«Ամեն» բեմադրության առանցքում «ազգային ինքնաճանաչողության խնդիրն է»

June 23rd, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հունիսի 23-ին մարզահամերգային համալիրում մեր հանդիսատեսին է ներկայացվում «Ամեն» երաժշտական դրամատիկ-էպիկական շոուն, որին մասնակցում են մեր լավագույն օպերային երգիչները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Հովեր» երգչախումբը, «Նարեկ» պարային համույթը, էստրադային և ջազ երաժիշտներից բաղկացած նվագախումբը, ազգագրական խմբեր և այլն:

Ներկայացման ստեղծագործական կազմը ներկայացմանն ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտում էր, որ մեծ հաճույքով են աշխատել և հույս հայտնում, որ ներկայացումը շատ մեծ տպավորություն կթողնի թե՛ հայ, թե՛ արտասահմանցի հանդիսատեսի վրա:

Նախաքրիստոնեական ժամանակներից մինչև մեր օրերը հայ ժողովրդի պատմությունը ներակայացնող այս բեմադրության կոմպոզիտորը Արաքսյա Մուշեղյանն է: Նա շեշտում էր, որ գործընկերուհու՝ Հասմիկ Չախմախչյանի հետ նախաձեռնելով իրականացնել, բեմադրել նման ծավալի գործ, հավատացած էին, որ շատ աջակիցներ կունենան, քանի որ գործն ամբողջությամբ ներկայացնում է հայ ժողովրդին, հայ մարդուն, նրա դավանած արժեքները, սիրելու, ստեղծագործելու նրա կարողությունը՝ չնայած կորուստներին և ողբերգական փորձություններին․ – «Այս առաջին հայացքից խենթ նախագիծը մենք սկսեցինք, և մեր կողքին հայտնվեցին մարդիկ, որոնք մեր խենթությունը կիսեցին»:  Ահա նրանց անունները․ լիբրետտոյի հեղինակ Էդուարդ Այանյան, բեմադրող ռեժիսոր Գրիգոր Խաչատրյան, օպերային անվանի մենակատարներ Հրաչուհի Բասենց, Բարսեղ Թումանյան, Հասմիկ Թորոսյան, Ջուլիետ Գալստյան և ուրիշներ:

««Ամեն»-ը մի քիչ օպերա է, մի քիչ բալետի տարրեր ունի, ժամանակակից շոուի տարրեր, և այդ ամենը մենք փորձել ենք հարմոնիկ համատեղել», – ասաց Էդուարդ Այանյանը: – «Իսկ ինչ վերաբերում է բովանդակությունը, այն մեր մասին է: Հասկացանք, որ ուզում ենք խուսափել որոշ կոնկրետ բաներից և կենտրոնանալ մեր էության վրա, հայ ժողովրդի էության վրա: Մենք ո՞վ ենք, մենք ինչպիսի՞ն ենք: Մեր հոգեվիճակի վրա փորձեցինք կենտրոնանալ և պատմել ոչ թե պատմական կոնկրետ իրադարձությունների կամ պատմական կոնկրետ պերսոնաժների մասին, այլ որպես պերսոնաժ դիտում էինք հենց մեզ՝ հայ ժողովրդին: Եվ փորձեցինք հասկանալ, թե որն է այն առանցքը, այն ամենակարևորը, որ օգնում է մեզ գոյատևել, վերածնվել և ստեղծագործել: Դուք չեք տեսնի էնտեղ արքաներ, ծովից ծով հայաստաններ»:

«Ինքը տարբեր ժանրերի միքս ա՝ դասական երաժշտություն կա մեջը, և ինչ-որ տեղ ռոք կա, ր ինչ-որ տեղ փոփ կա, և ժողովրդական երաժշտության հիանալի կտորներ կան: Շատ հետաքրքիր է, շատ գեղեցիկ է, գունեղ է: Ես սիրով եմ անում», – նշեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանը:

Օպերային մեր լավագույն մեներգիչներից Բարսեղ Թումանյանը հավելեց․ – «Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ ազգային ինքնաճանաչողության խնդիրն է դրվում: Եվ դրվում է մի շարժում, որը կունենա շարունակություն, պարտադիր կունենա, որովհետև այս ամենի կարիքը մենք վաղուց ունեցել ենք: Մարդը կարողանում է ինքնուրույն արտահայտվել միայն այն ժամանակ, երբ կարողանում է ճանաչել ինքն իրեն»:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
«Ամեն» բեմադրության առանցքում «ազգային ինքնաճանաչողության խնդիրն է», 5.0 out of 5 based on 1 rating

spacer

Leave a Comment