«Երդվում եմ քեզ, իմ երկիր». համերգ` ի խոնարհում ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին

April 10th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ապրիլի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով բարեգործական համերգը` ի խոնարհումն ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին: Համերգի մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ծրագրի նախաձեռնողները:

«Նման համերգ ես դեռ չեմ անցկացրել: Այս ծրագրում ներկայացնելու ենք ժողովրդի գրկի մեջ ապրող մարդու խոսքը:  Հնչելու են երգեր, որոնք հատուկ գրվել են այս ծրագրում հնչեցնելու համար»,- Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

Ըստ նրա` կյանքի շարժման մեխանիզմը հետևյալն է. «Եթե դու ունես գաղափար և մեծ ոգևորությամբ ցանկանում ես իրագործել այն, քեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել: Այս համերգը նման գաղափարի արդյունք կլինի, որի շուրջ մենք համախմբվել ու մի բռունցք ենք դարձել»:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց, որ ուրախ է ծրագրի մի մասը լինել և շնորհակալ է բոլոր մասնակիցներին ու նախաձեռնողներին:   «Այսօր առաջին փորձն ենք արել, այն շատ լավ անցավ, բոլորս ոգևորված ենք ու հույս ունենք, որ մեր հերոսներին ու երկրին արժանի համերգ կիրականացնենք»,-շեշտեց նա:

Անցյալ տարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և ՀՀ մշակույթի նախարարութան իրականացրած համերգներից հավաքված գումարը`   տասը միլիոն դրամ, 500 000-ական դրամով տրամադրվել է ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին: Այս համերգից ստացված գումարը նույնպես նման նպատակի կծառայի:

Հնարավոր է, որ համերգային ծրագիրը բացօթյա բեմում ներկայացվի նաև Արցախում:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանի խոսքով` երկրորդ տարին է, որ մշակույթի գործիչները համախմբվում են այսչափ կարևոր գաղափարի շուրջ և բարձրակարգ երաժշտության միջոցով ևս մեկ անգամ փորձում բարձրացնել ժողովրդի բարոյահոգեբանական  վիճակը:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, «Հովեր» պետական կամերային նվագախմբի և հայտնի օպերային ու էստրադային մեներգիչների կատարմամբ կհնչեն մաեստրո Ամիրխանյանի հայրենասիրական ստեղծագործությունները, այդ թվում հատուկ քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված «Վրեժն արդար կանչի» երգը: Երեկոն կվարի մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանը, համերգը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Մենակատարներն են Գուրգեն Բավեյանը, Աննա Ավդալյանը, Էմմա Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վահե Հախվերդյանը:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
«Երդվում եմ քեզ, իմ երկիր». համերգ` ի խոնարհում ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին, 5.0 out of 5 based on 1 rating

spacer

Leave a Comment