ԲԵԹՀՈՎԵՆԸ ԹՈՓՉՅԱՆԻՆ ՙՎԱԽԵՑՐԵԼ Է՚…

Vlad MouradyanSeptember 20th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Սեպտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր բացումը:

Փառատոնն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Փառատոնը հյուրընկալել է արդի համաշխարհային դասական երաժշտարվեստի ավելի քան տասնհինգ ներկայացուցիչների աշխարհի ամենատարբեր երկրներից` (Մեծ Բրիտանիա,Ֆրանսիա, Նորվեգիա, Գերմանիա, Ճապոնիա, Իտալիա, Պորտուգալիա, Ռուսաստան):

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի (ՀՊՖՆ)` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ իր համար նշանակալից էր տոնական համերգի ծրագիրը. ՙԱմբողջ կյանքում վախեցել եմ ղեկավարել Բեթհովենի 9-րդ Սիմֆոնիան: Ամեն օր մի նոր բան մտածելով ավելի ու ավելի էի ուսումնասիրում այն: Մինչեւ հիմա էլ վստահ չեմ, որ ամեն ինչ ճիշտ եմ անում: Սա առաջին փորձս է, եւ ես երջանիկ եմ՚:

Է. Թոփչյանն նաեւ հավելել է, որ փառատոնը հյուրընկալել են հիանալի մենակատարներ, ինչպես նաեւ երեք համաշխարհային մեծության դիրիժորներ` Փոլ Մայերը (Ֆրանսիա), իտալացի երիտասարդ սերնդի  ներկայացուցիչ`  Կլաուդիո Վանդելլին եւ Քրիստոֆեր Ուրեն-Գրինը (Մեծ Բրիտանիա), որը ղեկավարել է Արքայազն Վիլյամի ամուսնությունը: Վերջին 30 տարիների ընթացքում նա հրավիրվում է Անգլիայի թագավորական ընտանիքի կողմից տարբեր հանդիսություններ ղեկավարելու:

Իր խոսքում (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավարը նաեւ անրադարձել է բացման արարողության ժամանակ հնչած կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի ՙՀերոսական՚ Ռապսոդիային: Այն կոմպոզիտորը նվիրել է Անկախության 20-ամյակին:

ՙԵրվանդ Երկանյանը, մի կոմպոզիտոր է, որի հետ շատ ենք համագործակցել: Նա հիանալի երաժշտական ապրումներ է պարգեւել մեզ: Նա ՀՊՖՆ-ին նվիրել է 5-րդ Սիմֆոնիան: Այն բացառիկ գեղեցկություն ու խորություն ունի: Իսկ ՙՀերոսական՚ Ռապսոդիան, որի մեջ տեղ են գտել հերոսական երգերը, որոնցով կարողացել ենք հաղթանակ տանել, կարծես մի հիմն է հնչում՚,- ասել է Է. Թոփչյանը:

Ասուլիսի ընթացքում Է. Թոփչյանը խոսել է նաեւ ՀՊՖՆ-ի վերջին տարիներին ունեցած ձեռքբերումների մասին: Մաեստրոն նշել է, որ ՀՊՖՆ-ի գլխավոր ձեռքբերումներից մեկը այն է, որ վերջին տարիների ընթացքում հեշտությամբ, առանց երկյուղի է ելույթ ունենում համաշխարհային մեծություն ունեցող երաժիշտները հետ, որոնք գալիս են Հայսատան` գիտենալով, որ լավ նվագախումբ ունենք: Է. Թոփչյանի խոսքերով, անշուշտ, այդ կարգի երաժիշտների հետ շփվելիս բարձրանում է նաեւ նվագախմբի որակը:

Բացման համերգին ՀՊՖՆ-ի հետ համատեղ ելույթ ունեցավ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (ՀՊԱԵ), որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Հովհաննես Չեքիջյանն է: Երեւանյան 5-րդ միջազգային փառատոնը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 12-ը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment