«Եվրոպան հանուն խաղաղության». կայացավ Եվրոպայի օրվան նվիրված համերգը

May 7th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրին Եվրոպայի օրվան նվիրված համերգ:

Համերգին ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի  նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ այլ պաշտոնյաներ:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով եւ շնորհավորեց Եվրոպայի օրվա կապակցությամբ, ինչպես նաեւ տոնական համերգի կազմակերպման համար շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակությանը:

«Անկախությունից ի վեր Հայաստանը ԵՄ-ի հետ կառուցել է կուռ հարաբերություններ, որոնց հիմքում ընկած են արդյունավետ համագործակցությունը եւ փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ: Եվրամիության աջակցությամբ մենք բարեփոխումներ ենք իրականացրել բազմաթիվ ոլորտներում՝ հանրային կառավարում, արդարադատություն, ընտրական համակարգ եւ մի շարք այլ ոլորտներում, որոնք միտված են հարաբերությունների ամրապնդմանն ու մեր հասարակության բարօրությանը: Շատ համատեղ ծրագրեր իրականացման փուլում են, բազմաթիվ նախագծեր դեռ իրագործվելու են: Հատկանշական է, որ այս տարի սկսվեց եվրոպական հագեցած օրակարգը: Փետրվարին Բրյուսելում ՀՀ նախագահը եւ Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեցին Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, իսկ արդեն մարտին այն Երեւանում նախաստորագրվեց: Այդ համաձայնագիրը Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության գոյությունն ու էությունը արտացոլող փաստաթուղթ է: Առաջիկա օրերին կհաստատվեն նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ 2017 եւ 2020 թվականների գործընկերության առաջնահերթությունները, որոնք համագործակցության նոր ուղենիշ են սահմանելու: Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակով Եվրոպան դարձավ համամարդկային արժեքների վրա խարսխված խաղաղության, համերաշխության եւ կայուն զարգացման չափանիշ, որն այսօր էլ շատերի համար շարունակում է օրինակ ծառայել: Եվրոպայի օրը հենց այս բարձր արժեքային համակարգն է խոհրդանշում, որին մենք հարգանքի յուրօրինակ տուրք ենք մատուցում՝ տոնելով այս օրը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին եւս հանդես եկավ ողջույնի խոսքով. «Սիրելի՛ հայեր, Հայաստանի սիրելի ընկերներ, շնորհակալ ենք Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությանը մեզ միանալու համար: Եվրոպայի օրը խաղաղության, անկախության, համերաշխության եւ ազատության մասին է: Այն միասնական տոն է: ԵՄ-ն կշարունակի իր գործունեությունը Հայաստանում եւ կաշխատի՝ ի շահ հայ ժողովրդի: Շնորհակալ ենք այս հրաշալի համերգը կազմակերպելու համար»:

Նշենք, որ համերգից առաջ դեսպանն առանձնազրույց է ունեցել լրագրողների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին: Դեսպանը մասնավորապես նշեց, որ Եվրոպայի դեմքն այսօր ասոցացվում է շատ լավ զգացողությունների հետ, մասնավորապես՝ համերաշխության, բարգավաճման, խաղաղության եւ այլ դրական արժեքների: Եվրոպայում քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական լավ պայմաններից եւ բարձր կենսաթոշակներից: Սակայն ամենակարեւոր արժեքը, որի հետ ասոցացվում է ԵՄ-ն, խաղաղությունն է, ուստի կարելի է ասել, որ եվրոպական երկրներն այսօր դադարել են պատերազմներ մղել միմյանց դեմ, իսկ դա ի շնորհիվ ԵՄ-ի է:

«Հայաստանի համար ուժեղ եւ գործող ԵՄ-ն առավելություն է: 2017 թվականը իրադարձություններով լի տարի է ԵՄ-ի եւ Հայաստանի համագործակցության համար»,- փաստեց դեսպանը:

Նշենք, որ համերգի ընթացքում հնչեցին Կարլ Մարիա Վեբերի, Պոլ Դյուկայի, Դվորժակի, Վոյցեխ Կիլարի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռոբերտ Պետրոսյանի ստեղծագործություններից:

Համերգին զուգահեռ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում բացվեց «Եվրոպան հանուն խաղաղության» խորագիրը կրող ցուցահանդեսը: ՀՀ տարբեր մարզերի դպրոցների աշակերտները ստեղծել էին գեղանկարներ՝ պատկերելով ԵՄ մայրաքաղաքներ, բնապատկերներ եւ առհասարակ այն, ինչը, ըստ նրանց, ասոցացվում է Եվրոպայի եւ խաղաղության հետ: ԵՄ պատվիրակության աշխատակիցներից, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ  նվագախմբի ներկայացուցիչներից եւ Հայաստանի արվեստի փորձագետներից կազմված ոչ պաշտոնական ժյուրին ընտրել է Հայաստանի 98 գեղարվեստի դպրոցների կողմից ներկայացված գեղանկարներից լավագույնները: Համերգի ողջ ընթացքում գեղանկարները հանդիսատեսին ներկայացվեցին էկրանի վրա: Ցուցահանդեսը բաց կլինի եւս 3 օր:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Leave a Comment