ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ. ՙԿԱՐԾԵՍ 90 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՏԱՆԻ ԼԻՆԵՄ՚

Vlad MouradyanNovember 1st, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
2 Comments.

Հունիսի 4-ին ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում կայացավ հայ մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, մշակութային, հասարակական գործիչ, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, միջազգային մի շարք ակադեմիաների իսկական անդամ Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին նվիրված մեծարման երեկո, որի ընթացքում հնչեցին հոբելյարի` տարբեր տարիներին գրված ստեղծագործություններ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) կատարմամբ: Համերգային ծրագրում ընդգրկված էին հատվածներ ՙՔաոս՚ ֆիլմի համար գրված երաժշտությունից (Տանգո եւ քնարական պատկեր ՙՇուշանիկ՚), ՙԻնտրոդուկցիա եւ անընդհատ շարժում ջութակի եւ նվագախմբի համար՚,ՙ Պոեմ-էպիտաֆ լարային նվագախմբի համար՚ (մենակատար` Նիկոլայ Մադոյան), ՙՍիմֆոնիա լարայինների եւ գոսերի համար՚:

Մեզ հետ զրույցում ՀՊՖՆ ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը տեղեկացրեց, որ համերգի ընթացքում ներկայացված յուրաքանչյուր գործի ընտրությունը նախապես համաձայնեցվել է հոբելյարի հետ. ՙՄի քանի անգամ Միրզոյանի հետ հանդիպել ենք իր տանը,- պատմեց դիրիժորը:- Համերգից առաջ` գիշերը, նրանց տուն գնացի. որոշ հարցեր կային պարզելու: Թեպետ ուշ ժամի էի այցելել, բայց կոմպոզիտորը սիրով ընդունեց: Պարզվեց, որ պարտիտուրում որոշ վրիպակներ կային: Ի դեպ, բոլոր կարեւոր կատարումներից առաջ ես միշտ հանդիպել եւ քննարկել եմ նրա հետ այս կամ այն ստեղծագործությունը՚:

Էդուարդ Թոփչյանին հարցրինք, թե երբ է կայացել նրա ծանոթությունը կոմպոզիտորի հետ. ՙԵս ընդամենը 20 տարեկան էի, երբ հանդգնեցի ՙՍերենադ՚ կամերային նվագախմբի հետ կատարել Միրզոյանի սիմֆոնիան: Հերիք չէ, որ հանդգնեցինք, առանց իրեն հարցնելու ազդագրեր կախեցինք եւ համերգից միայն երկու օր առաջ համարձակվեցինք իրեն հրավիրել: Միրզոյանը շատ խստապահանջ է իր երաժշտության նկատմամբ: Ասաց, որ անպայման նախքան համերգը պետք է լսի ՙայդ երեխաների՚ նվագը: Երեխաներ ասելով` մեզ նկատի ուներ: Բայց մենք ամեն ինչ արեցինք, որ նա փորձերին ներկա չգտնվի, քանի որ նրա սիմֆոնիայի մեջ որոշ տեղերում փոփոխություն էինք կատարել, նոր խոսք ունեինք ասելու: Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող անցավ: Նա հավանել էր այն ամենը, ինչ մենք արել էինք: Շատ ջերմ խոսքեր ասաց մեր մասին: Այդ օրվանից էլ բախտ ունեցա նրա հետ սերտորեն համագործակցելու: Մշտապես խոնարհվել եմ թե իր, թե իր երաժշտության առջեւ: Այն ինձ համար առանձնահատուկ երաժշտություն է: Թեեւ ՙհանճարեղ՚ բառն օգտագործելու կողմնակից չեմ, քանի որ այսօր այն արժեզրկվել է (հաճախ են բառն օգտագործում կեղծ մարդկանց հասցեին), բայց ինձ համար Միրզոյանը պարզապես հանճար է, իսկ իր ստեղծագործությունները` մեկը մյուսից բացառիկ: Հպարտ եմ եւ երջանիկ, որ Էդվարդ Միրզոյանի 90-ամյակի հոբելյանական համերգին նվագախումբը հանդես եկավ իմ ղեկավարությամբ: Նրա սիմֆոնիան շուրջ 150 անգամ իմ մեկնաբանությամբ հնչել է աշխարհի տարբեր ծայրերում եւ միշտ արժանացել է հանդիսականի ամենաբարձր գնահատականին՚:

Խոսելով Էդվարդ Միրզոյանի երաժշտության մասին` ՀՊՖՆ-ի թավջութակահար, ՙԱրամ Խաչատրյան՚ տրիոյի անդամ Կարեն Քոչարյանը նշեց, որ իր համար առանձնահատուկ է ՙԹավջութակի սոնատը՚: ՙՆրա երաժշտությունը մասշտաբային է, միաժամանակ նաեւ կամերային երաժշտություն է, կարծես հոգի լինի, որտեղ բոլորի համար էլ անկյուն կա: Այդ հոգում քիչ չեն նաեւ գողտրիկ անկյունները` լուռ ու խիստ անձնական՚:

Էդուարդ Թոփչյանը խոսեց նաեւ հոբելյանական հանդիսության կազմակերպչական աշխատանքի մասին. ՙՖիլհարմոնիկ նվագախմբի եւ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի համագործակցությունը նոր չէ: Հիշում եք, անշուշտ, մեր համատեղ աշխատանքը` ՙԵվգենի Օնեգինը՚: Ինձ համար պրն Չալդրանյանը մեծ արվեստագետ է: Եվ երբ հարց բարձրացվեց, թե ով պետք է բեմադրի երեկոն, ես առաջինը տվեցի նրա անունը: Հուրախություն ինձ` նա համաձայնեց, ժամանակ գտավ, թեպետ շատ զբաղված էր: Ամեն ինչ շատ զուսպ եւ ճաշակով էր արված: Չկային բեմից հնչող ԽՍՀՄ-ից ժառանգած կեղծ խոսքեր: Փոխարենը էկրանից հնչեցին անկեղծ շնորհավորանքներ: Նույնիսկ հոբելյարը խոսեց էկրանից եւ ընդամենը մեկ կարեւոր նախադասություն ասաց` ՙԵս ձեզ շատ սիրում եմ՚: Սրանից ավելի ոչինչ պետք էլ չէր՚:

Երեկոն վարող Վիգեն Չալդրանյանն ասաց. ՙԻնձ համար այս երեկոն բացառիկ է, քանզի բացառիկ մարդու հոբելյանն է, բացառիկ հայի, արվեստագետի, մտավորականի եւ վերջապես մեր հանրապետության ամենակնամեծար, ամենահմայիչ տղամարդու` կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 90-ամյակն է: Ամեն տղամարդ իր կյանքում երեք բան պետք է անի` տուն կառուցի, ծառ տնկի, երեխա դատիարակի: Էդվարդ Միխայիլովիչը դաստիարակեց ոչ միայն իր անվանի բժիշկ որդուն եւ դաշնակահարուհի դստերը, այլեւ տաղանդավոր կոմպոզիտորների ոչ մեկ սերունդ: Նա կառուցեց ոչ միայն իր տունը, այլեւ Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը, որտեղ շինարարության պատճառով ամեն կտրված ծառի փոխարեն տնկեց երկուսը՚:

Վ.Չալդրանյանը տեղեկացրեց նաեւ, որ երբ վերջերս հետաքրքրվել է մաեստրոյից, թե ինչպես է նա իրեն զգում 90 տարեկան հասակում` Էդվարդ Միրզոյանը պատասխանել է. ՙԿարծես 90 տարեկան պատանի լինեմ՚: Երբ մաեստրոյին հարցրել են որն է երկարակեցության գաղտնիքը, նա ասել է, որ մարդը պարզապես պետք է բախտ ունենա:

Նշենք, որ Էդվարդ Միրզոյանը ծնվել է Գորիում (Վրաստան) 1921թ. մայիսի 12-ին:

1941 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Վ. Տալյանի ստեղծագործական դասարանը, 1946-1948թթ. սովորել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948-ից դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1965թ. ստացել է պրոֆեսորի կոչում: 1950-52թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղար, 1952-1956թթ.` ԽՍՀՄ երաժշտական ֆոնդերի հայկական բաժնի նախագահ, 1962-ից` ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության քարտուղար, 1956-1992թթ.`Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, 1972-1986թթ.` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ: 2001 թվականին կոմպոզիտորին շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: Էդվարդ Միրզոյանը պարգեւատրվել է հայրենական եւ արտերկրի բարձրագույն շքանշաններով, դիպլոմներով ու պատվոգրերով: Oրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է Պատվո շքանշան:

Հանդիսությունն ավարտվել էր, իսկ դահլիճում չէին դադարում ծափերը: Չալդրանյանական միշտ օրիգինալ լինելու ցանկությունը անգամ համերգի եզրափակիչ նոտայի ժամանակ զգացվեց. նա բեմում հայտնվեց տորթը ձեռքին, ապա իջավ դահլիճ ու խնդրեց հոբելյարին, ինչպես սովորաբար ծննդյան արարողությունների ժամանակ է ընդունված, փչել-հանգցնել խորհրդանշական մոմը: Եվ այդ ամենը ՙHappy birthday՚ ստեղծագործության` ՀՊՖՆ-ի հրաշալի կատարմամբ: Ցանկությունն էլ հոբելյարի փոխարեն ինքը պահեց. ցանկացավ, որ կոմպոզիտորն ապրի 120 տարի մեզ համար, որից հետո` իր համար:

Մենք էլ միանանք բոլոր բարի ցանկություններին, սիրված կոմպոզիտորին մաղթենք առողջություն եւ ասենք. ՙՑանկացած տարիքում Ձեզ միշտ պատանի զգացեք, հարգարժան մաեստրո՚:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
VN:F [1.9.20_1166]
Rating: 4.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ. ՙԿԱՐԾԵՍ 90 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՏԱՆԻ ԼԻՆԵՄ՚, 4.0 out of 5 based on 1 rating

Tags:, , .

spacer

2 Comments

Մարինե  on November 22nd, 2011

Հարգելի Վլադ, Գորիսը այդ երբվանի՞ց է Վրաստանի քաղաք: Գուցե՞ Գորի նկատի ունեք:

VA:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VA:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

admin  on November 22nd, 2011

Հարգելի Մարինե, շնորհակալություն հոդվածը կարդալու և մեկնաբանության համար: Վստահ եմ, որ Վլադը տեղյակ է, որ Մաեստրոն ծնվել է Վրաստանի Գորի քաղաքում: Սա պարզապես վրիպակ է եղել, որն արդեն ուղղված է:)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Leave a Comment