Archive for May 19th, 2017

Ֆենոմեններին էլ են «հրում» դեպի «Պառնաս»

May 19th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ իր հերթին է շնորհալիների առաջ «կանաչ լույս» վառել Միջազգային մամուլի բնորոշմամբ «Ռուսական դաշնամուրային դպրոցի նորագույն ֆենոմեն», 15-ամյա դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեեւը (լուսանկարում) «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 19-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) ընկերակցությամբ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգա Պրոկոֆեւի 3-րդ կոնցերտի մեկնաբանմամբ:

Օրեր առաջ առաջին անգամ Երեւանում հանդես եկող դաշնակահարի հայտագիրը իրարանցում է առաջացրել երաժիշտների եւ երաժշտասերների շրջանում: «Առավոտի» հետ զրույցում ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդ. Թոփչյանն ասաց, որ երիտասարդ արվեստագետի հետ առաջին անգամ ծանոթացել է եւ բեմ բարձրացել շուրջ 10 օր առաջ՝ Իտալիայում կայացած հեղինակավոր «International Piano Festival of Brescia and Bergamo»-ում եւ չնայած երիտասարդի հագեցած համերգային գրաֆիկին, իրեն հաջողվել է իրականացնել նրա հրավերը Հայաստան:

«Գործունեությանս ընթացքում շատ եմ հանդիպել ու համագործակցել տաղանդավոր, շնորհալի պատանի երաժիշտների հետ, բայց ռուս դաշնակահարը իսկապես բացառիկ երեւույթ է: Ծանոթ եմ նրա ստեղծագործական գործունեությանը, բայց երկար ժամանակ կպահանջվի նշելու նրա մասնակցությունը շուրջ 15 միջազգային մրցույթներին, ելույթները աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում ու փառատոներում՝ հայտնի նվագախմբերի հետ: Միայն ասեմ, որ երիտասարդը համագործակցել է Գերգիեւի, Սպիվակովի, Պարրայի, Լիսսի, Կոչանովսկու, Յամադայի, Տակաչ-Նագիի եւ այլ հանրահայտ դիրիժորների հետ: 2016թ. Master Performers ընկերությունը թողարկել է Մալոֆեեւի առաջին DVD ձայնագրությունը՝ կատարված Ավստրալիայի Griffith University Queensland Conservatorium-ում»,- տեղեկացրեց Էդուարդ Թոփչյանը:

Մեր հանդիսատեսը բազմիցս ունկնդրել է տաղանդավոր պատանի երաժիշտների, այդ թվում՝ Սպիվակովի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կրթաթոշակառուներին կամ՝ «Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների մրցույթի մասնակիցներին, սակայն ռուս պատանի դաշնակահարի անվան շուրջ լեգենդներ են հյուսվում: Դիրիժորից հետաքրքրվեցինք՝ թեեւ արվեստում համեմատություններ եւ զուգահեռներ անցկացնելը ճիշտ չէ, այնուամենայնիվ, իր կարծիքով, ո՞ր երաժշտի հետ կհամեմատեր Ալեքսանդր Մալոֆեեւին: Մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ «Միայն Եվգենի Կիսինի հետ»: Ֆենոմենը՝ ֆենոմեն, տաղանդը՝ տաղանդ, բայց արդեն շշուկներ են պտտվում, որ Մալոֆեեւի ստեղծագործական «կնքահայրերը» Սպիվակովն ու Գերգիեւն են: Էդուարդ Թոփչյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ինքը ունի՞ այդպիսի «սանիկ»: «Առաջին քայլերը նվագախմբիս հետ են սկսել վաղուց արդեն հեղինակավոր թատրոնների ու նվագախմբերի ցանկալի հյուրեր, օպերային երգիչներ Հովհաննես Այվազյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Դավիթ Բաբայանցը, Հասմիկ Թորոսյանը, ջութակահար Անուշ Նիկողոսյանը եւ ուրիշներ»,- հավաստիացրեց դիրիժորը:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer