Բեռլին սիմֆոնիկի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը Երևանում է

February 25th, 2016
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) հրավերով երրորդ անգամ Երեւան է ժամանել հրեա ճանաչված արվեստագետ, Բեռլին սիմֆոնիկի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը: Նախորդ երկու այցերի ժամանակ մաեստրոն առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացրեց հրեա կոմպոզիտոր Աննա Սիգալին: Ֆիլհարմոնիկի մեկնաբանմամբ հնչեցին կոմպոզիտորի «Հոգու երգերը»՝ ըստ Սայաթ-Նովայի եւ «Կոլաժ՝ Սերգեյ Փարաջանովին» ստեղծագործությունը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի եւ ասմունքողի համար: Վերջին երկը դիրիժորն ու կոմպոզիտորը նվիրել էին Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին: Այդ երեկո, որը կայացավ 2014 թ. ապրիլի 24-ին, մաեստրո Շամբադալը, Հայոց եղեռնի 99-ամյա տարելիցի առիթով, հայերենով խոսք ուղղեց հանդիսատեսին: Արդյունքում տարածվեց կարծիք, թե հրեա արվեստագետը հավանաբար հայկական արմատներ ունի: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ դիրիժորը հերքեց իր հայկական արմատների մասին խոսակցությունները, նշեց, որ հատուկ պարապել էր խոսքը հայերեն ճիշտ հնչողությամբ արտաբերելու համար: Նա հավելեց, որ իր եւ տարբեր նվագախմբերի հետ մինչ օրս ներկայացրել է Խաչատրյանի ստեղծագործությունները: Ինչ վերաբերում է իր հայրենակցուհու երկերին՝ նվիրված Սայաթ-Նովային եւ Փարաջանովին, հավաստիացրեց, որ առաջիկայում դրանք կհնչեն Բեռլին սիմֆոնիկի կատարմամբ: Դիտարկմանը՝ Շամբադալ երաժիշտը ստեղծագործական ուղու սկզբում հայտ է ներկայացրել իբրեւ կոմպոզիտոր, ապա դադարեցրել, մեր զրուցակիցը հայտնեց. «Տարիներ առաջ դադարեցրել եմ կոմպոզիտորական գործունեությունս: Դա 1980 թվականն էր, երբ 30 տարեկան էի, եւ կյանքից հեռացավ հայրս, որն իմ միակ ոգեշնչողն էր: Հետո ներսս դատարկություն էր… Դա տեւեց շա՜տ երկար: Վերջերս, ավելի ճիշտ՝ երեք տարի առաջ Իսրայելի մշակույթի նախարարությունից կամերային ստեղծագործության պատվեր ստացա՝ մեծ հոնորարով: Այդ ժամանակահատվածում մտածեցի՝ Վերդիի, Ռոսինիի օրինակով, որոնք տարիներով դադարեցրել են ստեղծագործական պրոցեսը, հետո լծվել աշխատանքի, գուցե ինձ է՞լ էր նման ճակատագիր սպասվում: Պարզվեց՝ ոչ: Այստեղ մեղավորը միայն ժամանակն էր: Բեռլին ֆիլհարմոնիկի դիրիժոր լինելուց բացի, ես համերգներ եմ ղեկավարում մայրցամաքներում, իրականացնում այլ նախագծեր, օպերային բեմադրություններ…»: Կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ եթե գա մի ժամանակ, որ ինչ-ինչ պատճառներով պաշտոնազրկվի, դա իր համար ողբերգությո՞ւն կլինի: Մաեստրոն պատասխանեց. «Մոտ 20 տարի Բեռլին սիմֆոնիկի գլխավոր դիրիժորն եմ: Կարծում եմ, որ այդ պաշտոնի համար սա երկար ժամանակ է: Բայց ոչ մի բան հավերժական չէ: Միանշանակ, ողբերգություն չեմ ապրի, ավելին՝ ողբերգություն չեմ ապրի, եթե նույնիսկ իբրեւ դիրիժոր էլ հանդես չգամ: Ինձ հիմա ավելի շատ է ձգում մանկավարժությունը, բազմաթիվ հրավերներ ունեմ վարպետության դասերի, որոնց սիրով եմ արձագանքում»: Ինչ վերաբերում է «օպերային» գործունեությանը, Լիոր Շամբադալն ասաց. «1993-2000թթ. հանդիսացել եմ նաեւ Գերմանիայի Կայզերսլաուտերնի երաժշտական ղեկավարը, վարել եմ շուրջ 600 ներկայացում: Իրականացրել եմ Գլինկայի «Կյանքը ցարի համար», Ռիմսկի-Կորսակովի «Մոցարտ եւ Սալիերի» օպերաների բեմականացումները, Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի տարբեր օպերային թատրոններում հանդիսացել եմ ավելի քան 40 օպերաների բեմադրող դիրիժորը: Ի դեպ, Երեւանի օպերային թատրոնից եւ կոնսերվատորիայից հրավերի դեպքում էլ պատրաստ եմ օգտակար լինել…»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/02/25/660641/

© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
Բեռլին սիմֆոնիկի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը Երևանում է, 5.0 out of 5 based on 1 rating

spacer

Leave a Comment