Archive for July, 2017

Պուչինիի «Բոհեմ»-ով ֆիլհարմոնիկ նվագախումբն ամփոփում է համերգաշրջանը

July 26th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2016-2017թթ. համերգաշրջանն ամփոփում է Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայով: Առհասարակ համերգաշրջանը բավական հագեցած էր: Առնո Բաբաջանյանի «Սիրված երգերից» մինչև «Քեզ համար, Ազնավուր» համերգներ, բարեգործական համերգ` նվիրված ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին: Մայիսի 6-ին էլ Եվրամիության պատվիրակության հետ համատեղ կազմակերպվեց «Եվրոպան հանուն խաղաղության» նախագիծը: Համերգաշրջանը հագեցած էր նաև մշակույթի նախարարության  «Մշակութային կանգառ» նախաձեռնության համերգներով:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ամփոփում է 2016-2017թթ. համերգաշրջանը: Տարեսկզբից սկսած՝ համերգաշարը հագեցած էր հետաքրքիր նախագծերով, որոնցից առաջինը թերևս Առնո Բաբաջանյանի «Սիրված երգերի» երեկոն էր, որին մասնակցեցին օպերային և էստրադային լավագույն հայ կատարողները: Վերջիններիս՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու հաջորդ առիթն էլ հունիսի 1-ին և 2-ին կայացած  «Քեզ համար, Ազնավուր» համերգներն էին: Ապրիլի 10-ի բարեգործական համերգը նվիրված էր ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին: Համերգաշրջանի եզրափակիչ համերգները տեղի կունենան հուլիս 24-ին և 26-ին:

Օպերային 5 հանրահայտ մեներգիչներ՝ բարիտոն Ջանպիերո Ռուջջերին, սոպրանո Անի Յորենցը, բաս Վազգեն Գազարյանը, տենորներ Լիպարիտ Ավետիսյանն ու Դավիթ Բաբայանցը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարեն հայտնի արիաներ տարբեր օպերաներից երկուշաբթի օրը: Իսկ 2 օր անց՝ հուլիսի 26-ին՝ նշված մեներգիչներին կմիանան ևս մի քանիսը և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնեն Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերան՝ բոլորովին նոր բեմականացմամբ: Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը բավականին մեծ սպասելիքներ ունի նոր «Բոհեմից»:

Մեներգիչները կկրեն ֆրանսաբնակ մոդելավորողներ Վարդան և Գևորգ Թառլոյանների տրամադրած շքեղ հագուստները: Բեմականացման ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը:

Հայերենին չտիրապետելով՝ իտալացի բարիտոն Ջանպիերո Ռուջջերին փորձերի ընթացքում առանց թարգմանության է աշխատել ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի հետ: Այն ամենն, ինչ ասում էր Սուքիասը, չի թարգմանվել ինձ համար, բայց ես այդ ամենը հասկանում էի, քանի որ նա ինձ հետ խոսում էր արվեստի լեզվով՝ անկեղծացավ բարիտոնը:

«Բոհեմն այս անգամ իսկապես շատ յուրահատուկ է ստացվել, քանի որ շատ փոքր տարածության վրա պետք է ներկայացնենք: Շատ հաճելի է նաև նման կոստյումներով հանդես գալ և մեկ բեմում աշխատել հիանալի կոլեգաների հետ: Մեծ անհամբերությամբ եմ սպասում նաև մեր գալա համերգին»:

Հայրենիքում ելույթ ունենալը մեծ պատիվ է նաև գերմանաբնակ սոպրանո Անի Յորենցի համար: Եթե նրա անցյալ տարվա բեմական հագուստից բեմադրության ռժիսորը դժգոհ էր, ապա այս տարվա ներկայացման կոստյումները յուրահատուկ են ընտրված: 19-րդ դարի շունչը փոխանցող հագուստներն էլ ավելի կատարյալ կդարձնեն «Բոհեմը»: Բոհեմյան մթնոլորտ կտիրի նաև ներկայացումից առաջ: Թառլոյան եղբայրեների հագուստներով մանեկենները կշրջեն նախասրահում ու կդիմավորեն հյուրերին:

 
VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer