Archive for October, 2017

«Մեծանուն արվեստագետները խոցելի են»

October 30th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

«Առավոտը» Օհան Դուրյանի 90-ամյա հոբելյանի առիթով նրա տիկնոջից հետաքրքրվել էր (12.20.2012թ.)՝ ինչու պետական որեւէ միջոցառում չկայացավ, դիրիժորի այրին՝ տիկին Ալիսը, ընդամենը պատասխանել էր, որ ամուսնու հոբելյանը նշել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ազգային գրադարանը եւ էլի մի քանի դպրոցներ ու քոլեջներ: Այսօր` հինգ տարի անց, փաստորեն, մաեստրոյի հոբելյանի հետ կապված պատմությունը կրկնվում է: Այս տարի արվեստագետը կդառնար 95 տարեկան, եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 27-ին կայանալիք համերգով առայժմ միակն է, որ կնշի դիրիժորի հոբելյանը:

Ժամանակին մենք քանիցս տարբեր առիթներով զրուցել ենք, ներկայացրել Օհան Դուրյանի ոչ միայն ստեղծագործական ուղին, այլեւ նրա տարեկից ու երիտասարդ գործընկերներից ստացել մաեստրոյի անվան շուրջ պտտվող տարաբնույթ խոսակցությունների պատասխանները: Օրինակ, ի պատասխան մեր հարցի (04.11.2001թ.), թե, այնուամենայնիվ, կոնֆլիկտներ եղե՞լ են իր եւ դիրիժորի միջեւ, Գոհար Գասպարյանը պատասխանել էր. «Իրավացի եք, եղել են: Տարիների բարձունքից այժմ ես դա դիտում եմ որպես հրեշտակների երկխոսություն, եթե համեմատենք օպերային թատրոնում այսօր տեղի ունեցող կոնֆլիկտների հետ…»: Կամ` հաճախ չէ, որ մեծանուն արվեստագետը իր երիտասարդ կոլեգային ընծա է անում, այն էլ ընտանեկան «գանձարանից»:

Մեզ հետ զրույցում օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանը հայտնել էր, որ մաեստրոյի այրին եւ Դուրյան ընտանիքի բարեկամ՝ մասնագիտությամբ բժիշկ Վահան Վարդապետյանը, իրեն նվիրել են Դուրյաններին պատկանող հնաոճ շքեղ զարդ՝ թանկարժեք քարերով (12.20.2012թ.): Այս առիթով տիկին Ալիսն էլ պարզաբանել էր, թե այդ զարդը երգչական կարիերայի սկզբից եղել է թալիսման եւ ուղեկցել իրեն յուրաքանչյուր բեմելիս, սակայն «Մագդան արժանացել է ոչ միայն օպերային դիվա Ելենա Օբրազցովայի, այլեւ դիրիժորներ Մարիո Մերիգոյի, Ջուզեպպե Սաբատինի, նույնիսկ Պավարոտիի բարձր գնահատականին: Եվ թող որ այս զարդը նրան բերի նաեւ անձնական երջանկություն…»: Վերջերս էլ մի երաժիշտ (հարգելով նրա արվեստը՝ անունը չենք նշում) որոշ լրատվամիջոցներում ու Ֆեյսբուքում գրում է՝ իբր այլ մեծանուն երաժիշտների թվում Դուրյանին, մինչ 2011թ. մահկանացուն կնքելը, «վռնդել են Հայաստանից»: Այս առիթով մեզ հետ զրույցում Էդուարդ Թոփչյանը, որը, կարճ ժամանակահատված ուսանելով Դուրյանի ղեկավարությամբ, այնուամենայնիվ, համարում է նրան իր պրոֆեսորներից մեկը, ասաց. «Արվեստագետները, մանավանդ մեծանուն, խոցելի են: Նրանց հետ անհրաժեշտ է նուրբ վարվել: Ես Դուրյանի դեպքում «վռնդել» բառը չէի գործածի, բայց, անկասկած, մաեստրոյի անվան շուրջ ժամանակին եղան անհեթեթ ոչ միայն խոսակցություններ, այլեւ որոշումներ: Օրինակ, հայտարարվեց, թե Օհան Դուրյանը նշանակվում է օպերային թատրոնի ցմահ գլխավոր դիրիժոր եւ այլն, եւ այլն: Այո, նրան մեկուսացրին, սխալ է նման երաժիշտների հետ նման վարվելաոճը: Ի վերջո, Դուրյանը Դուրյան էր»: Ապա հավելեց. «Նրա ղեկավարությամբ ես սովորել եմ ամենակարեւորը՝ երաժշտությանը մոտենալ գերագույն լրջությամբ»:

Դիտարկմանը, թե ի վերջո գալիս է տարիք, երբ նույնիսկ աշխարհահռչակ արտիստը պետք է հեռանա բեմից, Թոփչյանը պատասխանեց. «Դիրիժորը մտածող է, փիլիսոփա: Եվ ինչքան էլ նա հասունանում է, տարիքն առնում է, այնքան իմաստնանում է: Դուրյանի հոբելյանին նվիրված համերգում ընդգրկել եմ Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան»: Եթե չեմ սխալվում, առաջին անգամ հայրենիք վերադառնալուն պես Դուրյանը այդ սիմֆոնիան է ղեկավարել»: Մեր զրուցակիցը նշեց, որ 1922թ. Երուսաղեմում ծնված պատանին երիտասարդ տարիքում մեկնում է Եվրոպա, զարմացնում իր ֆենոմենալ հիշողությամբ, խորը ու զգայուն երաժշտականությամբ: Վերադառնալով հայրենիք՝ մինչեւ 1950-ականները մոտ 5 տարի Դուրյանը ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, ապա մեկնել Եվրոպա, 1962-67թթ. հանդես է եկել Լայպցիգի հռչակավոր Gewandhaus նվագախմբի հետ. «Կայացած 15 համերգները, որոնց ժամանակ դիրիժորը չի օգտագործել ոչ պարտիտուր, ոչ դիրիժորական փայտիկ, դառնում են գերմանական երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն: Մամուլում նրան համեմատում են Բերնշտայնի, Կարայանի, Տոսկանինիի, Նիկիշի եւ մյուս հանճարների հետ: Հակիրճ չեմ կարող խոսել, նա աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ, իբրեւ օպերային դիրիժոր էլ, ասում են՝ Դուրյանի գլուխգործոցն էր նրա ղեկավարությամբ 60-ականներին Լայպցիգի օպերային թատրոնում ընթացող «Դոն Կառլոս» օպերան: Չմոռանամ, որ 1998-2001թթ. մաեստրոն հանդիսացել է Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: Այո, նա վիրավորված հեռացավ Ռուսաստան, Մոսկվայում հանդես եկավ մի շարք համերգներով, ավելի ուշ վերադարձավ Հայաստան…»:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանի հարցազրույցը

October 16th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

«Առավոտը» հյուրընկալել էր առաջին անգամ հայրենիք այցելած կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանին, ով 1971թ. իր ստեղծած Yessian Music ընկերության, 1990-ականներից էլ որդիների՝ Բրայնի եւ Մայքլի համագործակցությամբ դարձել է ԱՄՆ-ի եւ աշխարհի պահանջված ու նորարարական կազմակերպություններից մեկը, որն իր գրասենյակներն ու ստուդիաներն ունի տարբեր երկրներում: Այս ընկերությունն արդեն մի քանի տասնամյակ երաժշտություն է ապահովում հանրահայտ United Airlines, Coke, Disney, Ford, McDonalds գործակալությունների համար: Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ այսքան ուշ այցելեց հայրենիք, մեր զրուցակիցը նշեց, թե ծնվել ու մեծացել է Դեթրոյթում, հետո ընկավ հիշողությունների գիրկը. «Դպրոցում ուսանելու առաջին տարիներին մայրս չէր մոռանում գրքերի կողքին տեղավորել նաեւ նախաճաշ: Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ էր. տոլմա կամ հայկական մեկ այլ ուտեստ: Իսկ հիմա պատկերացրեք՝ մի միջավայրում, որտեղ երեխաների պայուսակներում միայն ամերիկյան լանչեր են, ինձ մոտ՝ նրանց համար մի էկզոտիկ կերակուր….: Հաճախ էի մորս հարցնում, թե ինչո՞ւ ինձ չի տալիս ամերիկյան ուտելիք: Ի պատասխան՝ նա երգում էր հայկական հոգեւոր երգեր, այդ թվում՝ հատվածներ Եկմալյանի Պատարագից: Իհարկե, ես հետո-հետո, շա՜տ հետո հասկացա, թե ի՜նչ մեծ նշանակություն ունեցավ մորս՝ ինձ տված հոգեւոր սնունդը: Չէ, ես այդքան սենտիմենտալ չեմ, բայց պիտի խոստովանեմ, որ երբ մարդ տարիքն առնում է, ուզում է ոչ միայն ուսումնասիրել իր ակունքները, այլ պարզապես ետ գնալ ու մխրճվել իր արմատներում: Դա էլ գիտեք, չէ՞, ինչից է գալիս: Երբ մեծանում ես, շա՜տ ժամանակ ունես մտածելու»:

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ երաժիշտը մինչեւ 16 տարեկան, իր ձեւակերպմամբ՝ լինելով ամերիկյան մշակույթում, փնտրել է հայկական երաժշտության արտահայտչամիջոցներ: «16 տարեկանում իսկապես հիանալի տիրապետում էի կլարնետին ու այդ ժամանակ հրավեր ստացա մի հայկական ֆոլկ խմբից, որի փորձառու երաժիշտներն ինձ միանգամից ասացին՝ լսել ենք՝ ինչպես ես կլարնետ նվագում: Իսկ եթե վիրտուոզ կլարնետահար ես, ապա ենթադրում ենք, որ հայկական երաժշտությունից հեռու չես լինի: Այդ խմբի նվագացանկում ամերիկյան ու հայկական ստեղծագործություններ էին: Կարճ ասեմ՝ նրանք ինձ սովորեցրին հայկական երաժշտարվեստ,- հիշեց կոմպոզիտորն ու հավելեց.- կրկնում եմ՝ 16 տարեկան էի: Եվ այդ ժամանակ էլ հայերն ինձ սովորեցրին սիգար ծխել: Թեեւ իրենք խմիչք շատ էին օգտագործում, բայց ինձ պարզապես արգելում էին»: Հետո մեր զրուցակիցն էլ ավելի հեռու գնաց. «Նախնիներս եղեռնից հետո Թուրքիայից տեղափոխվել են Հունաստան, որտեղ ծնվել եմ ես, այնուհետեւ Կուբա: Վերջին հանգրվանը Ամերիկան էր:

Թեեւ հարցազրույցների մեծ փորձ ունեմ, բայց, չգիտես ինչու, մոռացա ամենակարեւորը. երաժշտական իմ, բառի իսկական իմաստով՝ ամեն ինչը, ինչպես կուզեք անվանեք, ժառանգել եմ մորիցս: Նա տարիներ շարունակ երգել է Միչիգանի «Կոմիտաս» երգչախմբում: Դեռեւս այդ ժամանակվանից էր, որ իմ ներսում դրոշմվեց Եկմալյանի Պատարագը, որտեղից հատվածներ մինչեւ այժմ էլ ոչ թե երգում, այլ կատարում է 93-ամյա մայրս…»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետո էլ մենախոսեց. «Ի վերջո երաժշտությունն ինձ բերեց հայրենիք՝ Հայաստան: Այս միտքս ընդունեք այսպես, ուղիղ… Կարծես տուն եմ եկել: Իսկ եկել եմ ոչ միայն նախնիներիս, ընտանիքիս, այլեւ համայն հայությանը, ինչու չէ՝ աշխարհին ձոնածս ստեղծագործությամբ, որը, թերեւս, գրել էի դեռեւս երեք տարի առաջ, բայց ի սկզբանե մտածում էի համաշխարհային պրեմիերան իրականացնել Հայաստանում: Մի գերագույն ցանկությունս կատարվեց. եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Հայկական եռապատումը» իսկապես բարձրարվեստ հնչեցրին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ մեներգիչ Տիգրան Պետրոսյանը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ընդ որում, ստեղծագործությանս կնքահայրը Միչիգանի հայկական եկեղեցու հոգեւոր հովիվն է, որի առաջարկով եմ գրել այն»:

© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)

spacer

ՅՈՒՆԵՍԿՈ-ի Խաղաղության արտիստ Էլիսո Բոլկվաձեն համերգային գործունեությունը զուգահեռում է հասարակականին

October 11th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Էլիսո Բոլկվաձեն Հայաստանում է 11-րդ երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում փարիզաբնակ վրաց դաշնակահարուհի Էլիսո Բոլկվաձեի դափնիների «հավաքածուում», բացի մասնագիտական միջազգային մրցանակներից, տեղ են գտել նաեւ 2015թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Artist of Peace կոչումը, որին արժանացել է մշակութային եւ մարդու իրավունքների պաշտպանական միջոցառումներին գործուն մասնակցություն ունենալու եւ Ֆրանսիայի կառավարության Chevalier des Arts et Letters պարգեւը՝ Վրաստանի ու Ֆրանսիայի միջեւ մշակութային կապերի զարգացմանը նպաստելու համար: «Առավոտի» հետ զրույցում Էլիսո Բոլկվաձեն հիշեց 1997թ. սկիզբ առած պատերազմը, ցավով նշեց, որ, իր խոսքերով՝ «Այդ տարիներին մարդիկ ոչ միայն մահանում էին ֆիզիկապես, այլեւ հոգեպես: Եվ էլ ինչ ստեղծագործական կյանքի մասին կարող էր խոսք գնալ: Իհարկե, ոչ պատերազմում, բայց ստեղծված իրավիճակում զոհ գնաց նաեւ հայրս՝ Զաուր Բոլկվաձեն, որն աշխատում էր հանրահայտ մոսկովյան «Կրոկոդիլ» ամսագրի թբիլիսյան մասնաճյուղում՝ որպես լրագրող: Իհարկե, մինչ այդ քաղաքական իրադարձությունները, մասնակցել էի մի քանի միջազգային մրցույթների, օրինակ՝ 14 տարեկանում մասնակից էի Լայպցիգում Բախի մրցույթին… Իսկ ընդհանրապես, առաջին բեմելս կայացել է 7 տարեկանում: Հորս մահն ու պատերազմական տարիների սկիզբը 1997թ. համընկան հերթական, այս անգամ Ավստրիայում կայացած մրցույթի հետ:

Տարբեր երկրներում եմ ապրել՝ Ավստրիա, Ֆրանսիա, հետո կրկին Ավստրիա: Այս պահին Փարիզում եմ, բայց աշխատել եմ օգտակար լինել հայրենիքիս»: Մեր զրուցակիցն ասածը հիմնավորեց այսպես. «2013թ. Վրաստանում հիմնել եմ «Lyra» հիմնադրամը՝ տաղանդավոր երիտասարդներին սատարելու նպատակով, ապա հիմնադրեցի Բաթումի միջազգային երաժշտական փառատոնը: Այս կազմակերպչական աշխատանքները զուգահեռել եմ հյուրախաղային գործունեությամբ: Հանդես եմ եկել մենահամերգներով, այդ թվում՝ նաեւ նվագախմբերի ընկերակցությամբ՝ Եվրոպայում, Ասիայում եւ Ամերիկայում: Համագործակցել եմ Չեխիայի, Ֆրանսիայի, Քաթարի, Սանկտ Պետերբուրգի եւ այլ նվագախմբերի հետ, մի շարք բարեգործական համերգներ եմ ունեցել Վրաստանում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, EMMA for Peace հիմնադրամի հրավերով մասնակցել եմ Վարշավայում կայացած Խաղաղության Նոբելյան մրցանակի 13-րդ գագաթաժողովին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի սրահում՝ Sergio Vieira De Mello Foundation կոնֆերանսին»: Հետաքրքրվեցինք՝ շփվո՞ւմ է հայ գործընկերների հետ եւ համերգային ծրագրերում ներկայացնո՞ւմ է հայ հեղինակների:

Դաշնակահարուհին ասաց, որ դեռեւս հայ հեղինակի եւ ոչ մի ստեղծագործություն չի հնչեցրել, սակայն դա չի նշանակում, որ չգիտի Կոմիտասին, Խաչատրյանին եւ մյուս հայ երեւելիներին: «Շատ շուտով Փարիզում կկայանա համերգ, որի կազմակերպիչը իմ «Lyra» հիմնադրամն է եւ կայանալիք երեկոյին կմասնակցի նաեւ ախալքալաքաբնակ ձեր հայրենակիցը՝ 11-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Անահիտ Ստերմաշովան: Վերջերս նա մասնակցեց նաեւ Բաթումի միջազգային երաժշտական փառատոնին եւ ստացավ հատուկ մրցանակ ու 600 եվրո գումար»,- հայտնեց արվեստագետը: Էլիսո Բոլկվաձեն 11-րդ երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի ընկերակցությամբ հանդես կգա Բեթհովենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտի մեկնաբանմամբ: Զրույցի ընթացքում դաշնակահարուհին կատակեց. «Երբ պատրաստվում էինք երեւանյան համերգին, մայրս ասաց՝ գուցե քեզ մտաբերեն, չէ՞ որ դու 1979թ. հանդես ես եկել հենց Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում Վրաստանի կենտրոնական երաժշտական դպրոցի մի քանի սաների հետ: Իսկապես, մայրս համոզված էր դրանում, քանի որ ես էլ եմ հիշում, թեեւ 12 տարեկան էի, որ Լիստի «Տարանտելայի» կատարումից հետո չէին թողնում ինձ բեմից հեռանալ»:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Երբ բեմում «դաշնամուրամարտ» է

October 5th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Արդյունքում շահում են հանդիսատեսն ու դասական երաժշտությունը
«Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում վաղը թեժ է լինելու. Ռախմանինովն ընդդեմ Շոպենի, Մոցարտն ընդդեմ Վագների, Բեթհովենն ընդդեմ Սեն—Սանսի, եւ, իհարկե, Արամ Խաչատրյան…
Այդ օրը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ տեղի կունենա «դաշնամուրամարտ» գերմանացի դաշնակահարներ Պաուլ Ցիբիսի եւ Անդրեաս Քեռնի մասնակցությամբ։ «Դաշնամուրամարտ» նախագծի շրջանակներում հայ հանդիսատեսը ներկա կգտնվի համաշխարհային պրեմիերայի, քանի որ առաջին անգամ է, որ դաշնակահարներն իրենց մարտին մասնակից են դարձնելու նաեւ նվագախմբին եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանին։ Ի դեպ, համագործակցության այսպիսի ձեւաչափի գաղափարը ծնունդ է առել դեռեւս 2014թ. նոյեմբերին՝ «Piano Battle»—ի առաջին երեւանյան համերգից հետո։
Ինչպես ցանկացած մարտում, այնպես էլ՝ այս դեպքում կլինի հաղթող եւ պարտվող։ Արդյունքները կորոշեն ունկնդիրները հատուկ քվեարկության միջոցով. բոլորը կունենան երկկողմանի՝ սեւ եւ սպիտակ քվեաթերթիկներ, որոնց միջոցով էլ ձայն կտան իրենց նախընտրած դաշնակահարին։
Այս տարի նշվում է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը։ ՀՀ—ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ «Դաշնամուրամարտը» լինելու է հոբելյանական տարվա ընթացքում իրականացված մեծածավալ եւ հետաքրքիր մշակութային միջոցառումների շարքի բարձրակետը։ «Միջազգային հարթակում կայացած եւ ճանաչված երկու դաշնակահարները ելույթ կունենան Երեւանի պահանջկոտ հանդիսատեսի առջեւ։ Նրանք բեմում լինելու են մրցակիցներ, իսկ թե ով է հաղթելու, կորոշի հայ հանդիսատեսը»,–ընդգծեց բարձրաստիճան դիվանագետը՝ հիշեցնելով, որ նման ձեւաչափով երեք տարի առաջ տեղի ունեցած համերգը կազմակերպվել էր բրիտանական կողմի հետ միասին։ Մ. Քիսլերը նկատեց, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ չէ, որ համագործակցում են, եւ այս ձեւաչափով համերգի գաղափարը նույնպես մեծ ոգեւորությամբ է ընդունվել։ «Երեւանյան 11—րդ միջազգային երաժշտական փառատոնը հրաշալի երաժշտություն է մատուցում, բայց այս մեկն առանձնահատուկ է լինելու»,–վստահեցրեց նա։
Դաշնակահար Պաուլ Ցիբիսը եւ Անդրեաս Քեռնը հիմնականում նվագում են դասական երաժշտություն։ Դասական երաժշտության համերգի ժամանակ շոուի բաղադրիչներ ներմուծելով՝ նրանք փորձում են ավելի հրապուրիչ եւ հեշտ ընկալելի դարձնել դասական երաժշտությունը, քանի որ, Ա. Քեռնի կարծիքով, խնդիրը ոչ թե դասական երաժշտությունը ընկալելու դժվարությունն է, այլ մատուցման ձեւաչափը։ Արդյունքում 2009 թվականին բավականին ինքնաբուխ ձեւով ծնվեց «Piano battle»—ի գաղափարը։ Եթե սկզբում նրանք «մենամարտում» էին, ապա երկու տարի առաջ գաղափարը զարգացրին եւ որոշեցին, որ յուրաքանչյուր մրցափուլից հետո հաղթողին կարելի է հնարավորություն տալ հաջորդ կատարման ժամանակ ներգրավելու տարբեր գործիքային խմբեր որպես «զինատեսակներ»։
«Տարվա ընթացքում հանդես ենք գալիս մոտ 50 համերգներով։ Այսօր հաճույքով կրկին գտնվում ենք Հայաստանում, քանի որ նախորդ անգամ այն զգացողությունն ենք ունեցել, որ հայերը շատ են սիրում դասական երաժշտություն, եւ ձեր մեջ գնահատանքի զգացում կա դասական երաժշտության հանդեպ։ Այդ ամենը ոգեշնչել է մեզ կրկին վերադառնալու եւ հանդես գալու հայկական բեմում»,– ասաց դաշնակահարը։ Նշենք, որ ծրագրում ընդգրկված են նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, որոնք ներկայացվելու են տարբեր գործիքային մեկնաբանություններով։
Պաուլ Ցիբիսն էլ մանրամասնեց, որ երաժշտական մրցապայքարի ձեւաչափով ներկայացնելու են պատմություններ, որոնց մասնակից են դարձնելու նաեւ հանդիսատեսին։ «Ընդ որում, մենք ոչ միայն ձգտելու են նվաճել հանդիսատեսին եւ ստանալ արձագանքներ, այլեւ ստացած ազդակների հիման վրա զարգացնելու ենք հետագա երաժշտական մրցամարտը։ Մատուցելու ենք դասական երաժշտություն, որը պետք է լրջորեն մատուցվի եւ ընկալվի, բայց դրանք ընդմիջվելու են զվարճալի եւ աշխույժ իրադարձություններով»,–ասաց նա։
Համերգային ծրագիրը կազմելիս երաժիշտները հաշվի են առնում յուրաքանչյուր հյուրընկալ երկրի առանձնահատկությունները։ Խոսքը վերաբերում է ոչ թե դասականների ստեղծագործություններին, այլ երաժշտական կատարումների միջեւ եղած ընդմիջումներին, որոնք համեմված են հումորով եւ շոու ծրագրերին հատուկ այլ բաղադրիչներով։ Երեւանյան պրեմիերայի ժամանակ ներկայացվելու են հատվածներ դասականների հայտնի գործերից, քանի որ ձեւաչափը նոր է, եւ չեն ցանկացել ծանրաբեռնել հանդիսատեսին բարդ ստեղծագործություններով։ Այս նոր ձեւաչափով երկրորդ համերգը տեղի կունենա ԱՄՆ—ում։
Իսկ համերգի հումորային մասը կապահովի հաղորդավար Սերգեյ Սարգսյանը («ArmComedy»), ով նաեւ կփորձի որպես միջնորդ հանդես գալ երկու մրցակիցների միջեւ։ Նա նշեց, որ ծանոթացել է ծրագրին եւ հիացած է, թե որքան հավասարակշռված են մատուցված դասական երաժշտությունն ու խաղը։ «Մեծ բավականություն կստանան թե դասական երաժշտության երկրպագուները եւ թե լավ ժամանցի ակնկալիքով եկած հանդիսատեսը»,–ընդգծեց Ս. Սարգսյանը։
Համերգի կազմակերպիչները նշում են, որ համերգն ապահովված է նաեւ հետաքրքիր գունային եւ ձայնային լուծումներով։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հայաստանի հանրապետություն օրաթերթ
VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Խիտ գրաֆիկի մեջ անգամ Երևանի համար միշտ ժամանակ գտնում եմ. Ռուբեն Ահարոնյան

October 3rd, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հոբելյանական տոնակատարություններ նա չի սիրում: Ամենակարևորը նրա համար՝ լավ զգացողություն ունենալը և երաժշտությանը ծառայելն է:

Երևանյան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահը հյուրընկալեց անվանի ջութակահարին և իր ղեկավարած Բորոդինի անվան լարային քառյակին: Համերգը նվիրվեց Ռուբեն Ահարոնյանին ծննդյան 70-ամյակին:

Լարային քառյակը համերգին կատարեց Շոստակովիչի թիվ 6 կվարտետը, որն իրենց ղեկավարի ամենից շատ սիրված գործերից է: Հնչեց նաև հազվադեպ հնչող Հուգո Վոլֆի սերենադը և Շուբերտի կվարտետը: Համերգի երկրորդ բաժնում Ռուբեն Ահարոնյանը հանդես եկավ որպես մենակատար ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

«Ես երբևէ չեմ կորցրել կապը Կոմիտասի անվան քառյակի հետ: Որդեգրել եմ այս քառյակի գեղարվեստական մոտեցումներն ու սկզբունքները»,- ասում է Ահարոնյանը:

Նրա համար Երևանը կա և մնում է սիրելի ու հարազատ քաղաք, ուր նա վերադառնում է ամեն տարի, եթե ոչ համերգով, ապա գոնե մի քանի օրով, ժամանակ գտնելով հյուրախաղերի և ձայնագրությունների իր խիտ գրաֆիկի արանքում:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer