Էդուարդ Թոփչյանը` առաջիկա ծրագրերի մասին և ոչ միայն…

February 6th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Համաշխարհային դասական երաժշտության պատմությունից հայտնի են այնպիսի կոմպոզիտորների անուններ, որոնք ստեղծագործել են մի ժամանակահատվածում, երբ շատերը կասկածի տակ էին առնում սիմֆոնիկ ժանրի հեռանկարը: Ավելին՝ որոշ հեղինակների սիմֆոնիաները տասնամյակներ շարունակ սպասում էին իրենց առաջին կատարմանը: Նման կոմպոզիտորներից էր ավստրիացի Անտոն Բրուքները (19-րդ դ.), որի 4-րդ Ռոմանտիկական սիմֆոնիան հունվարի 31-ին հնչեց Էդուարդ Թոփչյանի մեկնաբանմամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, իսկ պրեմիերան կայացել է 1874թ.: Այնպես որ, երբ վերջին տարիներին աշխարհում շրջանառվում է այն միտքը, թե շոուները «խեղդել» են դասական արվեստը, գուցե բնորոշ է ոչ միայն մեր ժամանակներին: Հենց վերջին տարիներին հետեւելով հայաստանյան մշակութային կյանքին` «խեղդելը» կարող ենք պարզապես բացառել, քանի որ կոնկրետ դասական երաժշտարվեստը ոչ միայն իր մշտական լսարանն ու տեղն ունի մեզանում, այլեւ միաժամանակ անցկացվում են փառատոներ, ու հաճախ այնքան խիտ է դրանց ժամանակացույցը, որ հանդիսատեսը մեծ ընտրության առջեւ է կանգնում:

Անդրադառնալով հունվարի 31-ին կայացած համերգին` տեղեկացնենք, որ այդ երեկո դարձյալ Թոփչյանի ղեկավարությամբ, հնչեց նաեւ Բեթհովենի 2-րդ սիմֆոնիան: Երկու սիմֆոնիաները նախկինում լսել ենք Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ նրա գեղարվեստական ղեկավարի մեկնաբանմամբ: Երբ համերգի ավարտին հանդիսատեսը, այդ թվում՝ պրոֆեսիոնալները, դուրս էին գալիս համերգասրահից, լսեցինք մեկ-երկու կարծիք: Օրինակ՝ «Թոփչյանի մեկնաբանմամբ տարբեր են նույն ստեղծագործության երկրորդ կամ նույնիսկ հազարերորդ մատուցումը…»: Այստեղ հիշեցինք դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի՝ մեզ հայտնած միտքը, թե միայն տաղանդավոր երաժշտին է տրված նույն ստեղծագործությունը ամեն անգամ նորովի մատուցել:

«Առավոտը» զրուցեց Էդուարդ Թոփչյանի հետ: Դիտարկմանը՝ ամանորյա տոներից հետո, փաստորեն, 2016-17թթ. համերգաշրջանի շարունակությունը ոչ թե այս երեկոն էր, այլ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված հունվարի 25-ին կայացած համերգը, որին մասնակցում էր շուրջ 30 երգիչ, այդ թվում՝ հրավիրյալներ, դիրիժորը պատասխանեց. «Ես ու երաժիշտներս սիրով ենք համագործակցել երգիչների հետ, չէ՞ որ Բաբաջանյանը դասական կոմպոզիտոր է ու նրա երգերը դասականի ու էստրադային ժանրի հաճելի խառնուրդ են: Զարմանում ես, թե որտեղից է «վերցրել» մեծ կոմպոզիտորն այդ մեղեդիներն ու երգերի տեքստերը…»:

Մեր զրուցակցին խնդրեցինք մանրամասներ հայտնել Հայաստանում առաջին անգամ համահայկական սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու մասին, քանի որ այն ստեղծվելու է ֆիլհարմոնիկ նվագախմբի բազայի վրա. «Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի առաջարկն էր դա, որը ցանկություն հայտնեց համահայկական նվագախմբի կազմակերպչական մասը ղեկավարի մեր նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: Կարելի է պատկերացնել, թե դա ինչ աշխատատար գործ է… Համահայկականը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Կարեն Դուրգարյանը, ես եւ մեր հայրենակից, այսօր իսկապես համաշխարհային դեմք, ֆրանսաբնակ Ալան Ալթինօղլուն: Մեր հանդիսատեսը ծանոթ է Ալանին, որը ֆիլհարմոնիկը ղեկավարել է շուրջ մեկուկես տարի: Նշեմ նաեւ, որ այս դիրիժորի թեկնածությունը ես եմ առաջարկել նախարարի մոտ կայացած քննարկման ժամանակ: Ի դեպ, համահայկականի առաջին ելույթը կկայանա ապրիլի 23-ին, ծրագրում, բնականաբար, հայ կոմպոզիտորների գործեր. ներկայումս էլ նվագախմբի համար հատուկ երկ է գրում Տիգրան Մանսուրյանը: Առայժմ այսքանը»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ ասում են, թե Թոփչյանը վերջապես բարիդրացիական հարաբերություններ է հաստատել մշակույթի ա՛յս նախարարի հետ եւ ողջունում է նրա առաջին քայլերը, մեր զրուցակիցը հաստատեց ասվածը ու ընդամենը հավելեց. «Ամիրյանը լավ գիտե, թե ինչ է անում, ժամանակը ցույց կտա, ես վստահ եմ»: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե ընթացիկ համերգաշրջանի սկիզբը, որն ազդարարվել է սեպտեմբերին՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված Երեւանյան միջազգային 10-րդ փառատոնով, եւ որի շրջանակներում Հայաստան են այցելել ճանաչված երաժիշտներ, կշարունակվի նաեւ մինչեւ համերգաշրջանի ավարտը. «Առաջիկա համերգներին հրավիրված են դաշնակահար Ալեքսեյ Վոլոդինը եւ դիրիժոր Դանիել Ռայսկին Ռուսաստանից, իտալացի դիրիժոր Պիեռ Կառլո Օրիցիոն, Ֆրանսիայից դիրիժոր Հայկ Դավթյանը, դաշնակահար Ինեկե Հելինգմանը եւ այլն:

Հիշեցնեմ, որ ֆիլհարմոնիկը իրականացնում է միջազգային ծրագրեր եւս, օրինակ՝ 2016թ. տեղի ունեցան համերգներ՝ նվիրված հայ-ճապոնական, հայ-արգենտինյան համագործակցությանը կամ մեկ երեկո նվիրեցինք Եվրոպայի օրվան, մասնակցեցինք Հայաստանում Ռուսաստանի օրերի բացման արարողությանը… Անցկացրել ենք հատուկ փառատոնային համերգ՝ նվիրված հայ ժամանակակից երաժշտությանն ու ֆիլհարմոնիկի հիմնադրման 90-ամյակին: Ունեցել ենք մի քանի պրեմիերաներ, այդ թվում՝ համաշխարհային… Հատուկ պետք է նշեմ «Զինվորիս հետ» նախագծի շրջանակներում բարեգործական համերգը: Բոլորը չես թվարկի»: Օպերասեր դիրիժորից հետաքրքրվեցինք, թե այս տարի ինչ օպերա է որոշել բեմ բարձրացնել: Էդուարդ Թոփչյանը պատասխանեց. «Դա Վերդիի «Բոկանեգրան» է, որը տարիներ առաջ ներկայացրել ենք համերգային կատարմամբ: Այժմ ցանկություն ունեմ այն իրականացնել բեմադրության տեսքով, համագործակցելով մեր Ազգային օպերային թատրոնի հետ: Միայն այս պահին կարող եմ ասել, որ նախնական պայմանավորվածություն ունեմ իտալացի երգիչ Ջանպիերո Ռուջերիի, մեր հիանալի տենոր Լիպարիտ Ավետիսյանի եւ գերմանաբնակ Հրաչուհի Բազենցի հետ»: Նվագախմբին սպասվելիք հյուրախաղերի առիթով Թոփչյանն ասաց, որ նախորդ տարիների օրինակով դրանք այս տարի էլ իհարկե կլինեն, Մշակույթի նախարարության եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
Էդուարդ Թոփչյանը` առաջիկա ծրագրերի մասին և ոչ միայն..., 5.0 out of 5 based on 1 rating

spacer

Leave a Comment