ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆ. ՙԳՆԱՑԵՔ, ԳՈՐԵՆՇՏԵՅՆԻՆ ԱՍԵ°Ք, ՈՐ ՄԵՆՔ ԱՈՒԼ ՉԵՆՔ՚

Vlad MouradyanNovember 1st, 2011
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.

Օրերս ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) հանդես եկավ 2010-2011թթ. համերգաշրջանի եզրափակիչ համերգով: ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. ՙՀամերգաշրջանի եզրափակիչը որոշեցինք նվիրել երիտասարդ թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթի 1-ին մրցանակակիր ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻՆ՚: Պարոն Թոփչյանը շեշտեց, որ չի ցանկանում այնպիսի տպավորություն թողնել, թե Նարեկի հետ համատեղ համերգ կազմակերպելու պատճառը Չայկովսկու մրցույթում հաղթանակն էր, թեեւ այն շատ ուրախալի փաստ է:

Նարեկի հետ համատեղ համերգ ծրագրավորված է եղել, ու անգամ տարվա ընթացքում երկու փորձ են արել, սակայն ժամանակի սղության պատճառով համերգը այդպես էլ չի կայացել:

Խոսելով հայ մրցանակակրի ունեցած փայլուն հաջողության մասին` Թոփչյանն ասաց, որ բավականին մոտ է Նարեկ Հախնազարյանի հոր` ջութակահար Սուրեն Հախնազարյանի եւ մոր` դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանի հետ, որի ուսանողն է եղել հենց ինքը. ՙՆարեկին, բնականաբար, փոքրուց գիտեմ: Հիշում եմ, թե ինչպես էր նա իր առաջին քայլերն անում՚:

Իսկ առաջին քայլերը Նարեկը արել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, սովորել է պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի դասարանում:

ՙՄասնագիտությունս ինձ համար ծնողներս են ընտրել: Ավելի ճիշտ` մայրս: Նա ձեռքս բռնեց եւ տարավ երաժշտական դպրոց, որ թավջութակ սովորեմ: Հայրս ցանկանում էր, որ ես ջութակահար դառնամ: Սկսած դպրոցի տնօրենից` բոլորը զարմանում էին, թե ինչու նման հարգված պրոֆեսորների որդին ընդունվում է թավջութակի դասարան: Թավջութակի դասարան դիմում էին այն աշակերտները, որոնք ցածր միավորներ էին հավաքել դաշնամուրից՚,- անկեղծանում է ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆՆ ու հավելում, որ եթե իրեն մնար, ապա հաստատ ֆուտբոլն էր ընտրելու:

Քսաներեքամյա թավջութակահարը ներկայումս Մոսկվայի եւ Բոստոնի New England Music կոնսերվատորիաների ուսանող է, ընդգրկված է Բոստոնի կոնսերվատորիայի հեղինակավոր Artist Diploma ստանալու ծրագրում: Նա միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, մասնակցել է Մստիսլավ Ռոստրոպովիչի, Դավիդ Գերինգասի, Լորենս Լեսսերի եւ այլ մեծանուն երաժիշտների վարպետության դասերին: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրների հեղինակավոր համերգասրահներում:

Չայկովսկու անվան մրցույթում Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնի եւ իր միջեւ առաջացած սկանդալի մասին (Գորենշտեյնը փորձերից մեկի ժամանակ վիրավորել է Նարեկին) երիտասարդ թավջութակահարը չցանկացավ ծավալվել. ՙՓոքր միջադեպ էր, եղավ եւ վերջացավ՚: Նա հավելեց նաեւ, որ տեղի ունեցած տհաճ միջադեպը ոչ օգնել, ոչ էլ խանգարել է իրեն մրցույթում հաղթող դառնալու հարցում:

Էդուարդ Թոփչյանն էլ հավելեց. ՙԳնացե°ք, Գորենշտեյնին ասեք, որ մենք աուլ չենք՚: Է. Թոփչյանը ասաց նաեւ, որ տղա երաժիշտների երկու տեսակ կա. մեկը նուրբ տղաներն են, մյուսը` տղամարդ տղերքը: Նարեկը, ըստ Թոփչյանի, պատկանում է վերջին տեսակին:

Ասուլիսի ընթացքում Ն. Հախնազարյանը խոստովանեց նաեւ, որ հաղթանակը իր համար սպասված չի եղել. ՙ25 հոգի էին մասնակցում մրցույթին: Բոլորն էլ բարձր մակարդակի թավջութակահարներ էին, եւ նրանցից յուրաքանչյուրն էլ սպասում էր հաղթանակի՚:

Ժյուրիի բարեհաճ վերաբերմունքը Նարեկը զգացել է դեռ մրցույթի երկրորդ փուլում, երբ նրան առանձնացրել են որպես Հայդնի ստեղծագործությունները լավագույն կատարողի: Նարեկը նաեւ հատուկ մրցանակի է արժանացել` հանդիսականի համակրանքին:

Հետաքրքրվեցինք Նարեկից` Մ. Գորենշտեյնն անձամբ ներողություն խնդրել է իրենից, թե ոչ:
ՙԱնձամբ ինձնից` ոչ, մամուլի միջոցով է խնդրել ներողություն՚,- ասաց Նարեկն ու հավելեց, որ իր ականջին էլ են հասել լուրեր այն մասին, թե Գորենշտեյնին հեռացրել են նաեւ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից…

Թավջութակը, երաժշտի բնորոշմամբ, հրաշալի գործիք է, որը իրեն տրամադրել են մեկ տարով (1968թ. Դավիդ Տեխլերի կերտած թավջութակն է): Նա համամիտ է Ռոստրոպովիչի հետ, ով այդ գործիքը համեմատել է կնոջ հետ:

Երիտասարդ թավջութակահարը ամուսնացած չէ, ունի ընկերուհի, սակայն դեռ չի շտապում նշանադրվել: Ի դեպ, Նարեկը խնդիրներ ունի ժամկետային զինծառայության հետ: Չայկովսկու մրցույթում ստացած գումարն էլ պատրաստվում է ծախսել եվրոպական երկրներից մեկում բնակություն հաստատելու համար:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Leave a Comment