Երկու պրեմիերա՝ մեկ երեկոյի ընթացքում

February 9th, 2015
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Շեփորահար Ռամ Օրենն ու Ալեքսեյ Կուրբատովն առաջին անգամ կներկայանան հայ հանդիսատեսին:

«Առավոտը» զրույցի հրավիրեց առաջին անգամ Հայաստան այցելած ճանաչված արվեստագետներ՝ դաշնակահար, կոմպոզիտոր Ալեքսեյ Կուրբատովին (Ռուսաստան), շեփորահար Ռամ Օրենին (Իսրայել): Նրանց հետ էր մեր իսրայելաբնակ հայրենակից, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը: Մեր զրուցակիցները հայտնեցին, թե իրենց համար պատիվ է բեմ բարձրանալ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, մանավանդ որ, վերջինիս ընթացիկ համերգաշարը նվիրված է Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին: Համերգը կղեկավարի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը: Ռամ Օրենը հայտնեց, որ հայ արվեստը, մասնավորապես՝ երաժշտական, սկսել է խորը ուսումնասիրել դեռեւս 30 տարի առաջ, երբ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ ձայնագրել է հայ կոմպոզիտորի ստեղծագործություն, իր խոսքերով՝ աշխարհի հայտնի շեփորահարների համերգային ծրագրերում մշտապես տեղ գրաված Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի եւ նվագախմբի կոնցերտը: Հետաքրքրությանը՝ հեղինակը լսե՞լ է այդ կատարումը, շեփորահարը պատասխանեց. «Նուբար Ասլանյանը կապվել էր Ալեքսանդր Հարությունյանին եւ իր գոհունակությունը հայտնել՝ հարությունյանական կոնցերտի իմ մեկնաբանության առիթով: Ցավոք, այդպես էլ չստացվեց պարոն Հարությունյանի հետ իմ հանդիպումը, բայց Ասլանյանն ինձ փոխանցեց, որ հեղինակը գոհ է մնացել՝ լսելով ձայնագրությունը»: Ինչ վերաբերում է հունվարի 30-ին Ազգային օպերային թատրոնում կայանալիք համերգին, Ռամ Օրենը հանդես է գալու Նուբար Ասլանյանի «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի (համաշխարհային պրեմիերա) կատարումով: Երաժիշտն ասում է. «Հուսով եմ, որ առաջիկա այցերիցս մեկի ժամանակ Հայաստանում կհնչեցնեմ Հարությունյանի Շեփորի կոնցերտը, որի մասին երազել եմ»: Նա հավելեց նաեւ, որ երբ ծանոթանում էր Հարությունյանի կոնցերտին, իր ականջին մեղեդին հնչում էր իբրեւ հրեա կոմպոզիտորի գործ. «Նորություն չէ, որ մեր ժողովուրդներին կապում է ոչ միայն ցեղասպանության փաստը, այլեւ աշխարհում գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում մեր մասնագետների ընդունված լինելը»: Ալեքսեյ Կուրբատովն էլ Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի սեփական ստեղծագործությունը՝ Դաշնամուրի երկրորդ կոնցերտը նվագախմբի հետ՝ Դավիթ Մնացականյանի թեմաներով: Իմիջիայլոց, Դավիթ Մնացականյանը ժամանակին ստեղծագործական ուղին սկսել է Երեւանում՝ որպես Օհան Դուրյանի ղեկավարած հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար: Հետագայում, իբրեւ դիվանագետ, շուրջ 40 տարի ներկայացրել է Ռուսաստանը Ավստրիայում, Գերմանիայում, Հնդկաստանում եւ Շվեդիայում, ունի ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանորդի կարգավիճակ: Դավիթ Մնացականյանը աշխատանքին զուգահեռ՝ ստեղծագործել է եւ իր կոմպոզիցիաները հնչեցրել հայտնի մենակատարների ու նվագախմբերի մեկնաբանությամբ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այն երկրներում, որտեղ դիվանագիտական գործունեություն է ծավալել: «Կոլեգաս՝ դաշնակահար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը միտք հուշեց Դավիթ Մնացականյանի թեմաներով դաշնամուրային կոնցերտ գրելու մասին: Կոնցերտում օգտագործել եմ Դավիթ Մնացականյանի մեղեդիները: Կարծում եմ՝ Հայաստանում առաջին անգամ հնչող այս երկը ունկնդիրը պետք է որ ջերմ ընդունի, քանի որ ըստ իս՝ այստեղ օրգանապես միաձուլվում են թեմատիկ նյութի ջերմությունն ու անմիջականությունը եւ, իհարկե, դաշնամուրային կոնցերտի նվաճումները: Կոնցերտի առաջին կատարողը դարձավ Գինդինը՝ Մոսկվայում, 2013թ., այն հնչեցնելով «Ռուսսկայա ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, ամերիկացի դիրիժոր Անդրիս Պոգայի ղեկավարությամբ»,- հայտնեց Ալեքսեյ Կուրբատովը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Leave a Comment