Հայուհի տատիկի “ներդրումը” Պենդերեցկու կարիերայում

January 21st, 2014
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «Արահետներ լաբիրինթոսի միջով» (ռեժիսոր՝ Հոլմ Թակկեն) վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ կավարտվի լեհ ականավոր կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 80-ամյակին նվիրված, հունվարի 13-ից մեկնարկած համերգաշարը: Այս օրերին երեւանյան համերգասրահներում հնչեցին կոմպոզիտորի գործիքային, կամերային, սիմֆոնիկ ստեղծագործություններն ու կինոերաժշտությունը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Երիտասարդական, Կամերային նվագախմբերի, «Հովեր» երգչախմբի, արտերկրյա եւ հայաստանցի երաժիշտների մեկնաբանմամբ: «Առավոտի» հետ զրույցում ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Կարմեն Թոսունյանը (լուսանկարում՝ Պենդերեցկու հետ) հիշեցնելով, որ կոմպոզիտորի երրորդ այցն է Հայաստան, ասաց. «Երաժիշտներիս ու հանդիսատեսի համար միանշանակ մեծ պատիվ է կատարել լեգենդար կոմպոզիտորների ստեղծագործությունները, այն էլ նրանց ղեկավարությամբ: Մանավանդ որ, Պենդերեցկու դեպքում, դրանք ստեղծվել են հոգեւոր երաժշտության հենքի վրա: Ասվածի վկայությունն է «Դավթի սաղմոսները», «Հոգեհանգստյան պատարագը», «Լեհական ռեքվիեմը», «Օրհներգ սուրբ Դանիելին», «Չարչարանքներ ըստ սուրբ Ղուկասի» եւ այլ ստեղծագործություններ»: Ջութակահարը նշեց, որ կոմպոզիտորի ստեղծած արժեքներն արտահայտում են իր ապրած ժամանակները՝ սկսած երիտասարդ տարիքից. «Իհարկե, մեծանուն շատ արվեստագետներ, անկախ տվյալ ժամանակի թելադրանքից, իրենց արվեստով անդրադարձել են աշխարհում կայացած դրական կամ նեգատիվ այս կամ այն իրադարձություններին: Սակայն ուսումնասիրելով Պենդերեցկու գործունեությունը, ակնհայտ է, որ ցանկացած խոշոր իրադարձություն իր արտացոլումն է գտել նրա երկերում: Օրինակ, Հիրոսիմայի զոհերի հոգեհանգստի համար գրված պատարագը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 40-ամյակին նրա ստեղծած մեծակտավ գործը եւ այլն: Հիմա էլ կոմպոզիտորն աշխատում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մեծակտավ երկի վրա»: Տարածված այն կարծիքին, թե Պենդերեցկին հաճախ չի ուրիշի վստահում իր ստեղծագործությունների առաջին կատարումը, Կարմեն Թոսունյանը նախ տեղեկացրեց, որ իբրեւ կոմպոզիտոր նրա առաջին հրապարակային ելույթը միջազգային մակարդակով կայացել է 26 տարեկանում, Վարշավայում՝ համաշխարհային փառատոնի շրջանակներում, իբրեւ դիրիժոր էլ՝ 39-ում, ապա ասաց. «Իր երկերի առաջին կատարումների մեծ մասը ղեկավարել են աշխարհահռչակ դիրիժորներ, այդ թվում՝ Զուբին Մեթան, Լորին Մազելը, Մարիս Յանսոնը, Շառլ Դյուտուան, Վոլֆգանգ Սաղարիչը, Մարիս Յանսոնսը եւ այլն: Իսկ գործիքային ստեղծագործությունների առաջին կատարողներն են հանդիսացել հայտնի երաժիշտներ՝ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը, ջութակահարներ Իսահակ Ստերնը, Աննե Սոֆի Մութերը, դաշնակահար Լամբերտ Օրքիսը, ալտահար Յուրի Բաշմետը, ֆլեյտահար Ժան-Պիեռ Ռամպալը…»: Կոնցերտմայստերը հիացմունքով խոսեց Պենդերեցկու օպերաների («Ուբու արքա», «Սեւ դիմակ», «Կորուսյալ դրախտներ» եւ այլն), խորհուրդ տալով, որ դրանց հատվածաբար կարելի է ծանոթանալ համացանցում: Նաեւ ցանկություն հայտնեց, թե լավ կլիներ, որ արմատներով հայ կոմպոզիտորի որեւէ օպերա բեմադրվեր Հայաստանում: Կարմեն Թոսունյանը նկատեց. «Հնարավոր է, որ այսօր նա չդառնար աշխարհահռչակ Պենդերեցկի, եթե մանուկ ժամանակ հայուհի տատիկի ձեռքը բռնած մշտապես չգնար հայկական եկեղեցի պատարագ ունկնդրելու»:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
Հայուհի տատիկի "ներդրումը" Պենդերեցկու կարիերայում, 5.0 out of 5 based on 1 rating

Tags:.

spacer

Leave a Comment