունենան Երեւանի պահանջկոտ հանդիսատեսի առջեւ։ Նրանք բեմում լինելու են մրցակիցներ, իսկ թե ով է հաղթելու, կորոշի հայ հանդիսատեսը»,–ընդգծեց բարձրաստիճան դիվանագետը՝ հիշեցնելով, որ նման ձեւաչափով երեք տարի առաջ տեղի ունեցած համերգը կազմակերպվել էր բրիտանական կողմի հետ միասին։ Մ. Քիսլերը նկատեց, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ չէ, որ համագործակցում են, եւ այս ձեւաչափով համերգի գաղափարը նույնպես մեծ ոգեւորությամբ է ընդունվել։ «Երեւանյան 11—րդ միջազգային երաժշտական փառատոնը հրաշալի երաժշտություն է մատուցում, բայց այս մեկն առանձնահատուկ է լինելու»,–վստահեցրեց նա։
Դաշնակահար Պաուլ Ցիբիսը եւ Անդրեաս Քեռնը հիմնականում նվագում են դասական երաժշտություն։ Դասական երաժշտության համերգի ժամանակ շոուի բաղադրիչներ ներմուծելով՝ նրանք փորձում են ավելի հրապուրիչ եւ հեշտ ընկալելի դարձնել դասական երաժշտությունը, քանի որ, Ա. Քեռնի կարծիքով, խնդիրը ոչ թե դասական երաժշտությունը ընկալելու դժվարությունն է, այլ մատուցման ձեւաչափը։ Արդյունքում 2009 թվականին բավականին ինքնաբուխ ձեւով ծնվեց «Piano battle»—ի գաղափարը։ Եթե սկզբում նրանք «մենամարտում» էին, ապա երկու տարի առաջ գաղափարը զարգացրին եւ որոշեցին, որ յուրաքանչյուր մրցափուլից հետո հաղթողին կարելի է հնարավորություն տալ հաջորդ կատարման ժամանակ ներգրավելու տարբեր գործիքային խմբեր որպես «զինատեսակներ»։
«Տարվա ընթացքում հանդես ենք գալիս մոտ 50 համերգներով։ Այսօր հաճույքով կրկին գտնվում ենք Հայաստանում, քանի որ նախորդ անգամ այն զգացողությունն ենք ունեցել, որ հայերը շատ են սիրում դասական երաժշտություն, եւ ձեր մեջ գնահատանքի զգացում կա դասական երաժշտության հանդեպ։ Այդ ամենը ոգեշնչել է մեզ կրկին վերադառնալու եւ հանդես գալու հայկական բեմում»,– ասաց դաշնակահարը։ Նշենք, որ ծրագրում ընդգրկված են նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, որոնք ներկայացվելու են տարբեր գործիքային մեկնաբանություններով։
Պաուլ Ցիբիսն էլ մանրամասնեց, որ երաժշտական մրցապայքարի ձեւաչափով ներկայացնելու են պատմություններ, որոնց մասնակից են դարձնելու նաեւ հանդիսատեսին։ «Ընդ որում, մենք ոչ միայն ձգտելու են նվաճել հանդիսատեսին եւ ստանալ արձագանքներ, այլեւ ստացած ազդակների հիման վրա զարգացնելու ենք հետագա երաժշտական մրցամարտը։ Մատուցելու ենք դասական երաժշտություն, որը պետք է լրջորեն մատուցվի եւ ընկալվի, բայց դրանք ընդմիջվելու են զվարճալի եւ աշխույժ իրադարձություններով»,–ասաց նա։
Համերգային ծրագիրը կազմելիս երաժիշտները հաշվի են առնում յուրաքանչյուր հյուրընկալ երկրի առանձնահատկությունները։ Խոսքը վերաբերում է ոչ թե դասականների ստեղծագործություններին, այլ երաժշտական կատարումների միջեւ եղած ընդմիջումներին, որոնք համեմված են հումորով եւ շոու ծրագրերին հատուկ այլ բաղադրիչներով։ Երեւանյան պրեմիերայի ժամանակ ներկայացվելու են հատվածներ դասականների հայտնի գործերից, քանի որ ձեւաչափը նոր է, եւ չեն ցանկացել ծանրաբեռնել հանդիսատեսին բարդ ստեղծագործություններով։ Այս նոր ձեւաչափով երկրորդ համերգը տեղի կունենա ԱՄՆ—ում։
Իսկ համերգի հումորային մասը կապահովի հաղորդավար Սերգեյ Սարգսյանը («ArmComedy»), ով նաեւ կփորձի որպես միջնորդ հանդես գալ երկու մրցակիցների միջեւ։ Նա նշեց, որ ծանոթացել է ծրագրին եւ հիացած է, թե որքան հավասարակշռված են մատուցված դասական երաժշտությունն ու խաղը։ «Մեծ բավականություն կստանան թե դասական երաժշտության երկրպագուները եւ թե լավ ժամանցի ակնկալիքով եկած հանդիսատեսը»,–ընդգծեց Ս. Սարգսյանը։
Համերգի կազմակերպիչները նշում են, որ համերգն ապահովված է նաեւ հետաքրքիր գունային եւ ձայնային լուծումներով։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հայաստանի հանրապետություն օրաթերթ
VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
Երբ բեմում «դաշնամուրամարտ» է, 5.0 out of 5 based on 1 rating

spacer

Leave a Comment