Archive for October 11th, 2017

ՅՈՒՆԵՍԿՈ-ի Խաղաղության արտիստ Էլիսո Բոլկվաձեն համերգային գործունեությունը զուգահեռում է հասարակականին

October 11th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Էլիսո Բոլկվաձեն Հայաստանում է 11-րդ երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում փարիզաբնակ վրաց դաշնակահարուհի Էլիսո Բոլկվաձեի դափնիների «հավաքածուում», բացի մասնագիտական միջազգային մրցանակներից, տեղ են գտել նաեւ 2015թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Artist of Peace կոչումը, որին արժանացել է մշակութային եւ մարդու իրավունքների պաշտպանական միջոցառումներին գործուն մասնակցություն ունենալու եւ Ֆրանսիայի կառավարության Chevalier des Arts et Letters պարգեւը՝ Վրաստանի ու Ֆրանսիայի միջեւ մշակութային կապերի զարգացմանը նպաստելու համար: «Առավոտի» հետ զրույցում Էլիսո Բոլկվաձեն հիշեց 1997թ. սկիզբ առած պատերազմը, ցավով նշեց, որ, իր խոսքերով՝ «Այդ տարիներին մարդիկ ոչ միայն մահանում էին ֆիզիկապես, այլեւ հոգեպես: Եվ էլ ինչ ստեղծագործական կյանքի մասին կարող էր խոսք գնալ: Իհարկե, ոչ պատերազմում, բայց ստեղծված իրավիճակում զոհ գնաց նաեւ հայրս՝ Զաուր Բոլկվաձեն, որն աշխատում էր հանրահայտ մոսկովյան «Կրոկոդիլ» ամսագրի թբիլիսյան մասնաճյուղում՝ որպես լրագրող: Իհարկե, մինչ այդ քաղաքական իրադարձությունները, մասնակցել էի մի քանի միջազգային մրցույթների, օրինակ՝ 14 տարեկանում մասնակից էի Լայպցիգում Բախի մրցույթին… Իսկ ընդհանրապես, առաջին բեմելս կայացել է 7 տարեկանում: Հորս մահն ու պատերազմական տարիների սկիզբը 1997թ. համընկան հերթական, այս անգամ Ավստրիայում կայացած մրցույթի հետ:

Տարբեր երկրներում եմ ապրել՝ Ավստրիա, Ֆրանսիա, հետո կրկին Ավստրիա: Այս պահին Փարիզում եմ, բայց աշխատել եմ օգտակար լինել հայրենիքիս»: Մեր զրուցակիցն ասածը հիմնավորեց այսպես. «2013թ. Վրաստանում հիմնել եմ «Lyra» հիմնադրամը՝ տաղանդավոր երիտասարդներին սատարելու նպատակով, ապա հիմնադրեցի Բաթումի միջազգային երաժշտական փառատոնը: Այս կազմակերպչական աշխատանքները զուգահեռել եմ հյուրախաղային գործունեությամբ: Հանդես եմ եկել մենահամերգներով, այդ թվում՝ նաեւ նվագախմբերի ընկերակցությամբ՝ Եվրոպայում, Ասիայում եւ Ամերիկայում: Համագործակցել եմ Չեխիայի, Ֆրանսիայի, Քաթարի, Սանկտ Պետերբուրգի եւ այլ նվագախմբերի հետ, մի շարք բարեգործական համերգներ եմ ունեցել Վրաստանում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, EMMA for Peace հիմնադրամի հրավերով մասնակցել եմ Վարշավայում կայացած Խաղաղության Նոբելյան մրցանակի 13-րդ գագաթաժողովին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի սրահում՝ Sergio Vieira De Mello Foundation կոնֆերանսին»: Հետաքրքրվեցինք՝ շփվո՞ւմ է հայ գործընկերների հետ եւ համերգային ծրագրերում ներկայացնո՞ւմ է հայ հեղինակների:

Դաշնակահարուհին ասաց, որ դեռեւս հայ հեղինակի եւ ոչ մի ստեղծագործություն չի հնչեցրել, սակայն դա չի նշանակում, որ չգիտի Կոմիտասին, Խաչատրյանին եւ մյուս հայ երեւելիներին: «Շատ շուտով Փարիզում կկայանա համերգ, որի կազմակերպիչը իմ «Lyra» հիմնադրամն է եւ կայանալիք երեկոյին կմասնակցի նաեւ ախալքալաքաբնակ ձեր հայրենակիցը՝ 11-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Անահիտ Ստերմաշովան: Վերջերս նա մասնակցեց նաեւ Բաթումի միջազգային երաժշտական փառատոնին եւ ստացավ հատուկ մրցանակ ու 600 եվրո գումար»,- հայտնեց արվեստագետը: Էլիսո Բոլկվաձեն 11-րդ երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի ընկերակցությամբ հանդես կգա Բեթհովենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտի մեկնաբանմամբ: Զրույցի ընթացքում դաշնակահարուհին կատակեց. «Երբ պատրաստվում էինք երեւանյան համերգին, մայրս ասաց՝ գուցե քեզ մտաբերեն, չէ՞ որ դու 1979թ. հանդես ես եկել հենց Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում Վրաստանի կենտրոնական երաժշտական դպրոցի մի քանի սաների հետ: Իսկապես, մայրս համոզված էր դրանում, քանի որ ես էլ եմ հիշում, թեեւ 12 տարեկան էի, որ Լիստի «Տարանտելայի» կատարումից հետո չէին թողնում ինձ բեմից հեռանալ»:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer